Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՊՊԾ գնդի գրավումից հետո՝ հուլիսի 20-ին զանգվածային անկարգությունների մասնակցելու եւ ոստիկանների հանդեպ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի (ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի եղբայրը) եւ Արման Առաքելյանի գործի քննությունը:

Ոստիկանը տեղեկացրեց, որ իրեն ենթակա ծառայողներից չորս-հինգ հոգի վնասվածքներ են ստացել. «Քարը դիպել է ձեռքին, ոտքին, շրթունքին»:
Ամբաստանյալների պաշտպան Արա Ղարագյոզյանը վկայից հետաքրքրվեց, թե ինչ նկատի ունի «ամբոխ» ասելով: «Ամբոխը ժողովրդի կողմից ստեղծված խումբ է, որը չի կառավարվում»,-պատասխանեց Վահան Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Ապա պաշտպանը հարցրեց, թե վկան ինչից ենթադրեց, որ քաղաքացիների գործողություններն ապօրինի են եղել: Ոստիկանն էլ ասաց, որ նրանք հավաքվել են, ապա հարձակվել ոստիկանների վրա:
-Այսինքն, եթե քաղաքացիները հավաքվում են, ուրեմն…,-ցանկացավ ճշտել Արա Ղարագյոզյանը:
-Քաղաքացիները տենց բան չէին անի,-հակադարձեց վկա ոստիկանը:
-Բա իրենք ի՞նչ էին, քաղաքացի չէի՞ն:
-Ամբոխ…
Հաջորդիվ պաշտպանի մյուս հարցերին ի պատասխան վկա ոստիկանն ասաց. «Ի՞նչ իմանամ, դու եք հարձակվել մեր վրա…»:

Պաշտպան Արա Ղարագյոզյանը շարունակեց հարցերը.
-Ձեր վերադասի ցանկացած հրաման կատարո՞ւմ եք:
-Այո:
-Այսինքն, եթե հրաման տան հրացանով կրակել քաղաքացիների վրա, պետք է կատարե՞ք այդ հրամանը:
-Բայց մենք հրացան չունենք:
Պաշտպանը հստակեցրեց հարցը.
-Քաղաքացիների կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող հրամաններ կատարո՞ւմ եք:
-Իմ ծառայության ընթացքում տենց հրամանի չեմ հանդիպել…
Նիստի այլ մանրամասները՝ հաջորդիվ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































