Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսական գայլն ու մշակութային գառը. «տոնածառային» ներկայացումները «մաֆիայի» ուշադրության կենտրոնում

Դեկտեմբեր 20,2016 13:11

Գաղտնիք չէ, որ բազմաթիվ «սև» գործեր իրականացվում են գեղեցիկ, բարոյական, ամենամարդասիրական ձևակերպումների դիմակների տակ:

Ահա եկավ ձմեռը և ամբողջ տարվա անհողդողդ-բետոնային անտարբերությունից հետո հանդիսային (և ոչ հանդիսային) կազմակերպություններն «ամենահոգատար» կերպով «ազգի» երեխաների համար բեմադրում են չափից ավելի շատ ներկայացումներ և սեպտեմբեր ամսից սկսած այդ ներկայացումների տոմսերն իրացնելու համար մտնում են մարաթոնյան վազքի մեջ:

Թվում է, թե դա զուտ «մշակութային» նախաձեռնություն է, որին մասնակցելու են թատերախմբերը, դպրոցները, ծնողներն ու երեխաները և իշխանական մյուս «կարևոր», «բարձր» օղակները զբաղված կլինեն «իրենց» գործերով տոնական ներկայացումների 20-25 օրերի ընթացքում: Բայց ամենևին այդպես չէ:

Բացահայտ է, որ ամենացածր տոմսային արժեքի դեպքում անգամ, եթե հաջողվում է իրացնել նախատեսված դահլիճների տոմսերը, ապա հնարավոր է ապահովել անհրաժեշտ բոլոր ծախսերը՝ դահլիճների վարձատրություն, դերասանների վճարներ, բեմադրական տոնական ծախսեր, շատ  դեպքերում նաև նվերների փաթեթներ երեխաների համար:

Վերջապես տարվա ընթացքում միայն մեկ անգամ մի երեք շաբաթների ընթացքում ամբողջ երկիրը զբաղվում է երեխաների տոնական օրերը կազմակերպելու բարձր բարոյական և «մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության» խնդիրներով: Ավելի լավ էլ ի՞նչ կարելի է ուզել հայրենի երկրից ու իշխանություններից:

Բայց արի տես, որ «տոնածառների» հարցի կազմակերպումն ամենևին էլ մշակութային խնդիր չէ, այլ զուտ ֆինանսական տեղաշարժերի վերահսկողություն: Իհարկե, բոլորը միաբերան խոսում են երեխաներին որակյալ ներկայացումներ հրամցնելու մասին և «խելամտորեն» և ամենահետևողական հոգատարությամբ «իշխանությունների կողմից» արգելվում է երեխաներ-ծնողներին վաճառել «ցածրորակ» ներկայացումների տոմսեր: Իսկապես գեղեցիկ է հնչում: Բայց «որակական» այդ խնդիրները լուծում են ոչ այն մարդիկ, ովքեր թեկուզ մի փոքր առնչություն ունեն արվեստի հետ, դրանք իշխանական բարձր ազդեցություն ունեցող խիստ աններող ու սարսափելի ցածրաճաշակ քեռիներ են, որոնք թույլ չեն տա իրենց մի ավելորդ լումայի փոխանցումը այն մարդկանց, որոնց իրենք չեն ճանաչում:

«Մշակու՞յթ, ի՞նչ մշակույթ», կարևորը փողի շարժն է: Եվ իրենց չտեսած «անորակ» ներկայացումներին նրանք՝ այդ անհայտ ուժերը չեն թողնի, որ մի տոմս անգամ վաճառվի իրենց վերահսկողությունից դուրս: Իրենք, այդ անհայտ ոչ մշակութային ուժերը, «ավելի լավ են հասկանում մշակույթից», քան թե այն «անմիտ» ու «խաբեբա» արվեստի մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքում զբաղվում են մշակույթով: Այդ իսկ պատճառով ամենախստագույն կերպով արգելված է որևէ մեկին մտնելու դպրոցական կամ մանկական հաստատությունների դաշտ, առանց ՄԱՖԻԱՅԻ թույլտվության, ովքեր գործում են հենց մաֆիայի կանոններով՝ այսինքն՝ երբեք ոչ ոք չպիտի իմանա, թե ով է արգելողը, իսկ հետաքրքրվողներին անմիջապես «շարքից հանել», որ մտքի ծայրով անգամ չանցնի, առանց իրենց իմացության «ինչ-որ » ներկայացումների տանել «իրենց» երեխաներին:

Բացահայտ ու պարզ է, որ այդ ամենը ֆինանսների շարժի վերահսկման բավականին դաժան մեխանիզմներ են, բայց դա դեռ պետք է ապացուցել: Ո՞վ կարող է, իհարկե ոչ ոք, հո այդ խեղճ մշակույթի մարդիկ չեն մտնելու «գայլերի» մեջ ու փորձեն «հարց լուծել» թեպետև օրինական կոչված ճանապարհով:

Քաղաքների, համայնքների, դպրոցների ղեկավարների հետ բազմաթիվ շփումների արդյունքում բացահայտորեն (թեև անապացուցելի) երևում է նաև, որ «գործի գլուխ» կանգնած է շատ բարձր դիրք ունեցող և գերազդեցիկ մի անձնավորություն, որի գրեթե մասնավոր «բիզնեսն» է դա և ոչ ոք առանց իր իմացության այդ տարածք ոտք դնել չի կարող: բացահայտ է նաև, որ դա շատ ավելի բարձր դիրք է, քան մարզպետների և քաղաքապետերի դիրքն է: «Շան գլուխը»՝ այս դեպքում «գայլի գլուխը», գտնվում է «հանրապետական» իշխանական ամենաբարձր ատյաններում՝ կառավարությունում կամ ավելի բարձր՝ նախագահականում, մնացած «մահկանացուներին» այդ ուժը տրված չէ և ոչ ոք այդ թափի կարողություն չունի հանրապետության բոլոր դպրոցների ղեկավար կազմերում այդ չափի «ահ ու սարսափ» տարածելու համար: Բայց ոչ ոք իհարկե չի կարող այնքան «պլոճիկ» ունենա, որ փորձի գտնել այդ գրեթե մեկ անձին և փորձի խանգարել իր «բիզնեսին». կյանքով կհատուցի դրա համար, քանի որ իսկապես շատ մեծ գումարների բացառիկ պտույտի իրական հնարավորությունը ոչ մի գնով չպետք է զիջել որևէ «մի ամլիկ մշակութային գառի»՝ «էդ էր պակաս»: Թե չէ «դեմի ձորակից» «գայլը կկտրի իր դեմը» և «խոսքին կտա այս ձևը»՝ «այ, դու փսլնքոտ ոչխարի լակոտ, դու ինչի՞ տեր ես, որ գաս դնչովդ, քթով պնչովդ ջուրս պղտորես: Բռնեմ դունչդ, կտրի շունչդ»….. և շարունակությունը բոլորս գիտենք … «ասավ հասավ գառանը, առավ թռավ անտառը»: Վերջում պարզ է «այստեղ ի՞նչն է գլխավոր. Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»: Իշխանաֆինանսական Գայլի մոտ մշակութային Գառը միշտ էլ մեղավոր կլինի:

Այնպես որ «տոնածառների հարցը» ֆինանսական հարց է, ոչ թե մշակութային: «Մշակու՞յթս, որն է, երբ այդքան փող է պտտվում»: «Դրանք էին պակաս»: «Մարդ են դառել, փող են ուզում աշխատել»: «Փսլնքոտներ»՝ «դե արի ու մի ասա»:

Ինչպես վերջին ժամանակներում ընդունված սովորություն է դարձել, մեր կյանքում տեղ գտած ամենաբարդ խնդիրներով դիմում ենք հանրապետության վարչապետին: Այս հարցով ևս կուզենք դիմել պարոն Կարեն Կարապետյանին, մանավանդ դեռևս «մի քանի օր» մնացել է այս բարդագույն հարցին պատշաճ լուծում տալու համար:

Խնդրում ենք, պարոն Վարչապետ, նախ ի հայտ բերեք ամանորի «տոնածառերի տոմսերը վերահսկող» ամենազոր անձին, որը բարձր դիրք ունի եւ ամենայն հավանականությամբ, ուժային կամ հարկային կառույցների հզոր ներկայացուցիչ է (ավելի ցածր դիրքն այդքան սարսափելի չէ) ազատեք երեխաներին ու ծնողներին նրանցից, ձևավորեք բացառապես մշակութային մի հանձնախումբ, ովքեր շատ արագ կկողմնորոշվեն պատրաստվելիք ներկայացումների մեջ՝ ելնելով «մշակութային» դեռ չերևացող մոտեցումներից, որպեսզի նրանք «հավասարաչափ» բաժանեն հարյուրավոր միլիոնների հասնող գումարը ստեղծագործական խմբերի և մինչև 18 տարեկան երեխաների մեջ:

Պետք չէ այդ խնդիրը թողնել բարձրիշխանական մաֆիայի, քաղաքապետարանի, ԿԳ նախարարության կամ ոչ էլ նույնիսկ մշակնախարարության վրա, այլ հիմա պետք է ստեղծել լայն լիազորություններով օժտված բազմամասնագիտական հանձնախումբ, մշակույթի ոլորտի ղեկավար դիրքով: Թե ոչ, ապա այս տարի ևս «բարձր որակի» անվան տակ երեխաներն ու ծնողները կհայտնվեն ամենամյա խաբեության ճիրաններում, քանի որ հարցը ամենևին էլ մշակութային չէ, այլ… գայլային, ֆինանսական և ոհմակային:

Ինչ վերաբերում է՝ թե հետո կանդրադարձվի այդ հարցին, ապա եթե այս պահին, երբ դեռ ժամանակ կա և հենց դրա մեջ ենք, չարվի, ապա դա կգնա մոռացության գիրկը ճիշտ մինչև մյուս տարի այս ժամանակը չափով: Թե չէ, երբ «տոներն անցնեն», ո՞վ պիտի մտնի այս «գլխացավանքի» տակ: Իսկ եթե «գլխացավանք» է, դա թող դա լինի մեկ անձի կամ մեկ խմբի համար և ոչ թե հանրապետության բոլոր երեխաների ու իրենց երեխաների համար ամեն ինչի պատրաստ ծնողների համար:

Լևոն Իվանյան

Հանդիսային արարողությունների ռեժիսոր

Երևան համերգասրահի գեղարվեստական ղեկավար, տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031