Երեկվա միջադեպը, որի ժամանակ բիլիարդի խաղասրահում մի տղամարդ պատանդ էր վերցրել մի կնոջ եւ դեպքն ավարտվեց պատանդառուի մահվան ելքով, քանի որ դիպուկահարը վնասազերծեց հանցագործություն կատարած անձին, երկու օր է սոցցանցերում, քաղաքացիների շրջանում բուռն քննարկման թեմա է:
Նախ` քննարկվեց, թե ինչու նախքան հանցագործին վնասազերծելը պատանդառուին հոգեբանի աջակցություն չեղավ, ոստիկանության հասցեին նաեւ քննադատություններ հնչեցին, թե ինչո՞ւ դեպքի վայրը չէր մեկուսացվում եւ ոստիկանության գործողությունները կատարվում էին հասարակության աչքի առաջ:
Aravot.am-ի հետ զրույցում քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանն ասաց, որ նման դեպքերում ԱՄՆ-ում, Եվրոպական մի շարք երկրներում դեպքի վայրում աշխատում են վերապատրաստված բանակցողներ, որոնք հոգեբանի բազային կրթություն ունեն:
«Չի բացառվում, որ լինեն սոցիալական աշխատողներ, կրիմինալիստներ կամ ոստիկանության նախկին աշխատողներ, որոնց վերապատրաստում են, որպես բանակցող»:
Ըստ պարոն Գասպարյանի, դեպքի վայրում հոգեբանի ներկայությանը միայն մեկ անգամ ենք ականատես եղել` 2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի դեպքերի ժամանակ, երբ ժամանել էին ԱԻՆ-ի աշխատակիցները, որոնց հետ հոգեբան է եղել. «Հոգեբանական աջակցություն եղավ, բայց թե արդյունքն ինչ եղավ, չգիտենք, բայց կարեւորն այն է, որ հասարակության աչքին երեւաց, որ աջակցություն կա»:
Քրեական արդարադատության հոգեբանը գտնում է, որ ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, ինչու չէ նաեւ քննչական մարմինները, պիտի ունենան հոգեբան-մասնագետներ, որոնք կկարողանան բանակցել հանցագործություն կատարողի հետ, սակայն, ցավալի է, որ չունենք:
«Որովհետեւ պիտի ունենք նաեւ դրա կրթությունը, ամեն հոգեբան-մասնագետ չէ, որ կարող է բանակցել, ամեն հոգեբան մասնագետ չէ, որ նման սթրեսային կամ ճգնաժամային իրավիճակում կարող է կամ ունի բանակցելու այդ հմտությունը: Սրանք հմտություններ են, որոնք պետք է տրվեն հանցագործի հետ բանակցող մասնագետներին, որը չերեւաց ո՛չ ոստիկանության տեսահոլովակում ո՛չ էլ որեւէ պաշտոնական հաղորդագրությունում»:
Պարոն Գասպարյանի խոսքով, դրա անհրաժեշտությունը շատ չի եղել դրա համար էլ ոստիկանությունը չի նախատեսել այդպիսի հաստիք. «Բայց հանցագործությունները, որպես հասակական երեւույթ, փոխվել են եւ դրան զուգահեռ մենք պետք է անընդհատ պատրաստ լինենք ե’ւ հուլիսյան դեպքերի պես դեպքերին ե’ւ այս վերջի դեպքի նման դեպքերին, որտեղ մենք կունենաք պատանդներ: Այդ նույն բանը պարտադիր պետք է ունենա նաեւ քրեակատարողական համակարգը»:

Այսինքն` մենք ունենք նախականխում, կանխարգելում , բացահայտում տերմինը, որոնց բացատրությունները ենթադրել են տալիս, որ դա ռիսկի գնահատումն է, բայց ռիսկ բառը, վտանգ բառը մեր օրենսդրությունում մենք չունենք: Այսինքն` իրավական դաշտում մենք պիտի կարողանանք պատասխանատվություն եւ գործառույթ նախատեսել` դիցուկ վտանգ գնահատելու իմաստով»:
Հոգեբանի խոսքով. «Վտանգը մենակ այն չէ, որ հանցագործություն կատարող անձը կարող է կրակել հասարակության անդամների վրա, վտանգը նա է, որ քո կատարած գործողությունները երբեք քրեական ազդեցություն չեն կարող ունենալ հասարակության վրա: Ինձ, որպես հասարակության անդամ չի հետաքրքրում քո բռնի, նույնիսկ օրենքի շրջանակներում, ֆիզիկական ուժի գործադրման դեպքերը: Ինձ այդ կինոն պետք չէ: Ինձ պետք չեն կինոյի տղաները եւս: Եվ, անկախ նրանից, դու ինչքան ես ուժեղ, ինչքանով ես պատրաստված, ինչքանով ես կարում գեղեցիկ հնարքներ անել` սամբոյի, ձյուդոյի եւ մնացած, դա քո գործն է, հասարակության տեսնելու բանը չէ: Եվ, երբ որ ընդհանրապես հանցագործության դեպքի վայրը փակվում էր հասարակությունից դրա խնդիրը միայն այն չէ, որ մարդիկ չտեսնեն այլանդակված դեմքեր, ավտովթարի արդյունքում մասնատված մարմին, չէ, մարդիկ չեն ուզում տեսնել նաեւ ձեր գործողությունները, որի մի մասը գաղտնի է, որի մասը տգեղ է եւ այլն: Հասարակության աչքից պետք է հեռու պահել: Բայց սա տեխնիկա է եւս, որը պետք է շատ հստակ օրենսդրական կարգավորումներ ունենա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ



















































