Լրահոս
Օրվա լրահոսը

v6000 նախագիծը Քաղաքացիական պայմանագրի սեփականությունը չէ. Մխիթար Հայրապետյան

Սեպտեմբեր 04,2016 11:27

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին շուրջ 7 ամիս է մնացել։ Ընտրությունները կեղծելու ձևերը, ինչպես դեռ 1999 թվականի իր հայտնի հարցազրույցում պնդում էր Սերժ Սարգսյանը, վաղուց են հայտնի։ Ընդդիմադիր ուժերին, ցավոք, երկար ժամանակ չէր հաջողվում ոչ միայն ամբողջական, այլև մասնակի հակազդել ընտրակեղծարարության՝ տարիներ շարունակ հաջողությամբ գործող և նույնիսկ կատարելագործվող մեխանիզմներին։ Եվ ահա սույն տարվա ապրիլին Հրազդան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին, որի հիմնական մրցակցող ուժերն էին իշխող Հայաստանի հանրապետական և ընդդիմադիր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները, հաջողվեց աննախադեպ կերպով տոտալ վերահսկողություն իրականացնել քաղաքի բոլոր 28 ընտրատեղամասերում՝ շնորհիվ ընտրական գործընթացը վերահսկելու և արդար ընտրություններ ապահովելու համար մինչ օրս ստեղծված առայժմ միակ գործիքի՝ «6 հազար վստահված անձ»/v6000 նախագծի։

Ամենևին էլ գաղտնիք չէ, որ վերոնշյալ նախագիծը կյանքի կոչելու պատասխանատվությունը ստանձնեց նույն Քաղաքացիական պայմանագիրը։ Իրեն հայտարարելով ինստիտուցիոնալ ընդդիմություն դառնալու հիմնական հավակնորդ՝ կուսակցությունը հանրության դատին ներկայացրեց ինստիտուցիոնալ քաղաքական կառույցին բնորոշող երեք բաղադրիչները, որոնցից մեկն էլ հենց վերահսկողությունն էր՝ v6000 նախագծի միջոցով։ Իհարկե, ընտրական գործընթացը վերահսկելու և արդար ընտրություններ  ապահովելու մեխանիզմները պետք է մշակվեին և գործնականում կիրառության մեջ դրվեին պետության կողմից, իմա՝ իշխանությունների նախաձեռնությամբ կամ առնվազն թույլտվությամբ, սակայն մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ իշխանությունների համար հերթական ընտրություն ասվածը ոչ այլ ինչ է, քան պարզապես նստել և մեծ ոգևորությամբ կազմել կեղծիքի, ստի, «կարուսելների», կրկնաքվեարկությունների, ընտրակաշառքների, բռնաճնշումների և հետապնդումների հերթական «ճանապարհային քարտեզը»։ Ուստի պետք չէ զարմանալ, որ հենց ընդդիմությունը մշակեց և կիրառեց այդքան անհրաժեշտ այդ գործիքը. չէ՞ որ արդար և ազատ ընտրությունների անցկացումը որևէ կերպ չի կարող բխել ավտորիտար կամ կիսաավտորիտար քաղաքական վարչակարգերի, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների շահերից։

Սակայն այն հանգամանքը, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնությամբ է տրվել v6000 նախագծի մեկնարկը, քավ լիցի, չի նշանակում, որ այն հանդիսանում է կուսակցության սեփականությունը։ Այո, նախագծի շրջանակներում քաղաքացիների համար նախապատրաստական դասընթացներ են անցկացվում՝ վստահված անձանց իրավունքներին ու պարտականություններին տիրապետելու համար, սակայն այստեղ անկյունաքարային է այն, որ կուսակցությանը հարկավոր չէ ունենալ 6000 վստահված անձ, որոնք պետք է պաշտպանեն բացառապես Քաղաքացիական պայմանագրի ստացած քվեները, կամ, դիցուք, հնարավորության դեպքում լցոնումներ անեն իր օգտին, «6 հազար վստահված անձ» նախագծի նպատակն է հավաքել և վերապատրաստել մի պրոֆեսիոնալ թիմ, որն ընտրական գործընթացը վերահսկելու, արդար ու ազատ ընտրություններ ապահովելու գործառույթ է իրականացնելու, այսինքն՝ վստահված անձանց խնդիրն է, նախևառաջ, պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու տված ձայնը՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժին կտրվի այդ քվեն։

Այս համատեքստում մեկ անգամ ևս կարևոր է ընդգծել, որ սա պետական արժեք ներկայացնող անկախ նախագիծ է, որից կարող են օգտվել բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների վերահսկման և, առհասարակ, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։ Ներքոշարադրյալ միջադեպը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ v6000-ը չի սպասարկում նեղ կուսակցական շահեր։ Ինքս որպես Սասուն Միքայելյանի վստահված անձ 25/13 ընտրատեղամասում մասնակցել եմ ընտրությունների վերահսկման աշխատանքներին։ Որոշակի կասկածներ ունենալով, որ քվեախցիկի մոտ գտնվող ընտրողը լուսանկարում է իր քվեաթերթիկը, թիմակցիս հետ մոտեցա հանձնաժողովի նախագահին և պահանջեցի, որպեսզի վերջինս պարզի՝ արդյոք քաղաքացին լուսանկարել է քվեաթերթիկը, թե ոչ, և ըստ այդմ՝ համապատասխան քայլեր ձեռնարկի։ Հանձնաժողովի նախագահը, որը, ի դեպ, ՀՀԿ-ական թեկնածուի եղբայրն էր, հեգնական ժպիտով իր կասկածը հայտնեց առ այն, որ մենք դժվար թե պահանջեինք նույնն այն դեպքում, եթե նախապես իմանայինք, թե ով է տվյալ քաղաքացին։ Ի հեճուկս վերջինիս սպասելիքների՝ ես հայտնեցի՝ տեղյակ ենք, որ ընտրողը մեր թեկնածուի ազգականներից մեկն է, ինչը, սակայն, որևէ կերպ չի կարող ազդել մեր որոշման վրա. ինչպես և նախորդ ու ապագայում կայանալիք ընտրություններում, այդ օրը ևս մեր խնդիրը արդար և ազատ ընտրությունների ապահովումն էր։ Արդյունքում հանձնաժողովի նախագահը ստուգեց ընտրողի հեռախոսը. մեր անհանգստությունն անտեղի էր։

Եվ վերջապես, ինչո՞ւ է հարկավոր միանալ v6000-ին, այլ ոչ թե ուղղակի անհատապես լծվել ընտրությունների վերահսկման աշխատանքներին։ Բանն այն է, որ Հրազդանում հաջողվեց վերահսկել ողջ ընտրական գործընթացը միմիայն կազմակերպված, համակարգված աշխատելու շնորհիվ, վստահված անձերի, ինչպես նաև կենտրոնական շտաբերի ու ենթաշտաբերի միջև ստեղծված ցանցը, մշտական կապի առկայությունը թույլ տվեց ավելի ուժեղ գտնվել ոչ պակաս կազմակերպված մրցակցից։ Ուստի ողջունելի է, երբ որևէ քաղաքացի ցանկանում է վերահսկել ընտրական գործընթացը, սակայն անհատական գործելաոճը զգալիորեն նվազեցնում է նրա կատարած աշխատանքի արդյունավետությունը։

Մխիթար Հայրապետյան

Քաղաքացիական կրթության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930