Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոկոմոտիվ» ՖԱ գլխավոր մարզիչ. «Առայժմ մի պատասխան ունեմ. ՀՖՖ-ում անիրազեկ անձինք են աշխատում»

Հուլիս 15,2020 19:07

«Ի՞նչ ասեմ: Ես իմ ամբողջ գիտակից կյանքը նվիրել եմ ֆուտբոլին: Ես ֆուտբոլի փորձառություն ունեմ, արդյունքներ եմ ունեցել Ուկրաինայում: Անգամ Բելառուսի բարձրագույն խմբում եմ աշխատել: Բոլոր մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ առանց կոնկրետ առաջադրանքի, ես չէի գա հարավային երկրում աշխատելու: Այո, երկար գործընթաց է եղել եւ մենք պայմանավորվել ենք: Իմ առջեւ հստակ խնդիր է դրվել՝ թիմը հանել բարձրագույն խումբ: Բոլորը հիանալի գիտեն, որ մինչեւ չարաբաստիկ 28-րդ տուրը մենք այդ խնդիրը կատարել ենք: Մենք մի պարտություն ունեինք, իսկ այդ մեկը տեխնիկական պարտություն է, այսինքն, ըստ էության մենք այն չենք պարտվել: Կարծում եմ, որ ես կատարել եմ անմիջապես իմ առջեւ դրված առաջադրանքները: Եվ այդդ ամենը՝ շնորհիվ «Լոկոմոտիվ» ակումբի նախագահի, փոխնախագահի, մեր մարզիչների եւ իհարկե, ֆուտբոլիստների:

Դուք գիտեք, թե ինչ է կատարվել: Առաջին հերթին իմ համար շոկ է, երբ հանդիպումը ամսի 2-ից տեղափոխում են ամսի 4-ը: Այսինքն, մեր գլխավոր մրցակից «Վանը» իր խաղը խաղում է, միավորներով հավասարվում մեզ ու լրացուցիչ ցուցանիշներով մեզ, ցավոք, շրջանցում: Իսկ նույն օրը երեկոյան  առաջնությունը դադարեցվում է: Ես «Վան» ակումբի դեմ ոչինչ չունեմ՝ արժանի մրցակից է: Ուղղակի երկակի ստանդարտներ ունենալ պետք չէ: Այդ դեպքում, թույլ տվեք տուրն ավարտել, կամ այն ընդհանրապես մի սկսեք: Դրանից հետո ընդհանրապես աղաղակող իրադարձություններ են կատարվում: Ոչ մի անգամ չհրավիրելով, չշփվելով՝ որակազրկում են ակումբը, ինձ, մի քանի ֆուտբոլիստի: Դա շոկ էր՝ մեղմ ասած: Կրկին եմ ասում. ես այստեղ եկել եմ աշխատելու եւ ոչ միայն թիմը բարձրագույն թիմ հանելու, այլեւ այնտեղ հաջող հանդես գալու: Վկա՝ ընկերական հանդիպումները: Մենք հաղթել ենք «Ուրարտուին», երկու անգամ առավելության ենք հասել Երեւանի «Արարատի» նկատմամբ, ի դեպ՝ վստահ, պարտության ենք մատնել «Լոռիին»:

Այսինքն,  ես համարձակորեն ապագային էի նայում: Իսկ եղավ բարբարոսություն: Ուկրաինայի ԶԼՄ-ներն ինձ հարցնում են՝ ինչպե՞ս, ինչպե՞ս կարող էր նման բան լինել: Ձեզ ոչ մի անգամ չեն հրավիրել եւ ձեր նկատմամբ ոչ թե կոշտ են վարվել, այլ դաժանորեն պատժել են: Ես առայժմ մի պատասխան ունեմ՝ ֆեդերացիայում անիրազեկ մարդիկ են աշխատում: Ձեր նախկին գործընկեր ՀՖՖ նախագահը որոշել է գնալ այդ ճանապարհով, ցավոք, սեւ փիառի ճանապարհով, ինչից ես, ազնվորեն ասած շոկի մեջ եմ: Հասկացեք, առաջին հերթին անարգված է իմ անունը՝ որպես մասնագետի: Այդպիսի պիտակավորմամբ, ասում եմ ամենայն վստահությամբ, որ ակումբի հետ գնալու եմ մինչեւ վերջ, մինչեւ Լոզան՝ ներդնելով բոլոր ուժերս, էներգիան, ֆինանսները՝ եթե հարկ լինի: Որպեսզի մաքրեմ մասնագետի իմ անունը: Հիմա իմ մեջ գերակայում է զգացմունքայնությունը, եւ դուք պետք է որ հասկանաք ինձ: Ես շոկի մեջ եմ, ցնցված եմ: Ուկրաինայի, նաեւ ամբողջ աշխարհի կայքերում սեւ փիառ է գնում: Անկեղծ, ձեռքս սրտիս վրա դնելով ասում եմ. առաջին ցանկությունս էր՝ գնալ ֆեդերացիա, նայել այն անձանց աչքերին, որոնք այսպիսի որոշում են կայացրել: Բոլորի անունից խոսել չեմ կարող, սակայն, այն ինչ ինձ է վերաբերվում, ակումբում տեղեկանալով, թե նրանք ինչ ապացույցներ են ունեցել, պարզապես, ցնցված եմ: Նրանք անմիջական ոչ մի ապացույց չունեն: Ցանկանում, որ դա լսելի լինի հանրությանը, որպեսզի չթաքնվենք: Եթե ֆեդերացիան ինչ-որ անձնական հակակրանք ունի կամ այլ բան կա, ուզում եմ, որ դրանք հիմնավորվեն փաստերով: Ես ցնցված ու ճնշված եմ: Ու կրկնում եմ, որ գնալու եմ մինչեւ վերջ: Սա սկզբունքային հարց է»,-հայտարարեց «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ, ուկրաինացի  մասնագետ Սերգեյ Լիտովչենկոն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031