Բերքահավաքի սեզոն է. դեպի Հայրենյաց գյուղ տանող ճանապարհին ընկած ցորենի արտերում մարդիկ ցորենի բերքն են հավաքում, իրենց ասած՝ պոչերը՝ ծղոտը, առանձին դարսում, տուկ են անում՝ որպես ձմեռվա անասնակեր: Հայրենյացիք դժգոհ են բերքից: Ասում են՝ էլ վաղուց առաջվանը չի. «Կարճլիկ-մարճլիկ ցորեն ա, լավը չի սերմացուն, պարարտանյութն էլ մի բան չի: Ոռոգման ջուր էլ չունենք: Քանի տարի է՝ արտերը չենք ջրում, անձրեւով ենք ջրում»: Իսկ եթե տեղումները սակավ լինեն, գյուղացիք ասում են՝ «Քաշվանք, ուրեմն»:

Այս համայնքի բնակիչներից շատերն էլ մեկնում են արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն, որոշներն էլ հարեւան համայնքի քարհանքերում են աշխատում: Գյուղացիք ասում են. «Չարքաշ կյանքով ենք ապրում: Ստեղի կլիման էլ մի բան չի, որ անասունները 2-3 ամիս արոտավայրում արածեն, էն էլ չկշտանան, քո համար ոնց ա: Ոչ կարում ենք հողը նորմալ մշակենք, ոչ կարում ենք նորմալ անասուն պահենք: Հա, հող էլ ենք մշակում, անասուն էլ ենք պահում, բայց մեծ դժվարությամբ, դրանցից օգուտը քիչ ա, տանջանքը՝ շատ»:


Հայրենյացի գյուղապետ Գեւորգ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասում է՝ տարիներ շարունակ փորձում են ոռոգման ջրի խնդիրը լուծել, չի հաջողվում: Սկզբում մտադրվել էին Սառնաղբյուրի ջրամբարից մինչեւ Մարալիկ փակ խողովակաշարով ջրի հարցը լուծել, այդպես, կարծում էին, մոտ 200 հեկտար հողատարածք կոռոգվեր, բոլոր հետազոտություններից ու համաձայնություններից հետո պարզվել էր, որ ջրամբարում կուտակվող ջուրը բավարար չէ անգամ ջրի ամենաշատ կուտակման դեպքում, ջրամբարի տարողունակությունը քիչ է:
Գյուղապետն ասում է՝ մյուս տարբերակը Հոռոմի ջրամբարն է, բայց էդ էլ ընդամենը մտադրություն է. «Խորհրդային տարիներին Հոռոմի լճից եկող խողովակաշար կար, մենք էլ պոմպակայան ունեինք, նորմալ ոռոգվում էր տարածքը: Սովետի փլուզումից հետո խողովակաշարերն ապամոնտաժեցին, ջուրը վերացավ էս համայնքից: Էդ ոռոգման հարցը չի լուծվում երկար տարիներ, ու բոլոր ինստանցիաներում գիտեն էս խնդրի մասին: Մեր գյուղը ժամանակին բարձր բերքատվություն ուներ, հիմա շատ ցածր է, կոնկրետ էս տարի 5 ցենտներ է 1 հեկտարից, իսկ ժամանակին 40-50 ցենտներ բերք էր լինում»:
Գյուղապետն ասում է՝ բացի ոռոգման ջրից, նաեւ հողի սնուցման խնդիր էլ կա, գյուղապետն էլի կարոտով հիշում է. «Խորհրդային տարիներին հողը բազմակողմանի սնուցվում էր, ցանքաշրջանառությունն էր պահպանվում, որը հիմա չկա, հիմա լավագույն դեպքում ազոտականն է, ու բոլորը դժգոհ են»:

Հայրենյացում գյուղնախարարության կոոպերատիվի ծրագիրը չաշխատեց. գյուղապետն ասում է՝ գյուղացիք չհամաձայնեցին:
Հիշեցնում եմ վարչապետի հորդորը՝ համայնքներից եթե լավ բիզնես-ծրագիր ներկայացվի, կառավարությունը կֆինանսավորի: Գյուղապետն ասում է. «Մենք չենք գտնում էն բիզնեսը, որն այստեղ կաշխատի, բնական հումք չկա, այստեղ դաշտավարությունն ու անասնապահությունն է, որի համար բավարար արոտավայրեր չկան, խոտհարք չկա, 7-8 ամիս անասունը ներսն է՝ գոմում, էն մնացած ժամանակ էլ դրսում է ուտում, բայց լիարժեք չի կերակրվում, սա բիզնեսի առումով ձեռնտու չէ: Դե հողագործությունն էլ ձեռնտու չէ, քանի ոռոգման ջուր չկա:
Ախր ճանապարհ էլ չկա, ամեն անգամ խոստանում են ու չեն անում: Բայց տեսնենք, էս անգամ էլ խոստացել են 2018-ի ծրագրում ներառեն, որ մեր գյուղից մինչեւ Պեմզաշենի խաչմերուկ ասֆալտապատեն»:
Հայրենյացի ոռոգման ջրի խնդիրը առաջիկայում էլ կարծես թե լուծվելիք բան չէ: Գյուղապետն ասում է՝ մեծ փողերի հարց է, իսկ Շիրակ ՋՕԸ-ի տնօրեն Ռուստամ Գրիգորյանն էլ ասում է, որ իրենց ընկերության բալանսում Հայրենյացը չկա ու չկա. «Իրենք երբեք պայմանագիր չեն ունեցել ոռոգման համար, էդ համայնքը մեր համակարգի մեջ չի մտնում»:
Իսկ հայրենյացիք ասում են. «Որտեղ ջրի կաթիլ է ընկնում՝ ծաղկում է, նույնն էլ մեր գյուղը, որ դաշտերը կարանանք ջրենք՝ կարգին բերք կստանանք, մենք էլ մեր աշխատանքից գոհ կլինենք, բերք կունենանք, էս թշվառությանն էլ հալբաթ վերջ ըլնի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.08.2017


















































