Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակում երաշտը մեծ պարտքերի տակ է գցել գյուղացիներին

Օգոստոս 08,2017 19:17

«Հացահատիկի բերքահավաքը մարզի ցածրադիր հատվածներում կարելի է ասել ավարտվել է, ու շատ վատ է վիճակը, լավ բերքի ակնկալիք չկա։Նույնիսկ ոռոգովի, պարարտացված հողերում բերքը շատ քիչ է եղել։ Սա մեծամասամբ կապված է երաշտի հետ։ Հացահատիկի դաշտերից ստացված բերքով մարդիկ եկամտի ոչ մի ակնկալիք չունեն, նույնիսկ տուժել են։ Տուժողներից մեկն էլ կոնկրետ ես եմ․ վարձակալությամբ վերցված ամեն մի հեկտար հողի մեջ, իմ հաշվակներով, 170-180 հազար դրամ տուժվել եմ»,-Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց Ազատան գյուղի բնակիչ Գևորգ Աբրահամյանը։

Մեր զրուցակցի ասելով, չնայած այս վիճակին՝ հացի սղություն չի լինի թե՛ մարզում, թե՛ Հայաստանի ողջ տարածքում, քանի որ  առավոտից իրիկուն զբաղված են ՌԴ-ից հացահատիկ ներկրելով։ «Միշտ էլ ներկրել են, միայն Լարսը փակվելու դեպքում չեն ներկրում։ Միշտ էլ ներկրել են թե՛ Արցախից, թե՛ Ռուսաստանի Ստավրոպոլի, Կրասնոդարի երկրամասերից, լիքը, ինչքան ուզես, ներկրում են։ Այսինքն` ստացվում է, որ Հայաստանում հացահատիկ ցանես, չցանես, միևնույնն է, իրենց հեչ հետաքրքիր էլ չէ, կլինի, չի լինի, մեկ է՝ դրսից կարող են էժան բերել։ Կրասնոդարում, Ստավրոպոլում շատ էժան է, էժան է ինչի՞ հաշվին, իրենց ծախսերի հաշվին, մեկ հեկտար հողակտորի վրա մարդը պիտի շատ չարչարվի, որ ստեղծի, այնտեղ հազարավոր հեկտարներ են, հսկայական տեխնիկաներ, ոռոգումը շատ քիչ է, այնտեղ էժան է նստում ինքնարժեքից՝ ի տարբերություն մեր մոտի»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ հացահատիկ մշակած գյուղացին ակամա պարտքերի տակ  է ընկել։ Ըստ նրա, եթե վարկ է վերցրել այս նպատակի համար, չի կարողանա վարկը մարել հացահատիկը վաճառելու հաշվին։

«Մի համեմատություն անեմ, ամեն ինչ պարզ կդառնա, ես անցած տարի ցանել եմ ցորեն կոնկրետ 2 հեկտար, այս տարի 4 հեկտար, 2 հեկտարի ծախսը չե՞ս համեմատի չէ՞ 4 հեկտարի ծախսի հետ։ Իհարկե, չես համեմատի, անցած տարի 2 հեկտարից ստացել եմ էնքան բերք, ինչքան որ էս տարվա 4 հեկտարից։ Ինչքան ուզում ես ցանքատարածությունդ ավելացրու, միևնույնն է՝ այս տարին վատն էր։ Մարզի մասշտաբով 60-70 տոկոս հացահատիկի բերքահավաքն ավարտված է։ Տարին ընդհանուր վատն է ամեն ինչի համար, եթե մեղվապահները ասում են, որ մեղր չկա, մեղրի վիճակը լուրջ է,մեղրը քիչ է, նշանակում է մնացած բոլոր բուսատեսակների մեջ մենք արդեն լուրջ խնդիր ունենք»,-ասաց Գևորգ Աբրահամյանը։

Մեր հարցին՝ եթե երաշտ է, այս դեպքում, ըստ ձեզ, ինչո՞վ կարող էին օգնել գյուղացուն, մեր զրուցակիցն ասաց․ «Մեր երկրի ոռոգման համակարգը պետք է լրիվ փոխվի, մենք պետք է ունենանք ցնցուղային, կաթիլային ոռոգումներ, ջուրը չի բավարարում, մեր ջրերի 50 տոկոսը, որ ոռոգում ենք, աննպատակ կորում են դաշտերից, ռացիոնալ չեն օգտագործվում։ Կառավարությունը պիտի լուրջ մոտենա այս հարցին, եթե համեմատենք, թե մենք որտեղ ենք ապրում, ինչ պայմաններում ու որտեղ է գտնվում Իսրայելը, իրոք զարմանալի է, թե անապատում ինչպիսի գյուղատնտեսություն են զարգացնում։Մարդիկ նույնիսկ արտահանում են իրենց արտադրանքը։ Ես Իսրայելի գյուղատնտեսության մասին անընդհատ կարդում եմ, ամեն ամիս ժուռնալ եմ ստանում, անպայման պիտի իրենց փորձից օրինակ վերցնենք, ջուր չունեն, զարգացած գյուղատնտեսություն ունեն, 40-50 աստիճան շոգ ունեն չէ՞ էդ մարդիկ, բայց ծրագիր են մշակել, գիտնականներ են աշխատում։

Մենք էլ մեր փորձով մեր կառավարությանն ասում ենք՝ ճիշտը ոռոգման համակարգը փոխելն է, ջուրը ինչի՞ կորցնենք անիմաստ տեղը, թափվի, գնա, կորի, պիտի անցնել կաթիլային ու ցնցուղային ոռոգման։ Հասկացանք այսօրվա մեր պապական եղանակով ոռոգումը, որոշ դաշտերում դա հնարավոր է, բայց հիմնականում կարտոֆիլի դաշտերում կաթիլային ու ցնցուղային է պետք, մենք անպայման պիտի փոխենք համակարգը, այլապես 10 տարի հետո շատ լուրջ խնդիր կունենաք, տարեկան ջրամբարների ջուրը պակասում է, դա խնդիր է։ Իսկ երաշտի դեմ պայքարել, բնականաբար, հնարավոր չէ, ամբողջ աշխարհը չի կարող պայքարել»,-ասաց մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031