Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Չանդիրյան. «Հույս ունեմ, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում երկու տղա եւ մեկ աղջիկ կունենանք»

Հոկտեմբեր 10,2016 12:30

Հայաստանի ջրացատկորդները թեեւ մոտ էին, սակայն Ռիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել չկարողացան: Սակայն հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը դրանից մեծ ողբերգություն չի սարքում եւ արդեն այսօրվանից աշխատում է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք հաջորդ օլիմպիական խաղերում այդ բացը լրացնելու վրա: «Առավոտը» զրուցել է գլխավոր մարզչի հետ:

– Քառամյա նոր շրջափուլը ձեր եւ ձեր սաների համար արդեն սկսվել է: Առաջիկայի ի՞նչ ծրագրեր ունեք:

– Նոյեմբերի վերջին Կազանում կայանալու է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որը Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան երկվորյակ եղբայրների համար վերջին մեկնարկն է լինելու այդ տարիքային խմբում: Մեր հավաքականի հիմնական կազմի անդամներից Լեւ Սարգսյանն ավարտել է 2016 թվականի մրցումները եւ քառամյա նոր շրջափուլի ծրագրով սկսել է նախապատրաստվել հաջորդ օլիմպիական խաղերին: Հավաքականի համար ծրագիրը մոտավորապես կազմված է: 2017 թվականի ամռանն ունենք Եվրոպայի (Կիեւում) եւ աշխարհի (Բուդապեշտում) առաջնությունները, որոնցից առաջ կմասնակցենք մի քանի միջազգային մրցաշարերի: Մասնավորապես, Գերմանիայում՝ «Գրան պրիի» փուլին, նույն Կիեւում՝ Եվրոպայի առաջնությունից առաջ կազմակերպվելիք Ուկրաինայի գավաթի բաց առաջնությանը:

– Մրցաշարերի մասնակցությունն ի՞նչ սկզբունքով եք ընտրում:

– Ճիշտն այն է, որ մարզիկները հնարավորին չափ շատ միջազգային մրցումների մասնակցեն: Բայց բյուջեի սղությունը թույլ չի տալիս: Դրա համար ես ընտրում եմ ուժեղագույն մեկնարկները: Օրինակ Իտալիայում էլ «Գրան պրիի» փուլ կա, բայց ես նախընտրել եմ Գերմանիան, որովհետեւ այնտեղ ավանդաբար շատ ուժեղ կազմ է հավաքվում: Ուզում եմ, որ մեր հավաքականի անդամները մրցեն ուժեղագույնների հետ, հավասարվեն նրանց, որպեսզի հետագայում կարողանան լավացնել իրենց արդյունքները: Նույնը լինելու է նաեւ Ուկրաինայի գավաթի բաց առաջնությունում, որտեղ անպայման կլինեն բոլոր ուժեղագույնները՝ ծանոթանալու Եվրոպայի առաջնության լողավազանին, տեսնելու իրենց ապագա մրցակիցներին:

– Ուսումնամարզական հավաքներ չե՞ք անցկացնելու:

– Հավանաբար, ոչ ու նորից սուղ բյուջեի թելադրանքով: Իդեալական կլիներ, եթե ի վիճակի լինեինք հավաքներ կազմակերպել եւ մրցումների մասնակցել: Ամեն մի ուսումնական հավաք տեւում է առնվազն երկու շաբաթ: Ավելի լավ է դրա փոխարեն փորձենք յոթական օրով երկու միջազգային մրցման մեկնել մի երկու-երեք օր շուտ՝ կլիմայափոխվելու, տեղում հավաքականների հետ համատեղ մարզվելու: Ավելի ձեռնտու է, որ մարզիկները շատ մրցակցային փորձ ձեռք բերեն, քան մասնակցեն հավաքների: Բայց եթե տնտեսում ունենանք, հավաք էլ անպայման կանենք:

– Վերջին տարիներին մեր ջրացատկում անընդհատ երեք տղաների անուններն են հնչում: Հետեւից եկողներ չկա՞ն:

-Կան, բայց դեռ փոքր են, 10-12 տարեկան: Նրանց հավաքագրել եմ, երբ դեռ 5-6 տարեկան էին: Հույսեր ներշնչող երեխաներ կան, որոնք կարող են բավականին լավ մասնակցել իրենց տարիքային խմբի միջազգային մրցաշարերի, բայց էլի մեջտեղ է գալիս գումարը, որը չեմ կարող կտրել մեծահասակներից, ասենք, Եվրոպայի առաջնություն չտանել:

– Ոստնակացատկում առաջխաղացում կա՞:

-Ոչ: Համապատասխան ոստնակներ Հայաստանում չկան: Ամբողջ աշխարհում ոստնակները շատ արագ փոփոխվում են: 2015 թվականին միջազգային խոշոր մրցման ժամանակ Վլադիմիրն ու Ազատը 3 մետր սինքրոն ոստնակացատկում մի քանի փորձից հետո զբաղեցրել էին 6-րդ տեղը: Հույս ունեի նաեւ այս տարի փորձել: Ցատկերը պատրաստել էինք՝ բարձրությունը, կատարման տեխնիկան: Բայց Խորվաթիայում, տղաները ոստնակների հետ լեզու չգտան: Իսկ աշտարակն ամեն տեղ էլ նույնն է. նույն բետոնը, նույն 10 մետրը:

– Աղջիկներ գալի՞ս են ջրացատկ:

– Արդեն հոսք նկատվում է ու դա ուրախացնում է: Անգամ պատահում է, որ պարապմունքի ժամանակ նրանք գերազանցում են տղաներին: Ու որ նույնպես շատ կարեւոր է, նրանց մեջ էլ հեռանկարային մարզիկներ կան: Հույս ունեմ, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում երկու տղայի հետ կարող ենք նաեւ աղջիկ ջրացատկորդ ունենալ: Բայց դրա համար պետք է շատ ու շատ աշխատել:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

08.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31