Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրիարքի ընտրություններն էլ կապեցին Էրդողանի հետ

Փետրվար 02,2017 15:41

Միհրան Մանուկյան

Akunq.net. Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամն ու Հիմնադրամների փոխօգնության և փոխադարձ կապի հարթակը նախագահող Պետրոս Շիրինօղլուն նախագահ Էրդողանի հետ հանդիպումից հետո նոր զարգացումներ արձանագրվեցին` պատրիարքի ընտրության առնչությամբ: Համաձայն Շիրինօղլուի՝ Էրդօղանը հայտնել է, թե «հանրաքվեից անմիջապես հետո անցնելու են պատրիարքի և հիմնադրամների ընտրություններին:

Այսպիսով՝ հայ համայնքի առաջ ոչ միայն անորոշ ժամանակ է դրվել, այլև այս հարցը թողել են Էրդողանի հայեցողությանը:

Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամն ու Հիմնադրամների փոխօգնության և փոխադարձ կապի հարթակը նախագահող Պետրոս Շիրինօղլուն հունվարի 18-ին հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում՝ նախագահական նստավայրում, ժամը 16:30-ին: Մեկ ժամ տևողությամբ հանդիպումից հետո Պետրոս Շիրինօղլուն «Ակօս»-ի մեկնաբանել է հանդիպման հիմնական կետերը.

«Հայ համայնքում կա կարծիք, թե պատրիարքի ընտրությունները խոչընդոտում է Պետրոս Շիրինօղուն: Այս հարցի և մեր համայնքում առկա մյուս խնդիրների շուրջ հեռախոսազրույց ունեցա նախագահի հետ, և նա շտապ հանդիպում նշանակեց: Հանդիպումը, որին մասնակցում էր նախագահ Ռ.Թ. Էրդողանն ու Հիմնադրամների վարչության պետ Ադնան Էրթեմը, տեղի ունեցավ Անկարայում՝ նախագահական նստավայրում, ժամը 16:30-ին: Հանդիպման օրակարգում էին մեր համայնքային խնդիրները՝ պատրիարքի և հիմնադրամների ընտրությունը: Նախագահին հայտնեցի, որ տարիներ շարունակ չենք կարողանում պատրիարք ընտրել, և դրա համար մեր համայնքի որոշ անդամներ ինձ են մեղադրում, այնուհետև խնդրեցի, որ պատրիարքի և հիմնադրամների ընտրություններ անցկացնենք:

Նախագահ Էրդողանը պատասխանեց. «Նախկինում, երբ դիմել էիք, թույլ էինք տվել մեկ անգամ 1863 թ. կանոնադրության համաձայն ընտրել: Մենք ուզում էինք, որ ձեր կանոնադրությունը ինքներդ պատրաստեք: Նախկինում, վարչապետությանս օրոք պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ հանդիպման ժամանակ ևս նույն բանն եմ ասել: Այդ ընտրություններն ուշացան, սակայն ձեր պատճառով էր, մենք էլ չմիջամտեցինք: Վարչապետության համակարգի վերաբերյալ հանրաքվե անցկացնելուց անմիջապես հետո կանցնենք պատրիարքի և հիմնադրամների ընտրություններին»»:

Հիվանդանոցի դիմացի հողատարածքը

2014 թ. Սուրբ Փրկիչ հիվանդանոցին վերադարձված հողատարածքը հետ վերցնելու նպատակով վարչական դատարանի որոշումը բեկանելու համար քաղաքապետարանը դիմել էր Պետխորհրդին: Իսկ Պետխորհրդի 10-րդ վարչությունը աննախադեպ արագությամբ որոշում էր կայացրել և հիմնավորելով, թե քաղաքապետարանի կողմից սեփականացված հողատարածքը չի կարող վերադարձվել հիմնադրամին, բեկանել էր վարչական դատարանի վճիռը: Հայցը վերաքննվելու է դարձյալ վարչական դատարանում: Շիրինօղլուն նշեց, որ այս հարցը ևս եղել է նախագահի հետ հանդիպման օրակարգում և մանրամասնեց.

«Դեռևս տարիներ առաջ կայացած հանդիպումների արդյունքում հողակտորի խնդիրները լուծվել էին: Հողակտորը հատկացրել էին հիվանդանոցին, որից հետո Զեյթինբուրնուի թաղապետարանն ու Հիմնադրամների գլխավոր վարչությունը հայց էին ներկայացրել դատարան: Դատարանը բավարարել էր հայցը: Հանդիպման ժամանակ տեղեկացրեցի, որ այժմ ծրագրում են լողավազան կառուցել այնտեղ: Նախագահ Էրդողանն էլ իմ ներկայությամբ Հիմնադրամների գլխավոր վարչության պետ Ադնան Էրթեմին կարգադրեց խնդրին լուծում տալ»:

«Եթե դիմենք, ապա գործընթացը կարագացվի»

Պետրոս Շիրինօղլուի և նախագահ Ռ. Թ. Էրդողանի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ պատրիարքի ընտրությունները հանրաքվեից հետո են անցկացվելու, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք դիմումի համար էլ պետք է սպասել հանրաքվեին:

Վերջին զարգացումների առնչությամբ իր կարծիքը «Ակօս»-ին հայտնեց Հոգևոր խորհրդի նախագահ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը. «Պետք է դիմում ներկայացնենք, իմ կարծիքը սա է: Նախագահը նման բան է ասել, խոսքը երաշխիք է: Պատրիարքական ընտրություններ են անցկացվելու: Հետևաբար, եթե դիմում ուղարկենք, ապա գործընթացը կսկսվի: Երևում է՝ նախագահն անձամբ տեղյակ է խնդրից: Չնայած, մյուս կողմից էլ, պաշտոնական դիմումը ոչինչ չի փոխի, բայց գոնե գործընթացը կարագացվի: Խոսքը երաշխիք է: Եթե հիմիկվանից դիմում ներկայացվի, ապա գործընթացը կսկսվի: Եթե նամակն այժմ ուղարկվի, միգուցե հարցն օրակարգ բարձրացվի հանրաքվեից անմիջապես հետո»:

Պատրիարքական ընտրությունները մնացին առաջիկա գարնանը

Գործընթացին անմիջականորեն հետևող փաստաբան Սեպուհ Ասլանգիլը զարգացումների վերաբերյալ իր կարծիքն է հայտնել «Ակօս»-ին. «Տեղեկություն չունեմ, թե ինչպես է կազմակերպվել հանդիպումն, ու ինչ են խոսել հանդիպման ժամանակ: Տեղեկացել եմ մամուլից: Իմ կարծիքով պատրիարքի ընտրությունն այնպիսի հարց չէր, որին կարելի էր մասնակից դարձնել նախագահին: Ընտրությունն ինքնին անկախ գործընթաց է: Նախ անհրաժեշտ էր դիմումը նահանգապետարան ուղարկել, որից հետո միայն զարգացումների և առաջարկների մասին տեղեկացնել նախագահին: Եթե դիմում չկա, նախագահն ի՞նչ անի: Դեռևս ընտրություն անցկացնելու ցանկություն չկա: Հետևաբար, ուղին, որն ընտրել են, թերի է: Նախ պետք է դիմում ուղարկեին, այնուհետև հանդիպման ժամանակ այդ մասին հայտնեին: Ըստ էության, համայնքի կողմից ընտրություն անցկացնելու վերաբերյալ շոշափելի որևէ քայլ չի արվել: Բացի այդ, պատասխանն էլ մխիթարական չէ: Հայոց պատրիարքի ընտրությունը ի՞նչ կապ կարող է ունենալ Թուրքիայի հանրաքվեի հետ: Հանրաքվեի դրական կամ բացասական արդյունքներն ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ: Այս տեսանկյունից, կարծում եմ, որ սխալ էր նման ձևով հարցն օրակարգ բարձրացնել: Նախ պետք էր նահանգապետարան դիմում ուղարկել, հետո միայն օրակարգ բարձրացնել: Որքանով որ հասկանում եմ, սա նշանակում է՝ մինչև հանրաքվեն չավարտվի, ոչ ոք դիմում չի ներկայացնելու: Սխալ ուղի է, քանի որ դիմումից հետո 5-6 ամիս է հարկավոր ընտրություններին պատրաստվելու համար: Ասել է, թե ընտրությունները մնացին գալիք գարնանը»:

Փայլանի պարզաբանումները

Նույն հանդիպման ժամանակ Պետրոս Շիրինօղլուն օրակարգ է բարձրացրել նաև նախագահ Էրդողան և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Ստամբուլի պատգամավոր Կարո Փայլանի հետ խորհրդարանում տեղի ունեցած զրույցը:

Հանդիպման վերաբերյալ Շիրինօղլուն «Ակօսին» և «Անադոլու» գործակալությանը հայտնել է. «Խորհրդարանում Կարո Փայլանի ելույթը դուր չի եկել ինչպես պատգմավորներին ու հասարակությանը, այնպես էլ` հայ համայնքին: Մեր համայնքի 99 %-ն անհանգստացած է այս պարզաբանումներից: Որպես հայ` նմանատիպ պարզաբանումները համարում ենք սխալ ու անտեղի: Հարցի վերաբերյալ մեր անհանգստության մասին հայտնեցի նաև նախագահ Էրդողանին: Սա միայն իմ կարծիքը չէ. այն կիսում է մեր համայնքի 99 %-ը»:

Հիշեցնենք, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Ստամբուլի պատգամավոր Կարո Փայլանը հունվարի 13-ին Սահմանադրության 11-րդ հոդվածի փոփոխության վերաբերյալ հունվարի 13-ի քննարկումների շրջանակներում իր ելույթի ժամանակ ասել էր՝ «1913-923 թթ. հայերը, ասորիները, հույներն ու հրեաներն անհետացել են: Մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով նրանք այս հողերից կա՛մ աքսորվեցին, կա՛մ էլ փոխանակման ենթարկվեցին»:

Ելույթից հետո Փայլանի հասցեին Արդարություն և զարգացում, Ժողովրդահանրապետական, Ազգայնական շարժում կուսակցությունների պատգամավորների կողմից հակազդեցություն էր գրանցվել: «Ցեղասպանություն» բառի պատճառով Փայլանը զրկվել էր Թուրքիայի ազգային մեծ ժողովի երեք նստաշրջանի մասնակցությունից, իսկ նրա ելույթը տեղ չէր գտել արձանագրություններում:

Նորից հին հիվանդությունները

Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամն ու Հիմնադրամների փոխօգնության և փոխադարձ կապի հարթակը նախագահող Պետրոս Շիրինօղլուի` նախագահ Էրդողանի հետ ունեցած հանդիպման արդյունքները պետք է որ լինեն ամենաակնառու օրինակն առ այն, որ հայ համայնքի ղեկավար դասը տարիներ շարունակ ջանում է կանգնեցնել այն նույն անիվը, որի մեջ հայտնվել է, և երբեք դաս չի քաղում անցյալից: Ըստ էության, այն որ հանդիպումը տեղի ունեցավ ԹԱՄԺ-ում Կարո Փայլանի ելույթից անմիջապես հետո, արդեն իսկ շատ խոսուն էր: Մեր ոչ վաղ անցյալի քաղաքական կեցվածքը՝ պետության կամ էլ կառավարության ոտքը վազելով «Վայ ամա՜ն, այս ընկերը մեզանից չէ», ցավոք, դեռ շարունակվում է: Այն արտահայտությունը, թե «Մեր համայնքի 99 %-ն այս խոսքերից անհանգստացած է», շատ ցավալի է:

Իրականում այդպե՞ս է: Չենք կարծում: Բնականաբար, կան մարդիկ, ովքեր չեն կիսում Փայլանի տեսակետը, սակայն ասել. թե նրանք կազմում են 99-ը %, ասել է թե` ջուր ծեծել: Նախագահի ոտքը վազելով, ժողովրդական լեզվով ասած, Փայլանին «ծախելու» իմաստն ի՞նչ է:
Ցավոք, այս դիրքորոշումը մեզ քաջ հայտնի է: Հատկապես 1980-ական թթ. վերջին մեր կյանքն այդպես է անցել: Երբ որ հայ համայնքի ղեկավար դասին անհանգստություն պատճառող որևէ ձայն է բարձրացել, փորձել են կտրել այդ ձայնը, եթե չի հաջողվել, ապա այդ մարդուն «հանձնել են» պետական բարձր ատյաններին:

Ցավ ի սիրտ, մեր, այսինքն հայ համայնքի ապագայի համար հուսադրող չէ տեսնել, որ այսքանից հետո այդ դիրքորոշումը ոմանց համար դեռևս գրոշի արժեք ունի, և որ շատ հանգիստ դիմում են նման քայլերի:

Եթե հիշում եք, երբ Էրդողանը հայաստանցի ներգաղթյալների վերաբերյալ ասել էր` «Եթե անհրաժեշտ լինի, երկրից կվռնդեք նրանց», անմիջապես այս հայտարարությունից հետո նույն Շիրինօղլուն վազել էր Էրդողանի հետ հանդիպման և հանդիպումից հետո էլ ասել՝ «1915 թ. Տեղի ունեցածը ցեղասպանություն չէ, այլ երկու մտերիմ ընկերոջ միջև եղած կռիվ-վիճաբանություն»:

Շիրինօղլուն կարող է այդպես մտածել, սակայն իր կարծիքը հայ համայնքի անունից ներկայացնել ու մտածել՝ կարող է հայ համայնքի անունից խոսել, նշանակում է ժխտել այս հողերի վրա հայերի իրականությունը: Անկեղծ ասած չգիտեմ՝ Դուք ինչպես, բայց մեզ համար ծանր է իմանալ, որ եթե այդ օրը հնարավորություն լիներ, ապա Փայլանի վրա հարձակված պատգամավորների մեջ կարող էին լինել նաև հայ համայնքի ղեկավարները:

Հիմա անդրադառնանք պատրիարքական ընտրությունների առնչությամբ ստեղծված տարօրինակ դրությանը… Չնայած դադարներին և դանդաղ ընթացքին՝ փոխանակ թողեինք, որ գործընթացն իր հունով ընթանար, ինքներս մեր ձեռքով այն կապեցինք նախագահական նստավայրի և հանրաքվեի հետ: Եվ ի՞նչ տրամաբանությամբ:

Հիմա բոլոր պատճառաբանություններն արդարացվելու են հանրաքվեով, ապրիլը մեզ համար մի նոր սահմանագիծ է: Երևում է` սա էլ է ընտրության գործընթացը հսկել ցանկացողների ինտրիգների, կուլիսների հետևում հարձակումների համար պատճառ դառնալու:

Ի՞նչ կարող էր լինել սրա փոխարեն: Ինչպես նախորդ շաբաթ հայտարարվել էր, գործընթացը կարող էր իր հունով ընթանալ. կարիք չէր լինի նահանգապետարանից հանդիպում ակնկալել, ինչպես որ հարկն էր` կտեղեկացնեին, եթե պետության կողմից որևէ խոչընդոտ նկատվեր, այն ժամանակ միայն բարձր ատյաններին կդիմեին:

Սակայն Շիրինօղլուն իր այս վերջին քայլով գործընթացը հանձնեց պետության նախաձեռնությանը: Թափանցիկություն գոռալով` դոփում ենք նույն տեղում: Համայնք, ավելի ճիշտ ղեկավար դաս, որն ինքնուրույն պատրիարքական ընտրություն անգամ չի կարողանում կազմակերպել, սեփական զավակներին մրոտում է պետության առջև:

Լավ, այս մարդիկ վերջին 100 տարուց, հատկապես վերջին 10 տարուց որևէ դաս չքաղեցի՞ն:

https://www.agos.com.tr/tr/yazi/17562/agosun-manseti-patriklik-secimi-de-erdogana-baglandi

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728