Լրահոս
Օրվա լրահոսը

Կորդեբալետի հայ արտիստները «փրկեցին» Բելգիայի թագավորական բալետը

Փետրվար 09,2017 12:30

Մանրամասնում է բալետային խմբի վարիչ Բորիս Էմինյանը

Հազվադեպ է պատահում, երբ հյուրախաղերի է մեկնում որեւէ թատրոնի կորդեբալետի խումբը: 83-ամյա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կենսագրության մեջ առաջին անգամ կորդեբալետի արտիստները (թվով 21 պարող) հունվարի 27-29-ը մասնակցեցին Բելգիայում կայացած Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերային:

«Առավոտի» խնդրանքով բալետային խմբի վարիչ Բորիս Էմինյանը պարզաբանեց, որ հյուրախաղերի բանակցությունները սկսվել էին դեռեւս անցյալ տարվա մայիսին, իսկ օպերային թատրոնը հրավերը ստացել էր դեկտեմբերին:

Բորիս Էմինյանն ու Յուրի Գրիգորովիչը:

«Սպարտակի» խորեոգրաֆն էր մեծանուն Յուրի Գրիգորովիչը, որի հետ աշխատում էր Փարիզի Grand Opera-ի նախկին եւ Բելգիայի թագավորական բալետի ներկայիս գլխավոր բալետմայստեր Օլիվիեր Պատյեն, իսկ բեմադրող դիրիժորը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Սպարտակի, Ֆրիգիայի, Կրասոսի, Էգինայի գլխավոր դերապարերով հանդես եկան տեղի բալետի եւ հրավիրյալ արտիստներ: Այս մոնումենտալ ստեղծագործությունում, որը հագեցած է բազմապլան դրամատուրգիայով, սուր հակադրություններով, հոգեբանական ու զգացմունքային դիպուկ բնութագրերով, անկասկած, գլխավոր դերակատարում ունի կորդեբալետը: Առանց չափազանցության, ներկայացման երեք օրերին էլ հանդիսատեսը հատուկ ողջունում էր մեր տղաներին, վանկարկելով՝ բրավո, հայեր: Տեղի մամուլն էլ հատուկ անդրադարձավ մեր բալետի արտիստների բարձրարվեստ պարին ու խաղին»,- հայտնեց Բորիս Էմինյանը: Հետո էլ հավելեց. «Չեմ կարող ասել, թե աշխարհում սա Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիայով «Սպարտակի» որերորդ բեմադրությունն է, բայց բալետմայստերը մեզ ասաց, որ անցյալ տարվա դեկտեմբերին մեծ հաջողությամբ կայացել է «Սպարտակի» իր տարբերակը նաեւ Մյունխենում, հետո էլ ժպտալով հավելեց, թե նպատակ է դրել, ինչքան ուժերը ների, խաչատրյանական այս մեծակտավ ստեղծագործությունը բեմադրել այն թատրոններում, որոնք ինչ-ինչ պատճառներով դեռեւս չեն անդրադարձել այդ գործին»:

Տեսարաններ Բելգիայի թագավորական բալետի «Սպարտակից»:

Ի դեպ, Գրիգորովիչը Մեծ թատրոնում բեմադրել է «Սպարտակը» 1968թ., Երեւանի թատրոնում՝ 2009թ., մինչ այդ ազգային օպերային թատրոնում «Սպարտակն» ունեցել է 4 բեմադրություն: Այն 1961թ. իրականացրել է Չանգան, իսկ ընդհատումներով 1978, 1982 եւ 1987թ.՝ Վիլեն Գալստյանը: Ընդհանրապես «Սպարտակը» առաջին անգամ բեմադրվել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում՝ 1956թ.:

Անդրադառնալով մեր կորդեբալետի կայացած հյուրախաղին, մեր զրուցակիցը հատուկ նշեց, որ վերջինիս «սերմը» գցել է Գրիգորովիչի ասիստենտը՝ Ռուսլան Պրոնինը, որը անցյալ տարվա գարնանը Երեւանում էր եւ հատուկ աշխատում էր կորդեբալետի հետ՝ հենց այս բեմադրության համար: Մենք էլ հիշեցնենք, որ «Առավոտին» տված հարցազրույցում (16.04.2016թ.) Պրոնինն ասել էր. «Ձեր կորդեբալետը լավ վիճակում է, նույնիսկ մեկ-երկու արտիստներ կարող են այսօր համալրել Մեծ թատրոնի բալետային խումբը»:

Մեր բալետի արտիստների հասցեին ջերմ խոսքեր էր շռայլել նաեւ ինքը՝ Գրիգորովիչը, նույնիսկ այնքան էր տպավորված պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանի արվեստով, որ երեւանյան պրեմիերայի օրը հայ պարուհու համար Մեծ թատրոնի թանգարանից վերցրել էր Ֆրիգիայի հագուստը, որով ժամանակին ներկայացել էր իր տիկինը՝ անվանի Նատալյա Բեսսմերտնովան:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ ստացվում է՝ առանց մեր կորդեբալետի արտիստների մասնակցության Բելգիայի թագավորական բալետում «Սպարտակ» չե՞ն ներկայացնելու: Բորիս Էմինյանը ժպտալով ասաց, թե այնտեղ տղամարդ պարողների «սով» է, հետո էլ հավաստիացրեց, որ իսկապես առանց մերոնց այդ բեմադրությունը չի կարող ներկայացվել: Եվ հավանաբար առաջիկայում հիշյալ ներկայացման առիթով կրկին կհրավիրվեն մեր արտիստները:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

08,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728