Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան կժամանեն վիրտուոզ երաժիշտներ. մեկնարկում է Music Drive երևանյան միջազգային փառատոնը

Մարտ 09,2017 14:58

Մարտի 9-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Ռոք ասոցիացիայի» նախագահ Վարդան Գրիգորյանը եւ մի շարք հայտնի ռոքերներ խոսեցին Music Drive երևանյան միջազգային փառատոնից, որը կանցկացվի մարտի 24-ին, 25-ին և 26-ին։ Music Drive-ի գլխավոր համակարգող Վարդան Գրիգորյանը նշեց, որ միջազգային փառատոնին կմասնակցի ութ խումբ՝ Անգլիայից, Շվեդիայից, Դանիայից եւ այլ երկրներից, կլինեն վիրտուոզ երաժիշտներ նաեւ շատ լավ խմբեր Հայաստանից: «Նպատակն այն է, որ այստեղ էլ անցկացվող ռոք, ջազ փառատոները նկատելի լինեն քաղաքակիրթ աշխարհում: Ի թիվս «դրսի» այլ խմբերի, կմասնակցեն «Հյումըն էլեմենտը», «Անեկդոտը», «Ագենդ Ֆրեսկոն» եւ այլ խմբեր»,- ասաց փառատոնի կազմակերպիչը:

Հայկական խմբերը ելույթ կունենան Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, իսկ ՀԲԸՄ դահլիճում հանդիպում կլինի «Հյումըն էլեմենտի» վիրտուոզ երաժիշտների հետ:

Մշակույթի նախարար Ամեն Ամիրյանը խոսելով ռոք փառատոնի մասին, ասաց, որ այն գալիս է ավելի գունազարդելու մեր գարունը: «Ուրախ եմ, որ դրսից այդքան շատ ռոք խմբեր են գալիս: Ուրախ եմ, որ համերգները կկայանան ոչ միայն դահլիճում, այլեւ դրսային հատվածում»,-նշեց նախարարը:

Նաեւ հավելեց, որ փառատոնից հետո կթողարկվեն հավաքածուներ:

Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանը հավաստիացրեց, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են զբոսաշրջիկներին գրավելու առումով: «Մենք փառատոնային շրջանակներում բերում ենք հեղինակավոր խմբերի, հայտնի մարդկանց, սակայն մասնակցում են միայն հրավիրվածները: Մեր փառատոները միջազգային հարթակներում դիրքավորվելու խնդիր ունեն: Ունենք հարուստ մշակութային ժառանգություն, նաեւ ժամանակակից արվեստ, որը պատվով կարող ենք ներկայացնել ցանկացած երկրում»,-հավելեց Խզմալյանը:

Aravot.am-ի դիտարկմանը, թե փառատոնը անցկացվում է ընտրություններից մի քանի օր առաջ, արդյոք դա չի ներկայացվի որպես ՀՀԿ-ի քարոզարշավի մաս, մանավանդ մշակույթի նախարարը ՀՀԿ-ական է, Արմեն Ամիրյանը կարճ պատասխանեց. « Ո՛չ, չի ներկայացվի»:

Վարդան Գրիգորյանի համոզմամբ, մեր ռոք երաժիշտների պարագայում միայն PR-ն է թույլ ու մի քիչ կտրված ենք աշխարհից, մինչդեռ մեր երաժիշտներն ավելի որակյալ են ու ավելի մտածող: Նրա խոսքով. «Մենք ինքներս մեզ մի քիչ թերագնահատում ենք, բայց Հայաստան եկող խմբերի հետ նույն լեզվով ենք շփվում, ոչ մի խնդիր չունենք ոչ կատարման մակարդակի, ոչ նյութի որակի, ոչ էլ այլ առումով»:

Մշակույթի նախարարը նկատեց, որ նմանատիպ փառատոները, բացի մշակութայինից, ունեն նաեւ տնտեսական մուլտիպլիկատիվ ազդեցություն:

«Ոստան Հայոց» ռոք խմբի անդամ Դավիթ Մուշեղյանը նեղսրտեց լրատվամիջոցների պակաս տեղեկացվածությունից, ասաց, որ մի քանի օր առաջ Թբիլիսիում ելույթ էին ունենում տարածաշրջանային ռոք փառատոնի ժամանակ, սակայն հայկական ԶԼՄ-ները դրան չեն անդրադարձել: Վահան Արծրունին էլ հավելեց, որ ինքը քանի տարի է Հայաստանն այդ փառատոնում ներկայացնում է որպես ժյուրիի անդամ:

Հավելենք, որ Music Drive փառատոնը կկայանա մշակույթի նախարարության աջակցությամբ, 32 մլն դրամ է ծախսվում փառատոնի վրա, ինչը նախարարի խոսքով մեծ չէ, եթե հաշվի առնվեն փառատոնի հնարավոր մշակութային, տնտեսական, զբոսաշրջային ազդեցությունները:

Կազմակերպիչների խոսքով, մեր ռոքերները չեն զիջում «դրսի» երաժիշտներին, օրինակ` Արա Խզմալյանը հիշեց, թե ինչպես էր տարիներ առաջ Մատենադարան այցելած Յան Գիլանը կես ժամ շարունակ կլանված լսում Վահան Արծրունու՝ միջնադարյան շարականների մշակումները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031