Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականը՝ Լեզվի տեսչության հնարավոր լուծարման մասին. «Եթե մեկի գլուխը ցավում է, ուրեմն պետք է կտրեն, մի կողմ գցե՞ն, ոչ, պետք է բուժեն այդ գլուխը»

Հունիս 06,2017 14:47

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման մի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է տարեվերջին լուծարել ԿԳ նախարարության Լեզվի պետական տեսչությունը:

Տեսչության հնարավոր լուծարումը մտահոգեց շատերին, այդ թվում մտավորականներին: Վանաձորի համայնքի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն, բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանն ասում է, որ ոչ մի դեպքում չպետք է լուծարել նման կառույցը. «Տեսչությունը հետեւում էր մեր հայոց լեզվի մաքրությանը, հայոց լեզվով գովազդների կիրառման խնդիրներին: Եթե անգամ վատ էր կատարում իր գործառույթները, չպետք է լուծարեն: Դա նույնն է, ինչ ասենք, եթե մեկի գլուխը ցավում է, ուրեմն պետք է կտրեն, մի կողմ գցե՞ն, ոչ, պետք է բուժեն այդ գլուխը»:

Խորեն Գասպարյանն ասում է՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մայրենի լեզվի պահպանության ու անաղարտության հարցն իսկապես առաջնային էր: Սակայն դա տարիներ առաջ էր: Նրա կարծիքով՝ այսօր մեր երկրում ավելի շատ օտար լեզուն է կիրառվում՝ հայոց լեզվի հաշին:

«Անկախության առաջին տարիներին ուրախանում էինք, որ լեզվի մաքրությանը հետեւում են: Ինքս եղել եմ կրթական համակարգում, տեսել եմ, զգացել եմ: Այսօր հայոց լեզվի գործածման հարցը վատ վիճակում է գտնվում: Իսկ օտար լեզուների կիրառումը ավելի վնաս է հասցնում մեր լեզվին: Ես դեմ չեմ, որ օտար լեզուներ իմանան, դա կարեւոր է, պարզապես կարծում եմ, որ չպետք է մեր լեզվի հաշվին լինի: Ցավալիորեն հենց նրանք չեն հայերեն լավ խոսում, ովքեր օտար լեզու էլ չգիտեն»:

Մտավորականն անհանգստացած է, նրա կարծիքով, եթե մեկ այլ կառույց տեսչության փոխարեն չստեղծվի, որը կհետեւի լեզվի անաղարտության պահպանությանը, ապա այսօր տիրող իրավիճակն ավելի կվատթարանա:

«Օրինակ, ԱԺ որոշ պատգամավորներ, ձեզ թվում է, թե օտար լեզուներ գիտեն, իհարկե՝ ոչ, հայերեն էլ չգիտեն, բարբառախառը, ժարգոնախառը ինչ-որ բառեր են ասում: Լեզվի պետական տեսչությունը պետք է նաեւ դա վերահսկի: Պարտադիր դարձնի գրական, մաքուր հայերենով արտահայտվելը, երբ-որ դու հանրության առջեւ ես հանդես գալիս: Կարելի էր փոխել այնպես, որ կառույցը գործի եւ գործի ճիշտ ձեւով, այլ ոչ թե լուծարել»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիլիթ Հարությունյան says:

    Լեզվաքաղաքականությունը առանձին բնագավառ է, ուստի պետությունը լեզվի բնագավառում քաղաքականությունը պետք է իրականացնի այդ բնագավառի լիազոր մարմնի միջոցով: 1993 թվականից օրենքի ուժով այդ մարմինը Լեզվի պետական տեսչությւոնն է: Տեսչական բարեփոխումների խումբն առանձձահատուկ հետևողականությամբ փորձեց որոշել այնպիսի հարց, որը ամենից առաջ Հայաստանի Հանրապետության Նախագահի իրավազորության ներքո է, քանզի Մայր օրենքի ուժով նա է մեր երկրի անվտանգության երաշխավորը: Անվտանգություն, որի բաղադրիչներից է նաև լեզվական անվտանգությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930