Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Խոսքի դեմ՝ բռունցք

Դեկտեմբեր 08,2016 10:10
cec

Մհեր Սեդրակյանի եւ Առաքել Մովսիսյանի գործն ապրում եւ բարգավաճում է: Հիմա նրանք «շնորհակալական ուղերձներ» են հղում իրենց գործընկեր Ռուբեն Հակոբյանին՝ «իրեն տղամարդու պես պահելու» եւ «էդ լրագրողների հախից գալու» համար: Քանի որ պարոն Հակոբյանի հետագա քաղաքական կարիերան դժվար է պատկերացնել ընդդիմադիր դաշտում, շատ հնարավոր է, որ նրան ընդգրկեն ՀՀԿ (կամ ծայրահեղ դեպքում՝ ԲՀԿ եւ ՀՅԴ) ցուցակում եւ հաջորդ պատգամավորական ժամկետի ավարտից հետո գուցե պարգեւատրեն Հայրենիքի առջեւ ծառայությունների համար երկրորդ կարգի մեդալով: Եվ դա, իհարկե, տրամաբանական կլինի՝ նրանք, հասկանում եք, կերտում են հայոց պետականությունը, իսկ մենք «ոտի տակ ենք ընկնում» մեր սխալ հարցերով:
Չեմ ընդունում՝ «բայց ախր դուք՝ լրագրողներդ, նույնպես մեկ-մեկ համը հանում եք» փաստարկը: Ոչ թե այն պատճառով, որ համը չենք հանում, այլ որովհետեւ մենք պատգամավորներին չենք հայհոյում, չենք ծեծում, իսկ նրանք մեզ վրա համարձակվում են ձեռք բարձրացնել: Մեր «զենքերը» հավասարազոր չեն: Եթե պատգամավորին դուր չեն գալիս լրագրողի հարցերը, նա, միեւնույն է, պետք է բավարար մտավոր ներուժ եւ պատրաստվածություն ունենա այդ հարցերին զուսպ եւ կոռեկտ պատասխանելու կամ եթե չի ցանկանում պատասխանել, ասելու՝ «չեմ մեկնաբանում»: 90 թվականից պատգամավոր լինել եւ այդքանը չկարողանալ անել……թույլ տվեք՝ այս անգամ էլ ես չմեկնաբանեմ: Բոլոր դեպքերում հարցին (թեկուզ ամենավատ, ամենասխալ, ամենաանհեթեթ եւ սադրիչ հարցին) բռունցքով պատասխանելը թուլության եւ անզորության նշան է:

Ինձ դո՞ւր են գալիս գործընկերներիս բոլոր հրապարակումները: Անշուշտ՝ ոչ: Երբեմն այնպիսի վերնագրեր ես կարդում համացանցում, որ ապշում ես, թե ինչու են օգտատերերն այդ հղումը բացում: Մոտավորապես` «Պուտինն ու Օբաման քննարկել են Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հարցը»: Եթե այդ` ակնհայտորեն հնարած լուրերը վերաբերում են կոնկրետ անձանց, արժե՞ արդյոք նյարդային, հիստերիկ, տղայական, խուժանական, փողոցային ձեւով արձագանքել: Թերեւս՝ ոչ: Հատկապես, երբ «թիրախը» օժտված է նախարարի կամ պատգամավորի բարձր կարգավիճակով: Արդյո՞ք մենք՝ լրագրողներս, մշտապես տալիս ենք լուրջ, իմաստալից, մտածված հարցեր: Ըստ ամենայնի՝ ոչ: Պե՞տք է արդյոք ի պատասխան դուր չեկած հարցերի առաջարկել` «համարները հանենք, իշշնենք ձոր»: Միանշանակ՝ ոչ: Արդյո՞ք ես կարծում եմ, որ այս անգամ նույնպես պատգամավորի բռնությունը լրագրողի նկատմամբ անպատիժ կմնա: Վստահաբար՝ այո:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան լրիվ համաձայն եմ ձեր այս դիտարկման հետ. Եթե պատգամավորին դուր չեն գալիս լրագրողի հարցերը, նա, միեւնույն է, պետք է բավարար մտավոր ներուժ եւ պատրաստվածություն ունենա այդ հարցերին զուսպ եւ կոռեկտ պատասխանելու

    Ես Հայաստանում այսպիսի մեկ պաշտոնյա եմ ճանաչում՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյան: Վերջ: Դե եթե 18 նախարարի մեջ մեկն է կոռեկտ՝ ամբողջի 0,18 տոկոսը, ուրեմն կառավարությունը կոռեկտություն չունի: Եթե այս 18-ին գումարենք բոլոր պաշտոնյաներին՝ մարզպետ, կառավարությանն առընթեր մարմնի ղեկավար, կոռեկտության բացակայությունը կդառնա բացասական ցուցիչ

  2. Հ.Շ. says:

    Հայաստանում արուների մօտ տղայական կռվազանությունը ափսոսալի – եւ նաեւ խղճալի -, մնայուն երեւոյթ է: Ոչ անպայման բռունցքով, այլ խօսքերով, սոսկալի նայվածքներով, դէմքի արտահայտություներով, մարմնի շարժումներով, միշտ գոռացող ձայնով, ամբողջ կեցվածքով՝ ոնց որ ամէն վարկյան, որեւէ պատճառով կամ առանց պատճառի, մէկը մյուսին խփելու պատրաստ է, հարվածելու տրամադիր: Նոյնիսկ երբ որ կատակում են կամ քէֆ են անում, նոյնիսկ երբ որ ծիծաղում են, որ քովի սենյակից լսես, կարծես մարդիկ կռվում են: Տեւաբար պոռչտուք, լարվածություն, ջղայնություն եւ զայրոյթ: Սա մի քիչ հանդարտեցէք ալ, ի՜ւֆ:

    Մանաւանդ քաղաքական անձնաւորության մը կողմէ լրագրողի նկատմամբ մարմնային բրտությունը անընդունելի է, որեւէ պարագայի: Այս պարագային, հարկաւոր իսկ չէր այդքան ինքնաքննադատություն կատարել:

    Ի դէպ, ԱՄՆ-ի նոր նախագահը – արդարացիօրէն – դժգոհ է լրագրողներից, եւ գտած է լուծումը՝ նրանց հետ նվազագոյն չափով է խօսում, եւ իր խօսքը – պարզօրէն- կարճ ու կտրուկ – ուղղում է ուղղակի քաղաքացիներին, Համացանցի միջոցաւ: Արտակարգ, աննախադէպ եւ շատ ազդու է մօտեցումը: Վստահաբար աւելի արդյունաբեր՝ քան թէ բռունցքի հարվածներ:

  3. Artur says:

    Ինչպես ժողովուրդն է իրեն կենցաղում պահւմ, այնպես էլ լրագրողները ու դեպուտատներն են վարվում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031