Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իմանայի, որ նա անձնագրի մեջ գումար է դրել, նրան ետ կկանչեի եւ կվերադարձնեի այդ գումարը»

Սեպտեմբեր 09,2017 14:30

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Մելսիդա Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել 700.000 ՀՀ դրամի չափով տուգանքը: Նա երկու տարով զրկվել է բժշկասոցիալական փորձաքննությունների ոլորտում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

2015թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Մուրադյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալության Կոտայքի մարզի տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Մելսիդա Դանիելյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Ըստ մեղադրական եզրակացության, նա հոգեկան խանգարում ունեցող հրազդանցի կնոջը հաշմանդամ ճանաչելու եւ հաշմանդամության կարգ սահմանելու դիմաց պոլիկլինիկայում պահանջել եւ 2015 թ. սեպտեմբերի 24-ին աշխատասենյակում անձամբ ստացել էր որպես կաշառք 30.000 ՀՀ դրամ գումար:

Մեկ այլ դրվագով էլ, նա իբրեւ Կոտայքի մարզի տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ, Բյուրեղավանի բնակիչ Հովհաննես Հովսեփյանին հաշմանդամ ճանաչելու եւ հաշմանդամության կարգ սահմանելու դիմաց, նույն օրը նույն աշխատասենյակում ստացել էր 30.000 ՀՀ դրամ գումար կաշառք:
Քննիչի որոշմամբ բժշկի հետ նրան կաշառք տվածներն էլ էին մեղադրվել:

Մելսիդա Դանիելյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակի: Նա ցուցմունք էր տվել, որ իր պրակտիկայում երբեք նման դեպք չի եղել, որ հանձնաժողովն այլ եզրահանգման գա, իսկ ինքը` այլ:

Նա ասել էր, որ Հովհաննես Հովսեփյանին հաշմանդամության կարգ սահմանելու համար գումար չի պահանջել: Բյուրականցին բուժզննում է անցել, որից հետո փորձաքննության օր է նշանակվել: Երբ ստուգել են նրա փաստաթղթերը, նկատել է, որ բացակայում է թիվ 8 ձեւի տեղեկանքը: Բուժքույրն իր հեռախոսից զանգել է քաղաքացուն եւ պահանջել, որպեսզի նա բերի պահանջվող փաստաթուղթը. «Փորձաքննության անցկացման օրը Հովհ. Հովսեփյանն իրեն շատ վատ է զգացել, սակայն ոչինչ չի խոսել, երբ վերջինիս ուղեկցել է մինչեւ դուռը, այդ ժամանակ Հովսեփյանն իրեն է տվել իր անձնագիրը, քանի որ իրենք հիվանդից միշտ պահանջում են անձնագիրը: Անձնագիրն՝ առանց բացելու, դրել է դռան մոտ դրված սեղանի վրա եւ զբաղվել մյուս հիվանդներին զննելով: Ինքը հիվանդի ձեռքից որեւէ գումար չի վերցրել եւ չի էլ պահանջել, եթե իմանար, որ նա անձնագրի մեջ գումար է դրել, նրան ետ կկանչեր եւ կվերադարձներ այդ գումարը»:

Ինչ վերաբերում է 15 տարի հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդից, որը հաշվառված է հոգեբուժարանում, կաշառք ստանալուն, հանձնաժողովի նախագահն ասել էր, թե հիվանդին անձամբ չի ճանաչել: Նա առաջին անգամ հիվանդին տեսել է Հրազդանում:

Բժշկուհին ասել էր, որ ջերմ է վերաբերվել հիվանդին, քանի որ գիտեր, որ հոգեկան խնդիրներ ունի: Փորձաքննության օրը կինը ներկայացել է բուժկենտրոն, որտեղ նրան զննել են մասնագետները. «Երբ հիվանդ կինը դուրս եկավ, դռան մոտ ինձ ինչ -որ ծրար տվեց: Վերցրեցի ծրարը՝ չգիտակցելով»: Ի դեպ, երբ հոգեկան հիվանդից վերցրել է ծրարը, որոշ ժամանակ անց ներս են մտել ոստիկանները եւ պահանջել ծրարը: Ծրարում կար 10.000 եւ 20.000 ՀՀ դրամանոցներ. «Որպես հանձնաժողովի նախագահ՝ իմ պարտականությունները կատարել եմ անձամբ, հանդիսացել եմ նյարդաբան, անձամբ զննել եմ հիվանդներին, հետեւել եմ հանձնաժողովի անդամների աշխատանքին, որպեսզի հանձնաժողովի կազմում ընդգրկված բժիշկները տան օբյեկտիվ եզրակացություն, ժամանակին զննեն հիվանդներին: Հիվանդներին ստուգելուց հետո ինչպես ինքը, այնպես էլ հանձնաժողովի յուրաքանչյուր բժիշկ տալիս է իր կարծիքը եւ ստորագրում այդ կարծիքի տակ, եթե տարաձայնություններ չեն լինում, տալիս են եզրակացություն, իսկ տարաձայնություններ լինելու դեպքում նշանակվում է վերափորձաքննություն: Որպես հանձնաժողովի նախագահ, իմ ձայնը որոշիչ չէր: Լինում են դեպքեր, որ անձամբ իմ բջջային հեռախոսահամարից են զանգում հիվանդներին»:

Մինչդեռ, հոգեկան խնդիրներ ունեցողն ասել էր, թե առաջին հանդիպման ժամանակ Մ. Դանիելյանն իրեն որեւէ բան չի ասել, իսկ երկրորդ անգամ` նա ասել է, որ 100-200 ԱՄՆ դոլար պետք է տա իրեն: Այդ ժամանակ աշխատասենյակում է եղել նաեւ քարտուղարուհին, որը սուրճ էր պատրաստում: Ոչինչ չի ասել. «Մտածեցի, որ ոստիկանության աշխատակիցները կարող են օգնել ինձ, գնացի ու հայտարարություն տվեցի»:

Թե ոստիկաններն ինչ ծրար են տվել, մեջն ինչ է եղել, այս կինը տեղյակ չի եղել:
Ի դեպ, նա Կոտայքի դատարանում հայտնել էր, թե նախաքննության ժամանակ ցուցմունքներ է տվել, սակայն դատարանում չի հիշում, քանի որ հիշողության հետ կապված խնդիրներ ունի:

Դատարանը հրապարակել է կաշառք տված կնոջ ցուցմունքները:

Հիվանդը հոգեբույժից տեղեկացել է, որ իր հիվանդության հետ կապված հնարավոր է՝ հաշմանդամ ճանաչվի եւ հաշմանդամության կարգ ստանա եւ թոշակավորվի: Տեղեկացել էր, որ Կոտայքի մարզում հաշմանդամության կարգ սահմանող հանձնաժողովը Հրազդանում է: 2015թ. սեպտեմբերի 7-ին գնացել է Հրազդանի պոլիկլինիկա, որտեղ հանդիպել է Մ. Դանիելյանին, որի ընթացքում հաշմանդամության խումբ սահմանելու համար բժշկուհին իրենից պահանջել է 30.000 ՀՀ դրամ գումար:

Իսկ դատարանում այս հիվանդն ասաց, թե բժշկուհու հետ որեւէ բան չի պայմանավորվել, հնարավոր է` այդպես է գրել, քանի որ բարկացած է եղել: Ինքը չի իմացել, որ ոստիկանությունում իրեն պետք է գումար տան:

Երկրորդ ամբաստանյալը՝ Հովհ. Հովսեփյանը, հայտնել էր, թե նախաքննության ժամանակ իր նկատմամբ ճնշումներ չեն գործադրվել, քննիչի մոտ ինչ ցուցմունք տվել է` ճիշտ է, եւ համապատասխանում է իրականությանը:

Նա էլ հայտնել էր, թե ողնաշարի հետ կապված խնդիրներ ուներ:

Ցուցմունքի հրապարակումից հետո ամբաստանյալ Հովհաննես Հովսեփյանը հայտնել է. «Նախաքննության ընթացքում, երբ քննիչն իրեն ասել է, որ Մելսիդա Դանիելյանը խոստովանել է, որ գումար է վերցրել, ինքը մտածել է, որ, փաստորեն, Մելսիդա Դանիելյանը տեսել է իր տված գումարը ու այդ մասին ասել քննիչին: Ոստիկանության բաժնում, հարցաքննությունների ժամանակ եղել է շփոթված, քանի որ առաջին անգամ է եղել ոստիկանությունում»:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

08.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930