Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթնացնելով հայի գենը». ազգային պարերի դաս` «Թումո»-ի այգում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2016 16:46

«Ակն» ավանդական պարի խմբի եւ «Խարույկ» արշավական ակումբի գործակցության մեկամյակի առթիվ հոկտեմբերի 3-ին «Թումո» կենտրոնի հարակից այգում կազմակերպվեց ազգային պարերի բաց դաս: «Ակն»-ի պարողները ցանկացողներին սովորեցրեցին մի շարք պարեր, բացատրեցին դրանց կիրառությունն ու նշանակությունը:

Ոգեւորվածությունն այնքան մեծ էր, որ այգի էին շտապում անծանոթներ, օտարերկրացիներ, պարողներին միանում էին փոքրիկներն ու նրանց ծնողները: «Ազգային մշակույթի` պարի ու երգի միջոցով փորձում ենք ազգայինը «վերաներարկել», որովհետեւ դարեր շարունակ այն փորձել են հանել մեր միջից: Կարծում եմ` յուրաքանչյուրն իր մեջ պետք է գտնի հայրենիքի թերություններն ու առավելությունները: Եթե ուզում ենք տեսնել հզոր, կայուն հայրենիք, նախ պետք է այն մեր մեջ ստեղծենք` վերացնելով մեր թերությունները: Այսպես է հնարավոր մաքրել ինքն իրեն եւ վերադառնալ արմատներին: Ազգային մշակույթը վերագտնելով` դառնում ես հզոր եւ այդ դեպքում կարող ես երկիրդ հզորացնել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Խարույկ» արշավական ակումբի պատասխանատու Գեղամ Օհանյանը:

«Կարին» ավանդական երգի պարի խմբի նորաստեղծ ճյուղ` «Ակն» պարի խմբի ղեկավար Անի Գինոսյանն էլ իր հերթին հավելեց. «Փորձում ենք հայի քնած գենն արթնացնել, ինչին նպաստում է պարը: Նախկինում առօրյայի ցանկացած մաս ունեցել է իր պարը: Հիմա փորձում ենք մարդկանց վերադարձնել իրենց մոռացված կենցաղը եւ ինքնությունը»:

Մեր զրուցակիցներն ուրախությամբ արձանագրեցին, որ ազգային պարը մտել է դպրոց, իսկ նման միջոցառումները նպաստող դեր ունեն: Անի Գինոսյանը նշեց, որ դեռեւս 113 դպրոցում է դասավանդվում «Ազգային երգ ու պար» առարկան, առաջիկայում դրանց թիվը կավելանա. «Դասավանդելով դպրոցում` տեսնում եմ երեխաների ոգեւորությունը: Առաջին դասի ժամանակ ասում են` «վայ…չենք ուզում ազգային պար», իսկ երկրորդ դասին գալիս են ոգեւորված: Անգամ ծնողներն են մոտենում եւ պատմում, թե ինչ են սովորել երեխաները: Առաջին տարում, երբ սեպտեմբերին պարը մտավ դպրոց, արդեն նոյեմբերին երեխաներից մեկի ծնունդը «Կարաոկե»-ում նշելիս նրանք անջատել են տվել երաժշտությունը, երգել «Մեր տան հիտեւ»(Շատաղի աշխատանքային երգ է) եւ պարել «Գյովընդ»: 10-ամյա երեխաներն ինքնուրույն որոշել էին, որ այդպես պետք է ծնունդ նշեն»:

Ի դեպ, ազգային երգն ու պարը «Խարույկ»-ի անբաժան մասնիկն է: «Ակն»-ի պարողներն ակումբի արշավների ընթացքում մասնակիցներին սովորեցնում են պարել: Այդպես ազգային մշակույթի հանդեպ սերն արթնանում է նաեւ սարի գագաթին, անտառի բացատում… «Բնության հետ ճիշտ շփումը ներդաշնակության գրավականն է: Ինչպես վերաբերվում ենք մեր օրգանիզմին, այդպես պետք է վերաբերվենք նաեւ երկրագնդին, որը մեծ` կենդանի օրգանիզմ է, որի մասնիկն ենք մենք: Օրինակ` լեռ բարձրանալուց հետո վայրէջքի ժամանակ հավաքում ենք աղբը` ուրիշի թափած աղբը, եւ չենք ամաչում դրանից, որովհետեւ այդ կերպ մաքրում ենք լեռը: Կարծում ենք` ազգային մշակույթը եւ քաղաքացու մեջ բարոյական մարդ դաստիարակելը կբերեն նրան, որ լեռների վրա այլեւս աղբ չենք գտնի»,-նկատում է Գեղամ Օհանյանը:

Թե ինչ ազդեցություն է ունենում ազգային երգուպարը, ըստ Անի Գինոսյանի` լավագույն օրինակը յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը «Կասկադ»-ում կազմակերպվող պարերի ուսուցման դասընթացն է, որին 2000-ից ավելի մարդ է մասնակցում, իսկ ահա ցուրտ եղանակին միայն «Նարեկացի» արվեստի միության տարածքում հավաքվելով` հնարավոր չէ շատ թվով մարդկանց պար ուսուցանել: Քանի դեռ այս գործում պետական աջակցություն չկա, պարողները նման փոքրիկ միջոցառումներով եւ բաց դասերով են հայի մեջ հայ դաստիարակում:

par-11 par-10 par-9 par-8 par-7 par-6 par-5 par-4 par-2 par-1

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31