Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդը երազել է նախարար լինել ու թանգարանը վերածել է փոքրիկ նախարարության»

Օգոստոս 03,2016 14:30

Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանի աշխատակիցները դժգոհ են տնօրեն Կարեն Արիստակեսյանից

Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանի աշխատակիցները, որոնց անուններն իրենց խնդրանքով չենք նշում, մտահոգված են: Նրանք դժգոհ են այն մթնոլորտից, որ իրենց ձեւակերպմամբ, ստեղծել է թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը:

«2007 թվականից, ինչ Կարեն Արիստակեսյանը մտել է թանգարան, կադրային ջարդ է սկսել, իր ողջ ծրագիրը եղել է թանգարանը նախկին աշխատակիցներից ազատելը: Ես 30 տարուց ավելի աշխատում էի, իմ լավ ու վատը չտեսած՝ թանգարան մտնելով սկսել է վատ տրամադրվել, նույնը մյուս աշխատողներին, բոլորիս անվանում էր գյուղացիներ, մոզամբիկցիներ: Թանգարան մտնելով՝ բոլորիս սկսել է արհամարհել, մենք բոլորս գոյատեւել ենք մեր առողջության, մեր ամեն ինչի հաշվին…Խելացի մարդը լավագույն աշխատակիցներին պետք է պահեր, մեր գիտելիքները մզեր, մինչեւ մեր թոշակի տարիքը գար՝ նոր ազատվեր…Մենք մի աշխատող ունեինք, ֆոնդապահ էր, ազատեց աշխատանքից, նրա հիվանդ մայրը սթրես տարավ ու մահացավ, աղջիկը ճիշտ է՝ ուներ միջնակարգ-մասնագիտական կրթություն, բայց 15-16 տարվա աշխատանքային փորձ ուներ: Տնօրենն ասում է՝ պետք է բերեմ բարձրագույն կրթությամբ ֆոնդապահի, իբր էկոնոմիկայի նախարարությունն է դա պահանջում, սեւով սպիտակի վրա գրված է: Կոլեկտիվի եւ տնօրենի հարաբերությունները լարված են: Մի անգամ ինքը էդ աղջկա՝ Գոհար Մարգարյանի շորերից բռնել-թափահարել է, ասել է՝ պետք է ցուցանմուշները լիզես»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց թանգարանի աշխատակիցներից մեկը:

Մի աշխատակից էլ հայտնեց, որ Կարեն Արիստակեսյանը հներից ազատվելով՝ իր մարդկանց է բերել. «Ինքը բերել է նոր աշխատակիցների՝ արվեստաբանների, ոչ պետական բուհերն ավարտած, երկարաոտն, կարճափեշ աղջիկներ են: Եթե ինքը կրթության հիման վրա է աշխատանքից ազատում մարդկանց, էդ դեպքում ինչով բացատրենք այն, որ միջնակարգ մասնագիտական կրթություն ստացող հաշվապահի՝ Ռիտա Եսայանին պահել է, քանի որ հաշվապահի կարողություններն ու ընդունակություններն օգտագործում է ի շահ իրեն»:

Թանգարանի արդեն նախկին աշխատակիցներից մեկն էլ նշեց. «Մեր տնօրենը բոլորին կոտրում է, ողջ թանգարանը իր օգնականի ու իր ձեռքին է: Ընդ որում՝ օգնականը իր մտերմուհին է: Նա երկու հաստիքով է աշխատում եւ օգնական է, եւ գանձապահ: Տոմսերի վաճառքի սպասարկման գումարն առձեռն հանձնում են այդ աղջկան, նրա ձեռքին են կենտրոնացած թանգարանի ելք ու մուտքը, թանգարանի կոդը միայն ինքը գիտի, վառելիք ապահովող բոլոր կտրոնները իրենց ձեռքին է»:

Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանի աշխատակիցները պնդում են, որ մշակույթի նախարարության ենթակայությունից պաշտպանության նախարարության ենթակայության տակ անցնելուց հետո էլ թանգարանի վիճակը չի բարելավվել: Նրանց ձեւակերպմամբ, տնօրենը շարունակում է գործել՝ ինչպես ուզում է: «Թանգարանում վերականգնողների չի պահել, բոլորին կրճատել է, կավի գծով մի վերականգնող ունեինք, որին եւս որպես թոշակառու ազատեց աշխատանքից, այն դեպքում, երբ շատ թոշակառուներ որպես բանվոր են աշխատում նույն թանգարանում: Ինչպե՞ս պետք է թանգարանի արժեքները փրկվեն…Եթե վերականգնող չունենանք, ով է վերականգնելու, էդ վերականգնողը պատմության թանգարանում ճապոնացիների մոտ երկու-երեք անգամ վերապատրաստում է անցել: Ախր կանոնակարգ կա, թե ով կարող է վերականգնող կամ ասենք՝ հսկիչ աշխատել: Այս մարդը (Կարեն Արիստակեսյանը-Գ.Հ.) ամբողջ կյանքում երազել է դառնալ նախարար, հիմա թանգարանը դարձրել է փոքրիկ նախարարություն, թանգարանում ստեղծել է հաստիքներ, որոնք ոչ մի թանգարանում չկան, օրինակ՝ օգնական, ադմինիստրատոր՝ 2-3 հավաքարարի համար, իրավաբան, գրասենյակի պետ, քարտուղարության պետ, խմբագիր: Ի դեպ, դիզայները չի ներկայանում աշխատանքի, բայց վարձատրվում է: Տնօրենը աշխատանքից ազատել է Արտակ Ասատրյանին, որը միակ թանգարանագետն էր, որը կրթությամբ եւ ամեն ինչով իրավունք ունի գիտաշխատող լինելու: Ումից ուզում է ազատվել, 2-3 ամսով է պայմանագիր կնքում, ընդ որում՝ հիմնականում հին աշխատողների հետ: Բաժին կա, որտեղ աշխատողներ չունի, բայց բաժինը վարիչ ունի, աշխատանքի է ընդունում բարեխոսությամբ: Օրինակ, աշխատանքի էր ընդունել հղիության 5-րդ ամսում գտնվող կնոջը, որը հոգեբանի մասնագիտություն ուներ, մարդը երկու ամիս աշխատեց հանրային կապերի բաժնում ու գնաց ֆիզարձակուրդ: Մեր թանգարանն ի՞նչ է անում 4 հաշվապահ: Կամ՝ տարածքում ունենք ռեստորան, որը ձեւակերպված է իր օգնականի եղբոր անունով: Ռեստորանի աշխատողները թանգարանի հաստիքներով են, եւ սա այն դեպքում, երբ գիտաշխատող չունենք՝ լինելով գիտական հիմնարկ: Թանգարանի մուտքի մոտ սրճարան է բացված, երկու-երեք աշխատող էլ էնտեղ է, մեկն էլ տոմս պատռող է: Ոչ մի թանգարանում չկան հաստիքով տոմս պատռողներ, ինքը դրա համար 4 հաստիք է պահում:

Թանգարանի իրավիճակի համար ի՛նքն է պատասխանատու, միշտ ասում է՝ ես զորավոր եմ, իմ թիկունքում «վերեւներն» են կանգնած: Պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք, երեք տարվա մեջ տնօրենը 2 ծառայողական մեքենա է գնել՝ սպիտակ եւ սեւ «Շեվրոլե»: Մեր զինվորն այսօր զենք չունի, էդքան ձրիակեր ինչի ենք պահում, դեռ տնօրենն էլ ժողով է անում, ասում է՝ ձեր համար պատիվ է, որ ձեր տնօրենը լավ մեքենայով է շրջում»,- իրավիճակը ներկայացրեց թանգարանի աշխատակիցը: Նաեւ հավելեց, որ տնօրենի աշխատասենյակի ներսում լոգարան, առանձին սանհանգույց, լվացքի մեքենա ու խոհանոց կա, տնօրենն էլ մինչեւ գիշերվա 12-ը այդտեղ է անցկացնում:

«Հանրապետությունում չկա մի թանգարան, որի տնօրենի աշխատասենյակում լինի բաղնիք, զուգարան, նախկին 8 տնօրենները, որ թանգարանը ղեկավարել են, իրենց աշխատասենյակում սանհանգույց չի եղել, ընդհանուր սանհանգույցից են օգտվել, տնօրեն չեն աշխատե՞լ: Այսօրվա սուղ պայմաններում ինքն ու իր մտերիմներն անընդհատ գործուղումների մեջ են Շուշի-Դիլիջան, իսկ աշխատողները գրոշներով ճռռում են»,-հավելեց մեր զրուցակիցը:

«Առավոտը» մեկնաբանությունների համար հեռախոսով կապվեց նաեւ Կարեն Արիստակեսյանի հետ: Նա զազրախոսություն եւ վայրահաչություն որակեց հին աշխատակիցների դժգոհությունները: «Դրանք ինչքան հին են, էդքան հնացած են, մեկնաբանություն տալու բան չկա, ինչ ուզում են, թող գրեն, ինչ ուզում են՝ անեն: Ես ընդամենը մեկին եմ ազատել թոշակի կապակցությամբ, ուղղակի տարիքն էր լրացել: Իսկ ընդհանրապես բոլորը հիմնավոր են ազատված: Ի՞նչ է նշանակում հին եւ նոր: Աշխատողը պետք է պարզապես աշխատի իր գործառույթների սահմաններում»,-ասաց պարոն Արիստակեսյանը:

Ինչ վերաբերում է աշխատակիցների այն դժգոհությանը, որ հին աշխատողների փոխարեն աշխատանքի է ընդունել երկարաոտն ու կարճափեշ աղջիկների, թանգարանի տնօրենը պատասխանեց. «Իրենց խնդիրն է, թե ոնց կմեկնաբանեն, ես չեմ նայում մարդը երկարաո՞տ է, թե՞ կարճափեշ է, դա իրենց մակարդակի խնդիրն է: Եթե իրենք մարդու ուղեղը ոտքով ու փեշով են չափում, ուրեմն իրենց ուղեղը երեւի ժամանակին չափել են փեշով եւ ոտքով: Իրենց մեկնաբանությունները թողնենք իրենց, ես բերել եմ նորմալ աշխատողներ, որոնք բարեկիրթ են եւ համապատասխան մագիստրական թեզեր են պաշտպանել: Իրենց ասածները չե՛ն համապատասխանում իրականությանը, ես աշխատանքի ընդունելուց ոչ ոտքերին եմ նայել, ոչ փեշերին, ընդամենը նայել եմ խելքին, իրենք էլ թող իրենց խելքին նայեն, նոր մեկնաբանություններ անեն: Ես հին ու նոր չեմ նայում, ես նայում եմ՝ ով է գործ անում, ով ոչ: Իսկ եթե իրենք խնդիր ունեն, սխալ եմ ազատել, թող դիմեն դատարան» :

Լոգարանին էլ անդրադարձ եղավ: «Ես լոգարան չունեմ, իրենք զուգարանը լոգարանի հետ են շփոթում, ընդհանրապես անհարմար է էդ մակարդակի խոսակցություններ, դրանք ցույց են տալիս իրենց մակարդակը, իրենց գիտական մակարդակը, իրենց աշխատանքային մակարդակը, ես նման վայրահաչությունների եւ զազրախոսությունների չեմ ուզում պատասխանել»,- զայրացավ Արիստակեսյանը:

Ինչ վերաբերում է ռեստորանի աշխատողներին, որոնք, ըստ դժգոհ աշխատակիցների, ձեւակերպված են որպես թանգարանի աշխատող, այս մասին էլ թանգարանի տնօրենն ասաց. «Ռեստորանն առանձին է, այնտեղ ցուցադրություն կա, եւ ռեստորանում հավաքարարներ պետք է լինեն ու նաեւ ցուցադրության հսկիչներ: Ցանկացած շինություն, որը հուշահամալիրի տարածքում է, պետք է պահպանվի եւ սպասարկվի հուշահամալիրի անձնակազմի կողմից: Հավաքարարները մաքրում են նաեւ այդ տարածքները»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Կարեն Արիստակեսյանը, մշակույթի նախարարությունում աշխատած տարիներին էլ կարգին մարդ չի եղել … Հարգանքով` Աշոտ Բաբայան

  2. Անոնիմ says:

    Աշոտ Բաբայան ձեզ կոռեկտ պահեք ձեր արտահայտություններում, ինձ հարազատ մարդու մասին եք գրում

  3. Անոնիմ says:

    Ես պատճառ ունեմ չներկայանալու Աշոտ սա իմ համարն ա զանգեք կպատճառաբանեմ հեռախոսով 091992525 հակառակ դեպքում ձեր համարը գրեք ես կզանգահարեմ ինձ եստեղ հարմար չի խոսել

  4. Davit says:

    Աշոտ Բաբայան, Արիստակեսյանի ենթակայության տակ աշխատելիս ե՞ս այդ կարծիքին եղել, թե՞ նոր ես իմաստնացել ու բլբուլ կտրել էդ բամբասանքների ու զրպարտությունների թեմայով…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031