Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. «Նորմալ է, որ դատարանը փորձում է ապահովել շենքում գտնվողների անվտանգությունը». «Հայոց աշխարհ»

Օգոստոս 04,2017 12:25

Հարցազրույց Փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ

-Վերջին շրջանում մեզանում ակտիվացել է դատական կյանքը, իրար հաջորդող դատավարություններից ամեն մեկն ունի իր յուրահատկությունը: Փաստաբանական տեսանկյունից ի՞նչ կառանձնացնեք:

-Այս դատական գործընթացներն, անշուշտ, ունեն իրենց յուրահատկությունները: Դրանցից մեկը այս գործերի ընթացքում անվտանգության ապահովման նպատակով դատարանի իրականացրած խիստ միջոցառումներն են, որոնց կիրառումը, ըստ իս, օբյեկտիվ հիմքեր ունի:

Այս գործերով մարդիկ մեղադրվում են այնպիսի արարքների կատարման համար, որոնք կապված են զենքի օգտագործման ու բռնության հետ։ Բնականաբար, պետությունը պետք է ձեռնարկի դատարանի եւ դատավարության մասնակիցների անվտանգության ապահովման միջոցներ: Մամուլը գրեց, որ մի կին ժիրայր Սեֆիլյանի անունից հայտարարել է, թե պետք է շրջապատել դատարանի շենքն ու ազատել «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Նման հայտարարությունների պայմաններում նորմալ է, որ դատարանը փորձում է ապահովել շենքում գտնվողների անվտանգությունը:

Սակայն, ինչպես գիտեք, հենց այս հարցի շուրջ էլ խնդիր առաջացավ մեր փաստաբանների ու դատական կարգադրիչների միջեւ:

-Բացառվա՞ծ է, որ փաստաբանը կարող է իր հետ նիստերի դահլիճ տանել զենք կամ դատական գործընթացի վրա ազդող որեւէ գրություն եւ փոխանցել իր պաշտպանյալին: Այդ առումով, ի վերջո, արդարացված չէ՞ զգուշավորությունը:

-Անվտանգության տեսանկյունից զննությունն արդարացված է: Բայց այստեղ ունենք հետեւյալ խնդիրը. օրենքով նշված չէ արգելված իրերի ցանկը, փաստաբանն էլ չգիտի, օրինակ, ջրով լցված շիշ տանել կարելի՞ է, թե՞ ոչ: Այստեղ գործ ունենք իրավական բացի հետ:

Եթե դատական կարգադրիչը կասկածում է, որ փաստաբանն իր պայուսակում կարող է ինչ-որ մետաղական իր տանել դահլիճ, ինչը կարող է նաեւ զենք լինել, ապա նա կարող է փաստաբանից պահանջել բացել պայուսակը: Ու եթե փաստաբանը չի բացում իր պայուսակը, կարգադրիչն իրավունք ունի չթույլատրել, որ այդ կասկածելի պայուսակը նա տանի շենք:

Այն, որ դատական համակարգը փորձում է անվտանգություն ապահովել՝ անտարակույս ընդունելի է: Սա նաեւ մեր փաստաբանների իրավունքների պաշտպանությունն է: Եթե վաղը մեկ այլ գործով անվտանգության միջոցառումներ չիրականացվեն ու դրա պատճառով մեր փաստաբանները տուժեն, ես որպես Փաստաբանների պալատի ներկայացուցիչ կմեղադրեմ դատական համակարգին անհրաժեշտ պայմաններ չապահովելու համար, քանի որ բոլորի, այդ թվում՝ փաստաբանների անվտանգությունն ապահովողը դատարանն է: Հետեւաբար դատարանի կողմից անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը ճիշտ է:

Բայց դա պետք է այնպես կազմակերպվի, որ չտուժի փաստաբանի մասնագիտական արժանապատվությունը: Ի վերջո, փաստաբանն ընկալվում է որպես արդարադատության համակարգի կարեւորագույն սուբյեկտ: Փաստաբանը պետք է տարբերվի շարքային քաղաքացուց, քանի որ ունի որոշակի արտոնություններ, նրան չի կարելի խուզարկել, կանչել որպես վկա՝ իր փաստաբանական գործերով, նրանից չի կարելի փաստաթուղթ առգրավել:

Մեր փաստաբաններն, օրինակ, մատնանշում են, որ ի տարբերություն իրենց, մեղադրողներին չէին զննում: Սա, իհարկե, խտրական վերաբերմունք է:

-ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի ու Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունները ընթանում են նույն սցենարով. փաստաբանները տարբեր պատճառներով չեն գալիս դատարանի դահլիճ կամ ինչ-ինչ հայտարարություններ են անում ու հեռացվում դատական նիստերից, դատավորը նրանց նկատմամբ սանկցիաներ է կիրառում ու սանկցիաների շղթան այսպես ձգվում է. մինչեւ ո՞ւր: Արդարացվա՞ծ են այդ սանկցիաները:

-Նախորդ ամբողջ տարվա ընթացքում 24 սանկցիա է կիրառվել փաստաբանների նկատմամբ, իսկ այս մեկ ամսվա դատավարությունների շրջանակում արդեն 30 սանկցիա ունենք: Սա նշանակում է, որ կա խնդիր:

Փաստաբանների պալատի խորհուրդն իր նախկին որոշումներով նշել է, որ առանց նախագահողի թույլտվության փաստաբանը չի կարող լքել դատարանի դահլիճը, փաստաբանի պարտականությունն է մնալ դատարանի դահլիճում: Բայց կան այլ դեպքեր եւս, երբ խորհուրդը հարգելի է համարել փաստաբանի կողմից դահլիճը լքելը՝ հաշվի առնելով դատավորի ոչ օրինական գործողությունները փաստաբանի կամ նրա վստահորդի հանդեպ, ինչի պատճառով փաստաբանն այլընտրանք չի ունեցել արդյունավետ պաշտպանություն իրականացնելու ու լքել է դահլիճը: Նման դեպքերում Պալատը համարել է, որ փաստաբանն ունի հարգելի պատճառ:

Հիմա, թե որքանո՞վ է արդարացված այս սանկցիաների կիրառումը, չեմ կարող ասել, ես չեմ որոշողը, ես պարտավոր եմ վարույթ հարուցել, ինչն արդեն արել եմ, գործը կհանձնվի Փաստաբանների պալատի խորհրդին, որն էլ յուրաքանչյուր սանկցիա մանրակրկիտ կքննարկի եւ կտա իր գնահատականը՝ արդարացվա՞ծ են փաստաբանների քայլերը, թե՞ ոչ:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031