Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը մնաց անփոփոխ:
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր որոշեց մերժել Խաչատրյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը բացակայելու արգելքը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ:
Ալումյանը իր միջնորդության հիմք որպես ներկայացրեց Սեյրան Օհանյանի եւ Ռուզաննա Խաչատրյանի դստեր՝ արտասահմանում սովորելու հանգամանքը, ասաց՝ երեխան բավականին լուրջ սթրեսային վիճակում է՝ ծնողներից կտրված ու քննական շրջանում: Ալումյանը խնդրում էր փոխել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը եւ թույլ տալ Խաչատրյանին մեկնել դստեր մոտ:
Կարդացեք նաև
Դատարանը մերժեց միջնորդությունը՝ հիմնավորելով, որ այդ հարցը քննարկվել է 11 օր առաջ եւ դրանից հետո որեւէ նոր հանգամանք չի ներկայացվել խափանման միջոցը փոխելու անհրաժեշտության համար:
Հիշեցնենք, որ Ռուզաննա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի և Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով, ինչպես նաև, 2022 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ռուզաննա Խաչատրյանը դեմ էր դատարանում նկարվելուն, ուստի հրապարակում ենք նրա ֆեյսբուքյան էջից լուսանկարը




















































