Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2026 թ. խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով վարկեր ներգրավելու համար անհրաժեշտ ապահովման միջոցների չբավարարող մասի համար բյուջետային երաշխիքներ տրամադրելու և ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։
Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացումներ, ըստ որոնց՝
– խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Կառավարության կողմից 2026 թ. սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի արժեքը,
Կարդացեք նաև
– 2024 և 2025 թթ. տրամադրված վարկերի համար՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ 2026 թ. սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 6 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները, ընդ որում վարկերի մայր գումարի մարման համար սահմանված ժամկետների փոփոխության հնարավորությունից յուրաքանչյուր վարկառու կարող է օգտվել միայն 2024 կամ միայն 2025 թ. տրամադրված վարկերի համար,
– 2024 կամ 2025 թթ. տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները մինչև 6 ամիս լրացուցիչ ժամկետներով և վարկերի մայր գումարի մարման ժամկետները մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգելու դեպքում այդ վարկերի շրջանակներում տրամադրված բյուջետային երաշխիքների գործողության ժամկետները չեն երկարաձգվում։
Արդյունքում՝ ծրագրի շրջանակում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին, լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում, կտրամադրվեն բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ՝ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով, ինչպես նաև կմեղմվի վարկերի սպասարկման բեռը։
Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում 2021-2022 թթ. խաղողի և պտուղբանջարեղենի, իսկ 2023-2025 թթ. խաղողի մթերումների գործընթացներում առկա խնդիրները մեղմելու, գործընթացները բնականոն կազմակերպելու և մթերումներ իրականացնող տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրվել են բյուջետային երաշխիքներ։ Մինչև 2023 թ. տրամադրված բյուջետային երաշխիքները մարվել են սահմանված ժամկետներում, իսկ 2023, 2024 և 2025 թվականներին տրամադրված բյուջետային երաշխիքների մարումները կավարտվեն 2027 թ. ընթացքում և 2028 հունվար-մարտ ամիսներին։ 2023 թ. բյուջետային երաշխիքներ են տրամադրվել խաղող մթերող 3 կազմակերպության շուրջ 2․7 մլրդ դրամի չափով՝ 3 տարի 9 ամիս մարման ժամկետով, 2024 թ.՝ 4 կազմակերպության շուրջ 3․1 մլրդ դրամի չափով՝ 2 տարի 3 ամիս մարման ժամկետով, իսկ 2025 թ.՝ 6 կազմակերպության շուրջ 4․6 մլրդ դրամի չափով՝ 2 տարի 3 ամիս մարման ժամկետով։
Մեկ այլ՝ չզեկուցվող որոշմամբ էլ, խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար գրավի չբավարարող մասի մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք տրամադրելու կարգը։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Կառավարությունը շարունակում է հետևողականորեն աշխատել արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Վարչապետն ընդգծել է նաև, որ արտահանման մասին խոսելիս, հատկապես՝ սեզոնային գյուղմթերքի դեպքում, պետք է հաշվի առնել նաև զբոսաշրջությունը։ «Զբոսաշրջությունն էլ է արտահանում, որովհետև այն նույն միրգը, բանջարեղենը, որը զբոսաշրջիկը պետք է իր երկրում ձեռք բերեր, Հայաստանում է ձեռք բերում»,– ասել է երկրի ղեկավարը։
Վարչապետը գոհունակությամբ արձանագրել է, որ այս տարվա զբոսաշրջային հոսքերը թույլ են տվել իրավիճակը պահել կառավարելի. «Հատկապես խաղաղության միջավայրում և խաղաղության պայմաններում, կարծում եմ, Հայաստանի զբոսաշրջային ողջ պոտենցիալն օգտագործելու խոչընդոտներ չկան, և այս ուղղությամբ աշխատանքները հետևողականորեն պետք է շարունակենք»։
Կապահովվի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացումը. հատկացվել է ավելի քան 1 մլրդ դրամ
Կառավարության որոշմամբ կապահովվի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացումը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման/միջին նորոգման համար կատարել վերաբաշխում շուրջ 1 մլրդ 98 մլն ազար դրամի և ուղղել այդ ճանապարհահատվածների հիմնանորոգման/միջին նորոգման աշխատանքների և դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերմանը: Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 9.83 կմ, որից 9.63 կմ հիմնանորոգում և 0.2 կմ միջին նորոգում: Աշխատանքները նախատեսվում են ավարտել ընթացիկ տարում։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ խոսքը 14 դպրոց տանող ճանապարհների մասին է:
Վարչապետը թվարկել է այն դպրոցները, որոնց ճանապարհների մասով նախատեսվում նորոգման, հիմնանորոգման աշխատանքներ կատարել. Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր-Ամանոսի կրթահամալիր (ճանապարհի երկարությունը՝ 0.5 կմ), Նոր Եդեսիայի Ն. Շնորհալու անվ. միջնակարգ դպրոց (0.9 կմ), Սասունիկի միջնակարգ դպրոց (0.9 կմ), Թալին համայնքի Լուսակնի միջնակարգ դպրոց (0.6 կմ), Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատի Թ.Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոց (0.35 կմ), Լոռի մարզի Վանաձոր համայնքի Վանաձորի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց (0.4 կմ), Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոց (0.3 կմ), Տաշիր համայնքի Մեդովկայի միջնակարգ դպրոց (0.5 կմ), Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապսի միջնակարգ դպրոց (0.7 կմ), Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակների կրթահամալիր (1.34 կմ), Կապան համայնքի Սյունիքի կրթահամալիր (Վարդավանքի հիմնական դպրոցը միավորվելու է Սյունիքի կրթահամալիրին) (0.22 կմ), Գորիս համայնքի Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց (0.4 կմ), Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Չիվայի միջնակարգ դպրոց (1.817 կմ), Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքարի միջնակարգ դպրոց (0.7 կմ)։
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ինչպես խոստացել են, նորակառույց և հիմնանորոգված դպրոց տանող բոլոր ճանապարհները պետք է նորոգեն։
Անդրադառնալով կլաստերային դպրոցների կառուցմանը և տրանսպորտային ծախսերին՝ վարչապետը տեղեկացրել է, որ նախնական քննարկվում էր միայն տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու հարցը, սակայն ծնողների հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ փորձնական իրականացնել մի ծրագիր, որի շրջանակում որոշ տեղերում կտրամադրվի տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։
Անդրադառնալով աշակերտների առաջադիմության վերաբերյալ PISA միջազգային հետազոտությանը և դրա հետ կապված քննադատություններին, մասնավորապես՝ ընդդիմադիրների, Նիկոլ Փաշինյանը նշել է՝ այդ քննադատությունները կատարելապես անհասկանալի և անընդունելի են։
Այդ համատեքստում երկրի ղեկավարն անդրադարձել է 300 դպրոցի ծրագրին և հիշեցրել, որ դրանից հետո ևս 300 դպրոցի ծրագիր է սկսվելու, հետո՝ ևս 350. մոտ 700 դպրոց դեռ պետք է կառուցվի, հիմնանորոգվի, որպեսզի շատ թե քիչ կրթության հասանելիություն ապահովվի երեխաների համար: «Մենք դպրոց չենք բացում, մենք դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել։ Ինչպե՞ս կարող է 35 տարվա անկախություն ունեցող երկրում 1000 դպրոց կառուցելու կենսական անհրաժեշտություն լինել»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ուսուցիչների ատեստավորմանը՝ վարչապետը հավելել է նաև, որ անկախության տարիների ընթացքում ոչ ոք չի պահանջել, որ ուսուցիչներն աշխատեն իրենց հմտությունների զարգացման ուղղությամբ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սրանք հարցեր են, որոնց հետ առերեսվելու անհրաժեշտություն կա։ «Մենք գլոբալ գրագիտության խնդիր ունենք իմանալու՝ ինչ է պետությունը, ինչ է հասարակությունը, ինչ են միջազգային հարաբերությունները, ինչ է տնեսությունը, մշակույթը, ամեն ինչը»,–նշել է վարչապետը։
Արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ PISA նախաձեռնությանը մասնակցելը ՀՀ կառավարության որոշումն է եղել՝ համապատասխան տվյալներ ստանալու նպատակով։ Ըստ նրա՝ հետազոտության մասնակիցների 88 տոկոսը 10-րդ դասարանցիներ են եղել։ Նախարարի գնահատմամբ՝ PISA-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Կառավարության ծրագրով և կրթության ռազմավարությամբ իրականացված բոլոր քայլերը ճիշտ ուղղությամբ են։ «Մենք այդ իրավիճակը հասկացել ենք շատ վաղուց, և դրա համար են բոլոր փոփոխությունները նախաձեռնվել և իրականացվում՝ չնայած դիմադրությանը»,– ասել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նորություն չէ, որ այդտեղ առկա են լրջագույն խնդիրներ, որովհետև տարիներով մեր դպրոցը հիմնված է եղել անգիրի վրա. «Բնական գիտությունների կիրառականությունը ինչպե՞ս պիտի բարձր լիներ։ Մեր Կառավարությունն է, որ դպրոցներում լաբորատորիաներ է ստեղծում։ Ինչպե՞ս պիտի քիմիայի կամ ֆիզիկայի կիրառական գիտելիք ձևավորվեր, և աշակերտները հասկանային՝ ինչպես կիրառել այդ օրինաչափությունը, եթե համապատասխան պայմանները չկան»,– ասել է նախարարը՝ հավելելով, որ բոլոր ուղղություններով իրականացվող աշխատանքները թույլ են տալու, որ հաջորդ հետազոտությանը, որն իրականացվելու է 2029 թ.-ին, ուրիշ արդյունքներ արձանագրվեն։
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ շատ կարևոր է նաև, որ առկա խնդիրները ճիշտ ախտորոշվեն. «Եթե մեր հետագա քայլերում ինչ-որ բան փոխելու կամ լավարկելու կարիք կա, ապա այդ ուղղությամբ էլ ուշադիր լինենք։ Իսկապես կարևոր է, որ քննարկումները մասնագիտական լինեն»։
Կստեղծվի սպորտի ոլորտի միասնական և կենտրոնացված տեղեկատվական բազա
Կառավարությունն ընդունել է որոշում՝ սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման և սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրների մշակման, ներդրման ու վարման կարգի ֆինանսական ապահովման համար։ Որոշման նպատակն է սպորտի ոլորտի միասնական տվյալների բազայի ստեղծումը, որը կարող է աստիճանաբար դառնալ ոլորտի ռեգիստր և ծառայել վիճակագրության, քաղաքականությունների մշակման, որոշումների հիմնավորման, ֆինանսավորման գործընթացների, մոնիտորինգի և վերահսկողության համար։ Այն նաև կնպաստի համակարգի արդյունավետության բարձրացմանը՝ միաժամանակ ապահովելով կառավարման համակարգված և միջազգային ստանդարտներին համապատասխան թափանցիկ և արդյունավետ կառավարում։ Որոշման ընդունմամբ հնարավոր կդառնա կենտրոնացված թվային հարթակի ստեղծումը, որը կծառայի որպես պետական միասնական գործիք սպորտի ոլորտում տվյալների հավաքագրման և պահպանման համար, ինչը հնարավորություն կտա ապահովել պատշաճ թափանցիկությունն ու վերահսկողությունը։
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այդ նպատակով Կառավարությունը կհատկացնի 20,4 մլն դրամ։
«Սպորտի ուղղությամբ մեր անելիքներն ամրագրված են նաև Կառավարության նոր ծրագրում։ Դրա առաջնահերթ ուղղություններից է սպորտի ոլորտի կառավարման բարեփոխումը, որը չի կարող ընթանալ առանց թվայնացման պատշաճ գործընթացի և կառավարման տեղեկատվական համակարգերի ներդրման, որոնք նաև ոլորտային քաղաքականությունը կդարձնեն փաստահեն և տվյալահեն»,– ասել է նախարարը։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ներկայում սպորտի ոլորտում միասնական տվյալների շտեմարան և կառավարման տեղեկատվական համակարգ չկա և արդյունքում՝ ձևավորվող տեղեկատվությունը հաճախ մասնակի է, թերի կամ ժամանակին չի թարմացվում, ինչն ազդում է տվյալների ամբողջականության և հավաստիության վրա։ «Նոր ձևավորվող Սպորտի կառավարման տեղեկատվական համակարգն աստիճանաբար կդառնա ոլորտի միասնական ռեգիստր։ Համակարգում առկա տվյալները կօգտագործվեն վիճակագրության վարման, ոլորտային քաղաքականությունների մշակման, որոշումների հիմնավորման, ֆինանսավորման գործընթացների, նաև մոնիտորինգի և վերահսկողության նպատակով»,–ասել է Ժաննա Անդրեասյանը։
Համակարգը կունենա երեք հիմնական բաղադրիչ։ Առաջին բաղադրիչը վերաբերում է մարզադպրոցների գործունեության թվայնացմանը։ Այն հնարավորություն կտա հստակ վիճակագրություն վարել սպորտով զբաղվող երեխաների և երիտասարդների վերաբերյալ, ինչպես նաև հետևել նրանց առաջընթացին։ Երկրորդ ուղղությունը վերաբերում է բարձր նվաճումների սպորտի և մարզական ֆեդերացիաների գործունեության տվյալների թվայնացմանը, երրորդ բաղադրիչը՝ մասսայական սպորտին։ Վերջինս նախատեսում է տվյալներ հավաքագրել հանրության շրջանում ֆիզիկական ակտիվության ցուցանիշների, այդ թվում՝ մարզասրահներ հաճախելիության մասին։
Վարչապետը, որոշման համատեքստում, նախարարից հետաքրքրվել է Tour of Armenia հեծանվավազքի ընթացքից։ Ի պատասխան Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ երեկ հեծանվավազքի մեկնարկն է տրվել։ «Գավառից Մեծ Մասրիկ 136 կմ անցան 16 պրոֆեսիոնալ թիմեր, որի մեջ նաև Հայաստանն է ներկայացված։ Մեզ համար պատմական իրադարձություն է, որովհետև այս ստանդարտի և որակի մրցաշարի կազմակերպումը և մեծ հեծանվային սպորտը Հայաստան բերելը շատ կարևոր է մեր սպորտի հետագա զարգացման և մեր երկրի տեսանելիության, ինչպես նաև զբոսաշրջության գրավչության բարձրացման համար»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այսօր էլ հեծանվորդները կանցնեն Կիրանց-Ստեփանավան ճանապարհը՝ 176 կմ։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հեծանվային սպորտը ժամանակակից աշխարհում ամենամեծ տնտեսական կշիռ ունեցող մարզաձևերից մեկն է։ Ըստ վարչապետի՝ հեծանվային մշակույթը Հայաստանում զարգացնելը կնպաստի նաև խցանումների մեղմացմանը, առողջ ապրելակերպի խրախուսմանը։
Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը
Գործադիրը սահմանել է շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի և բուքմեյքերային գործունեության կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին իրենց գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվություններ ներկայացնելու կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձևը։ Արդյունքում՝ կապահովվի վերահսկող մարմնի կողմից ոլորտի նկատմամբ շարունակական վերահսկողության իրականացումը, կտրվի կազմակերպիչների գործունեության վերաբերյալ համադրելի և միասնական ձևաչափով տեղեկատվություն ստանալու հնարավորություն։ Որոշման ընդունումը կնպաստի ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը, խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական բազայի ձևավորման ապահովմանը։ Ինչպես նաև կստեղծվի իրավական և գործնական նախադրյալներ վերահսկողական միջոցառումների արդյունավետ իրականացման համար։ Որոշման ընդունումը կհանգեցնի խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացման, օրենսդրական կարգավորումների գործնական կիրառելիության ապահովման և վերահսկողական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ձևավորման։
Արտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդով
Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարությանն ամրացված պետական սեփականություն հանդիսացող՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց 48/2 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքը օտարել էլեկտրոնային աճուրդով։ Սահմանվել է, որ առաջին էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ մինչև գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը։ Գույքը ներկայումս չի շահագործվում, նախկինում հանդիսացել է հրշեջ փրկարարական ջոկատի շենք։ Ըստ «Աբիտ» ՍՊԸ գնահատման գործակալության կազմված գնահատման հաշվետվության՝ շենք-շինությունները կառուցվել են 1948թ․ և բաղկացած է 2 հարկից։ Գնահատողի կողմից շենք-շինությունների տեխնիկական վիճակը գնահատված է լավ։ Ենթակառուցվածքներից առկա են՝ ջրամատակարարում, էլեկտրամատակարարում և կոյուղի։
Միջազգային համագործակցություն
Գործադիրի հավանությանն է արժանացել 2026 թ. փետրվարի 26-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Համաձայնագրի վավերացումը կհամալրի փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով պաշտպանական երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին: Համաձայնագրի նպատակն է հաստատել ռազմատեխնիկական բնագավառում կողմերի միջև համագործակցության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը, համաձայն որի կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների հիման վրա: Համաձայնագրում ամրագրված է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտները և ձևերը, գաղտի տեղեկատվության պաշտպանության, երրորդ երկրներին վաճառի կարգի մասին, ինչպես նաև ստեղծվելիք հանձնաժողովի գործունեության վերաբերյալ դրույթներ:
Հավանություն է տրվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանում ճանապարհային անվտանգության և թվայնացման ծրագրի իրականացման նպատակով խորհրդատվական աջակցության և խորհրդատվական ծառայությունների մատուցման վերաբերյալ» թիվ AA-012838 համագործակցության համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Համաձայնագրի համաձայն՝ ԵՆԲ-ն, որպես ՏԿԵՆ-ին տեխնիկական աջակցություն, իր քաղաքականության, կանոնների և ընթացակարգերի համաձայն, կիրականացնի խորհրդատվական ծառայությունների գնումների գործընթաց և կկնքի համապատասխան խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր՝ ՀՀ-ում ճանապարհային անվտանգության և թվայնացման ծրագրի իրագործմանն աջակցելու համար: ԵՆԲ-ի կողմից կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակում խորհրդատուի ծառայությունները ուղղված կլինեն ճանապարհային անվտանգության կառավարման բարելավմանը, ճանապարհային անվտանգության աուդիտի համակարգերի զարգացմանը, վթարավտանգ տեղամասերի (սև կետերի) կառավարման մեխանիզմների մշակմանը։ Խորհրդատվական աջակցության շրջանակում իրականացվելու են ծրագրի մշակման տեխնիկական գործընթացի ընդհանուր ուղղորդում, ծրագրի նախապատրաստման աջակցություն՝ ֆինանսավորման ներգրավման և իրականացման նպատակով, ծրագրի նախապատրաստման խորհրդատուների ներգրավման նպատակով՝ տեխնիկական առաջադրանքների մշակում, աջակցություն խորհրդատվական ծառայությունների գնումների և պայմանագրերի կառավարման գործընթացում, ընտրված խորհրդատուների կողմից ներկայացված փաստաթղթերի/հաշվետվությունների դիտարկում և դրանց վերաբերյալ մեկնաբանությունների տրամադրում, ինչպես նաև ծրագրի նախապատրաստման առանձին ասպեկտների վերաբերյալ ուղեցույցների մշակում։
Կառավարությունը հավանություն է տվել «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Արձանագրությամբ կամրապնդվի կոնվենցիայի կողմերի ջանքերը կանխելու ահաբեկչությունը՝ որպես միջազգային խաղաղությանը, անվտանգությանը և քաղաքացիների բարեկեցությանը Եվրոպայում և ամբողջ աշխարհում սպառնացող ամենալուրջ սպառնալիքներից մեկը, ինչպես ազգային մակարդակով ձեռնարկվող միջոցառումների, այնպես էլ միջազգային համագործակցության միջոցով։ Արձանագրության ստորագրումը հնարավորություն կտա դիմակայել ժամանակակից և ապագա հակաահաբեկչական մարտահրավերներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոնվենցիայի և դրա լրացուցիչ արձանագրության ընդունումից հետո ահաբեկչության դեմ պայքարում ի հայտ են եկել նոր տեխնոլոգիաներ:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։
«Արզնի ակվա» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել գազավորված և ոչ գազավորված ջրերի արտադրության համար։ Արտադրանքը թողարկվելու է «Արզնի» ապրանքային նշանի ներքո։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 4․6 մլրդ դրամի ներդրում, որից 3․7 մլրդ դրամը՝ հումքի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը կապիտալ ներդրում։ Մինչև 2027 թ. նախատեսվում է ստեղծել 35 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 277 մլն դրամ։
«Արտ գլոբալ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել վենդինգային սարքավորումների համար նախատեսված լուծվող կապուչինոների, թեյի, շոկոլադի և կաթի սպիտակուցով փոշե հումքատեսակների արտադրության համար։ Արտադրանքը շուկայում ներկայացվելու է «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ին պատկանող «DOLCE» ապրանքանիշի ներքո։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 149․6 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Մինչև 2027 թ. նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 253 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 149․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 16․7 մլն դրամ։
«Արմատ բեգա» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պայուսակների արտադրության համար՝ իրականացնելով շուրջ 100 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 30 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ներկայումս առկա է 26 աշխատատեղ 107 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 30-ի՝ 107 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 80․6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4.6 մլն դրամ։
ՀՀ վարչապետի աշխատակազմ


















































