Լրահոս
Օրվա լրահոսը

Ուր է տանում Բոլոնիայի գործընթացը

Սեպտեմբեր 09,2017 13:30

Բոլոնիայի գործընթացին անդամակցելը մեր հանրապետությունում տարակարծությունների առիթ տվեց: Ազգովի կիսվեցինք դեմ եւ կողմ բանակների, ու դրանից ելնելով, ցավոք, այդ գործընթացը իր դրական կողմերով ամբողջական չընկալվեց մեր հասարակությունում: Թերեւս, հենց այդ նպատակով պրոֆեսոր Ս. Երիցյանի եւ պրոֆեսոր Ա. Ճուղուրյանի համահեղինակությամբ վերջերս հրատարակվեց «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երեւանից-Փարիզ» խորագրով վերլուծական ձեռնարկը, նպատակ ունենալով ընթերցողի հետ եւս մեկ անգամ կիսվելու բարձրագույն կրթական բարեփոխումների ձեռքբերումների եւ բացթողումների մասին:

Պիտի համամիտ լինեմ հեղինակների այն մտքի հետ, որ գործընթացը մեր հանրապետությունում մինչ այժմ այդպես էլ իր խորքային զարգացումները չստացավ: Ավելին, համալսարաններում այն ընկալվեց ընդամենը կրեդիտային համակարգի ներդրում (որն, ի դեպ, մինչ այժմ կիսատ-պռատ է) եւ մասնագիտական բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ (որտեղ մինչ այժմ էլ մագիստրատուրան դեռեւս կայացման փուլում է, իսկ ասպիրանտուրան լիարժեք չէ): Իսկապես, ուր է տանում մեզ Բոլոնիայի գործընթացը: Հենց այս հարցադրումն է, որ կարմիր թելի պես անցնում է հրատարակված վերլուծական ձեռնարկում:

Բոլորովին վերջերս Երեւանը դարձավ Բոլոնիայի գործընթացի մայրաքաղաք եւ ի պատիվ մեզ, հենց Երեւանում գումարվեց Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում ընդգրկված երկրների գագաթաժողով (2015թ., մայիսի 14-15), ընդունվեց միասնական հռչակագիր մեր հետագա անելիքների մասին: Սակայն, գագաթաժողովն անցավ գնաց, իսկ գործընթացը դեռեւս դոփում է մեր երկրում: Այդպես էլ լրջորեն չարժեւորեցինք Բոլոնիայի համաձայնագրի առավելությունները: Իսկ դրանք թիրախավորված են ոչ միայն ակադեմիական զարգացումներին, այլեւ լուծում են ուսանողների շրջանում սոցիալական խնդիրներ, շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցեր, կրթական շուկայում մրցակցային առավելությունների հասանելիության հիմնախնդիրներ, բուհերի ինքնաֆինանսավորման հնարավորություններ: Այսինքն, Բոլոնիայի գործընթացը շոշափում է այն արդիական խնդիրները, որոնք իրենց հրատապ լուծումներին են սպասում հենց մեր բուհական համակարգում:

Չափազանց անհիմն եմ համարում ձեւավորված հանրային այն կարծիքը, որ Բոլոնիայի գործընթացը հետադարձ ընթացքի էֆեկտ ունեցավ մեր հանրապետությունում, իբրեւ թե այն քանդեց Խորհրդային Միության ժամանակներում ձեւավորված արդյունավետ բուհական համակարգը ու մեզ տարավ համալսարանական միջավայրի զարգացման անորոշ ուղով: Իհարկե, կա անորոշություն, բայց այն գալիս է բարեփոխումների նկատմամբ մեր պասիվ եւ անտարբեր դիրքորոշումից, եւ ոչ թե Բոլոնիայի գործընթացից, մի գործընթաց, որը ներկայումս բավականին ակտիվ ընթանում է Եվրոպայում եւ իր արդյունքներով ամփոփվելու է 2018 թվականին Փարիզում կայանալիք գագաթաժողովում:

Հենց այս խնդիրներն են լուսաբանվում հրատարակված «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երեւանից-Փարիզ» խորագրով վերլուծական ձեռնարկում, բոլորիս բերելով այն համոզման, որ Բարձրագույն կրթական եվրոպական տարածքում կատարվող բարեփոխումները անշրջելի են եւ դրանցից հրաժարվելը միջազգային կրթական համակարգում մեր երկրին ուղղակիորեն կբերի մեկուսացման: Ուրեմն պետք է հասկանանք, որ Բոլոնիայի գործընթացին լրջագույնս պետք է վերաբերվել, քանի որ այն մեզ տանում է դեպի մասնագիտական կրթության կազմակերպման ժամանակակից համակարգ: Իսկ տեղում դոփելն ու միայն կոսմետիկ բարեփոխումներով բավարարվելը, ինչով որ զբաղված ենք հիմա, ուղղակիորեն բացասաբար կանդրադառնա Բոլոնիայի գործընթացի համբավի վրա, որի ծիլերը արդեն նկատելի են դառնում մեր հանրապետությունում:

 

ՆՈՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

«Առավոտ»

08.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930