Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարվեստական ստեղծագործությունները եւս կարող են «բուժել»

Հունվար 12,2017 12:30

Ընթերցողը գրքում մշտապես տեսնում է տարբեր իրավիճակների մեջ հայտնված
մարդու տարբեր հակազդումները եւ դրանց արդյունքում առաջացած հետեւանքները

Գրքեր կարդալու դրական ազդեցության մասին գիտեն բոլորը: Դժվար թե գտնվի այնպիսի մեկը, որ գոնե չփաստի, որ այն զարգացնում է մարդուն, հասունացնում, ավելի խելացի դարձնում եւ այլն: Սակայն ոչ բոլորին է հայտնի, որ գեղարվեստական գիրք կարդալը ունի հոգեբանական ազդեցության կոնկրետ մեխանիզմներ եւ հանդիսանում է հոգեթերապեւտիկ մեթոդ: Հոգեբան Մանուկ Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ դեռեւս Հին Եգիպտոսում փարավոնի գրապահոցի վրա գրված է եղել «Հոգու դեղատուն» արտահայտությունը:

Ըստ հոգեբանի` գիրք կարդալու հոգեբանական ազդեցությունը պայմանականորեն կարող ենք բաժանել 2 ուղղության`

1. Ընդհանուր զարգացվածություն, աշխարհայացքի ընդլայնում, անձնային եւ հոգեւոր աճ:

2.Հոգեթերապեւտիկ ազդեցություն՝ կոնկրետ հոգեբանական խնդրի լուծում, հոգեկանի շտկում:

«Երկրորդ դեպքում բիբլիոթերապիան օգնում է լուծել այնպիսի անձնային եւ սոցիալ-հոգեբանական խնդիրներ, ինչպիսիք են նեւրոզները, ներանձնային կոնֆլիկտները՝ ընտրություն կատարելու երկընտրանքի առջեւ կանգնած անձի համար, փոխհարաբերությունների հետ կապված բարդությունների լուծում, հուզական ոլորտի խանգարումներ (դեպրեսիա, հուսահատություն եւ այլն), կամքի ուժի, լավատեսության, մոտիվացիայի ու ոգեշնչման պակաս, էքզիստենցիալ վակուում` կյանքի իմաստի կորուստ, դատարկության զգացում»,- նշում է Մանուկ Խաչատրյանը:


Գեղարվեստական ստեղծագործության ազդեցության հոգեբանական մեխանիզմների մասին խոսելիս` հոգեբանը առանձնացրեց հետեւյալ կետերը`

1. Սյուժեն, որպես իրական կյանքի իրավիճակների մոդել, որտեղ տրված է վերջինիս հանդեպ հերոսի ընկալումները, վարքը, տարբեր իրավիճակների կոնկրետ լուծումներ: Սա ընթերցողի համար սոցիալական փորձի ձեռքբերման լավագույն ձեւերից մեկն է:

2.Կերպարների հետ նույնականացում: Բացի նույնականացման եւ ընդօրինակման մեխանիզմից, այստեղ հաճախ գործում է նաեւ պրոյեկցիա հոգեբանական պաշտպանական մեխանիզմը, որը անձի հոգեվիճակի, մտքերի ու ցանկությունների վերագրումը, փոխանցումն է այլ անձի եւ երեւույթին (ընդհանրապես, բոլոր տիպի ստեղծագործական արտադրանքի նման, գրական ստեղծագործությունը եւս, որպես այդպիսին, հեղինակի հոգեվիճակի պրոյեկցիայի արդյունք է): Այս դեպքում ընթերցողը սեփական հոգեվիճակի եւ մտքերի արտացոլանքը գրական հերոսի մեջ տեսնելով՝ հնարավորություն է ունենում իրեն կողքից տեսնելու, ռեֆլեքսիա անելու, այսինքն՝ սա բերում է անուղղակի ինքնաճանաչման: Իսկ մենք գիտենք, որ ցանկացած հոգեբանական ազդեցություն, հոգեկանի փոփոխություն սկսվում է ինքնաճանաչումից, որից էլ սկսվում է կյանքի տարբեր երեւույթների եւ իրավիճակների հանդեպ ունեցած դիրքորոշումները վերագնահատելը, փոխում է իրավիճակների ընկալումները, ընդլայնում աշխարհայացքը:

3. Ընթերցողը գրքում մշտապես տեսնում է տարբեր իրավիճակների մեջ հայտնված մարդու տարբեր հակազդումները եւ դրանց արդյունքում առաջացած հետեւանքները: Դա հնարավորություն է տալիս ու դրդում է նրան վերլուծել իր անցած կյանքը, վերանայել իր ներկայի որոշումները եւ ձեւավորել ապագայի այս կամ այն խնդիրների դեպքում կոնկրետ վարքային հակազդման մոդելներ, այլ կերպ ասած` ընթերցողը մտածում է, թե ինչպես կվարվի ինքը, եթե հայտնվի նման իրավիճակում:

4. Ապրումակցում, հույզերի եւ զգացումների մարզում:

5. Նորմալիզացիա` հերոսի մոտ տեսնելով սեփական խնդիրը, ընթերցողը հասկանում է, որ նման խնդիր կարող է ուրիշ մեկը եւս ունենալ:

6.Գրքում ընդգծված կոնկրետ մտքեր, որոնք ազդում են մարդու վրա, ոգեշնչում, նրան մղում սեփական կյանքը փոխելու ակտիվության, օգնում են ճանաչելու իր կյանքում կատարվող կամ կատարված երեւույթների պաճառները:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ»

11.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031