Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում են «Օազիսը» խլեն մեր ձեռքից, իրենց կռիվը դա է, որ վախենանք, ասենք՝ առեք ձեզ, ամբողջ երկիրը սեփականաշնորհել են՝ չեն կշտանում». Վարդան Ղուկասյան

Ապրիլ 05,2024 15:14

«Գյումրիի կենտրոնական զբոսայգու տարածքում, Կադաստրը ներկայացրել է, որ 270 քմ կիսակառույցի տեղը կառուցվել է մի գեղեցիկ շենք՝ «Հրաշքների աշխարհ» է կոչվում, քաղաքի զարդերից մեկն է: 270 քմ-ի տեղը մենք 3000 քմ սեփական հողը դարձրել ենք այգի»,- այսօր լրագրողների հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսպես էր բացատրում համայնքային՝ օտարման ոչ ենթակա հողը իր ընտանիքի անդամներին օտարելը:

Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի նկատմամբ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք թույլ տալու գործի քննությունն էր:

Ըստ մեղադրանքի, 1999-2012 թվականներին Վարդան Ղուկասյանը, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին, համայնքի ղեկավարի տեղակալի, քաղաքաշինության բաժնի պետերի օժանդակությամբ ապօրինի օտարել է 24 անուն անշարժ գույք: Անշարժ գույքերի՝ օտարման օրվա դրությամբ կադաստրային արժեքը կազմել է 35 մլն 690 հազար 403 դրամ:

Արդյունքում՝ Վարդան Ղուկասյանը պետության և համայնքի շահերին պատճառել է էական վնաս, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ 16 մլն 60 հազար 815 դրամ կադաստրային արժեքով 4 անուն անշարժ գույքերը: Գույքերի մի մասը Վարդան Ղուկասյանն օտարել է «Անբերդ» ՍՊԸ-ին, որի հավասարաչափ բաժնետերեր են հանդիսացել ինքն ու եղբայրը, իսկ մյուս մասն ուղղակի վաճառքով 2006 թվականին օտարել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, իր ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի տնօրեն Ա.Մ.-ին, հետո տվյալ հողամասը փոխանցել է Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին:

Ըստ Վարդան Ղուկասյանի, ամբողջ կռիվը «Թումո» կենտրոնի համար է. «Մի երկու հատ սեփականատեր կան, մի հատ կին է, որ դեմքին նայում ես՝ հայի տեսք էլ չունի, եկավ, քաղաքի 200 տարվա թատրոնը վերցրել են՝ առանց կոպեկների, չգիտի էլ՝ գումար մուծե՞լ են, թե՞ ոչ, մոտավորապես 100 ծառ կտրատել են, իրենք կառուցել են, ուզում են «Օազիսը» խլեն մեր ձեռքից: Իրանց կռիվը դա է, որ մենք վախենանք, ասենք՝ առեք ձեզի: Իսկ էդ «Թումոյին» ես 30 հազար դոլար, որպես Գյումրիում ներդրում անող, ես տարել եմ մեր ոսկիները վաճառել եմ, հայրենասեր մարդ եմ, տվել եմ էդ «Թումոյին»: Խաբար էլ չէինք, որ դա պիտի գա՝ մեր ունեցվածքը խլի: Հիմա ասում են՝ առգրավել են այգու կարուսելները՝ սուտ են խոսում: Մենք մեր եղբայրներով հանել ենք մի քանի կարուսել: Հիմա ուշք ու միտքը էդ «Օազիսը» խլելն է: Մի քանի հատ սեփականություն են տեսել ձեռքերս, ուզում են խլել, էս է, ուրիշ խնդիր չկա: Ամբողջ երկիրը սեփականաշնորհել են, ամբողջ երկրի ընդերքը օֆշորներում գրանցված է՝ չեն կշտանում, ուզում են էդ էլ վերացնեն, պրծնեն, բայց չի ստացվում»:

Հարցին՝ քաղաքապետի աշխատավարձով հնարավո՞ր էր «Հրաշքների աշխարհ», այդպիսի օբյեկտներ առնել՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Քաղաքապետի աշխատավարձով միանշանակ չես կարող էդքան բանը կառուցել, քաղաքապետի աշխատավարձը մի հատ հագիդ կոստյում չես կարող առնել: Մենք 4-րդ դասարանից աշխատել ենք, փաստերը կան, Սովետական Միության ժամանակ եղել եմ քաղաքի գլխավոր տավարապետը, խանութի վարիչ եմ եղել, ունեցել եմ «Սպարտակ» կոոպերատիվ, որտեղ արտադրել եմ թեթեւ արդյունաբերություն, գուլպա-նասկեղեն, էն ժամանակ դու հլը չէիր ծնվել, մենք 87 թվականին առաջինը էդ ապրանքները արտահանել ենք Ռուսաստան, ՌԴ-ից հսկայական գումարներ ենք բերել, հացի գործարաններ ենք ունեցել, տղա ջան, կոշիկի գործարան ենք ունեցել, ցեխեր ենք ունեցել, մինչեւ առաջին ֆերմերն եմ եղել, կաթի գործարան ունեմ: Եթե ըտենց չլիներ, հմի ինձ կախել էին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    աստծո անունը տալով չի էլ ամաչում էսքան ստեր է ասում։ քաղաքային զբոսայգու ամբողջ կենտրոնական հատվածը՝ ներառյալ շատրվանները սեփականաշնորհել է, վրան մի հատ անդուր ռեսստորան կառուցել, մարդիկ այգում մի կողմից մյուսն անցնելու համար պետք է մի մեծ շրջանցում անեն, որովհետև Վարդանիկը իրենով է արել այգու ամբողջ կենտորանական հատվածը ու դեռ մի բան էլ խոսում է

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930