Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանի խոշորացված համայնքներում կստեղծվեն այլընտրանքային նախադպրոցական կրթական հաստատություններ

Մայիս 25,2017 18:57

Այսօր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակը, Լոռու մարզի Թումանյան բազմաբնակավայր խոշորացված համայնքը, «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը եւ «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ն Լոռու մարզպետարանում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Նշված կազմակերպությունները Թումանյան համայնքի Աթան, Մարց, Շամուտ եւ Ահնիձոր բնակավայրերում կիրականացնեն այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայություն:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, կարեւորելով ծրագրի իրականացումը, իր խոսքում նշեց, որ կան աշխատանքներ, որոնք համայնքային բյուջեի սղության պատճառով հնարավոր չէ կյանքի կոչել: Դրանցից են օրինակ, հենց նախադպրոցական կրթական հաստատությունների հիմնումն ու պահպանումը. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել, հատկապես այն հանգամանքի համար, որ դուք ուշադրության կենտրոնում պահեցիք կրթության ոլորտը: Որովհետեւ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ գյուղական համայնքներում մենք ֆինանսական խնդիրներ ունեինք եւ չէինք կարողանում լիարժեք ծառայություններ մատուցել, հատկապես՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններ պահելու համար: Այս առումով, այսօր Մոտկորի համար պատմական օր է»:

Ծրագրի շրջանակներում մարզի՝ Աթան, Մարց, Շամուտ եւ Ահնիձոր բնակավայրերում կստեղծվեն կրթական հաստատություններ: Բնակավայրերի 3-6 տարեկան երեխաները հնարավորություն կունենան օրական 3-4 ժամ կրթություն ստանալ:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայն ասաց, որ իրենք կփորձեն այնպես անել, որպեսզի մանկապարտեզներում ստեղծվեն համապատասխան կրթական պայմաններ նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների համար. «Ի սկզբանե, երբ որ մենք մտածել էինք այս հաստատությունները հիմնադրել, դրանք ամբողջական ներառական չեն եղել: Քանի որ դա ավելի մեծ ծախս է պահանջում եւ մասնագիտական առումով ավելի մեծ ներդրում է պահանջում, որպեսզի մասնագետները կարողանան այս երեխաների հետ աշխատել: Բայց մենք կաշխատենք այդ ուղղությամբ»:

Ներկայումս մանկապարտեզներ կան միայն Թումանյան, Քարինջ, Լորուտ բնակավայրերում: Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Լեւոն Զավարյանն ասում է, որ մնացած 4 բնակավայրերում եւս եղել է մանկապարտեզի անհրաժեշտությունը, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով եղածները փակվել են, նորերն էլ չեն բացվել: Համայնքի ղեկավարն ասում է, որ 4 համայնքներում բացվող մանկապարտեզների պահպանման համար համայնքային բյուջեից տարեկան կծախսվի ավելի քան 4 միլիոն դրամ.

«4 միլիոն դրամի ֆինանսական բեռ կլինի, բայց դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մենք դա անում ենք երեխաների համար: Սա մեր երեխաների դաստիարակության համար լուրջ քայլ է: Ամեն ինչ էլ պատրաստ ենք անելու, քանի որ սա գյուղ զարգացման համար է, որ մարդիկ մնան գյուղում: Իսկ այդ գումարները համայնքներից կգտնենք: Բնակավայրեր կան, որ 40 միլիոն դրամի պարտք ունեն: Սեղմելու եմ, ով որ փողերը չի տվել հավաքելու եմ ու դնեմ իրենց երեխաների կրթության համար: Ժողովուրդը պետք է սովորի, որ պետք է նաեւ հարկեր տա»:

Ներկայումս Թումանյան համայնքում կան 3-6 տարեկան 80 երեխաներ:

Իսկ մանկապարտեզներում երեխաների հետ աշխատող մասնագետներն այս պահին անցնում են համապատասխան վերապատրաստման դասընթացներ. «Ընտրել ենք այնպիսի մարդիկ, որ ունենան բարձրագույն կրթություն: Խնամի, ծանոթ, բարեկամ մի կողմ ենք դրել եւ ընտրել ենք կրթված մարդկանց»,-ասում է Լեւոն Զավարյանը:

Այժմ ընթացքի մեջ են շենքերի վերանորոգման ու կահավորման աշխատանքները: Նախատեսվում է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները երեխաների առջև իրենց դռները կբացեն այս տարվա սեպտեմբերից:

Այլընտրանքային նախադպրոցական ծառայության մոդելը առաջին անգամ իրականացվել է Սյունիքի մարզում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031