Լրահոս
Օրվա լրահոսը

Ջորջ Սորոսի հաջողությունը

Սեպտեմբեր 09,2017 15:30

Ռուսական մամուլն ահագին ժամանակ է արդեն՝ ուրախությունից գլուխը կորցրած հայտարարում է, որ Ջորջ Սորոսին տեռորիստ ճանաչելու Թրամփին ուղղված կոչ է նախապատրաստվում։ Սկզբում գրում էին նախապատրաստման մասին, հետո սկսեցին գրել, որ հավաքվել է 50, ապա 63 հազար ստորագրություն, իսկ սեպտեմբերի 2-ին վերջապես հայտարարեցին, որ կոչը հավաքել է 100 հազար ստորագրություն, եւ Սպիտակ տունն արդեն պարտավոր է քննարկել այն։ Ռուսական այդ ուրախությանը միացան հայկական ու ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանը էլ ավելի հեռուն է գնում՝ պաշտոնապես հայտարարելով, որ ադրբեջանական իշխանություններին փողերի լվացման ու կաշառատվության մեջ մեղադրող ուսումնասիրությունների ու հրապարակումների թիկունքում կանգնած են Սորոսը եւ նրա թիմակիցները, ու պահանջում են լուրջ ուսումնասիրության ենթարկել Սորոսի «կեղտոտ գործունեությունը»։

Այսօր դժվար է ասել, թե որտեղից է ծնվել նման կոչ կազմակերպելու գաղափարը, բայց բոլորովին էլ զարմանալի չի լինի, եթե մի օր պարզվի, որ այն ծնվել ու կյանք է ստացել ռուսական ФСБ-ի լաբորատորիաներում։

Ողջ այն հետխորհրդային ժամանակահատվածը, երբ Արեւմուտքը Ռուսաստանին փորձում էր դիտարկել որպես վերափոխված մի միավոր եւ հնարավոր դաշնակից, Ռուսաստանն օգտագործել է 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբներին իր կորցրած հնարավորությունները վերագտնելու, հակաարեւմտյան կառույցներ ու հզորագույն քարոզչական համակարգեր կազմակերպելու համար։ Սա վերջնականապես հասկանալի դարձավ ԱՄՆ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ, երբ պարզվեց, որ Մոսկվան արդեն այդ ընտրությունների արդյունքների վրա ազդելու լծակներ կամ նման լծակներ ձեռք բերելու մեծ հնարավորություններ ունի։ Ու հիմա հսկայական ժամանակ կորցրած ու վտանգը նոր հասկացած ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրները ռուսական ազդեցությանը հակազդող կառույցներ են ստեղծում։ Իհարկե, անկասկած է, որ այս անգամ էլ Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը կավարտվի Արեւմուտքի հաղթանակով, ու ռուսական կայսրությունը նոր ու հերթական հարվածը կստանա, բայց Արեւմուտքի թողտվությամբ բավականին մեծ ժամանակ է կորել։ Այս ընթացքում Ռուսաստանի գլխավորությամբ հասցրել են ձեւավորվել ու ամրապնդվել նախկին խորհրդային տարածքի մեծ ու փոքր ավտորիտար ռեժիմները։ Բոլոր այս ռեժիմների համար մահացու թշնամիներ են համարվում ժողովրդավարություն պահանջող արեւմտյան տարատեսակ կառույցները եւ Սորոսը՝ իր հիմնադրամներով հանդերձ։

1987թ. հունվարին Սորոսը ԽՍՀՄ-ում իր հիմնադրամը բացելու նպատակով Մոսկվա է այցելում ու հյուրընկալվում է ակադեմիկոս Վալերի Սոյֆերին։ Շատ ավելի ուշ՝ արդեն մեր օրերում, Սոյֆերը հիշում է, որ իր մոսկովյան բնակարանում մի քանի ժամ զրուցելուց հետո Սորոսը նրան խնդրում է զանգահարել Սախարովին ու հանդիպում կազմակերպել։ Հանդիպումը կայանում է։ Սորոսի հետ հանդիպումից ու զրույցից հետո Սախարովը հետ է զանգահարում Սոյֆերին ու ասում է, որ Սորոսը չափազանց միամիտ է եւ չի պատկերացնում խորհրդային իրականությունը, եւ որ նրա ողջ գումարը, որ նա նախատեսում է ԽՍՀՄ-ում բաց հասարակություն հիմնելու համար ներդնել, կհայտնվի КГБ-ի գրպանում։ Ինքը՝ Սորոսը, 2016թ. ամռանն իր թիմակիցների հետ ունեցած մի մեծ հարցազրույցի ժամանակ հիշում է, որ Սախարովն իրեն ասել է. «Երիտասարդ, այսպիսով դուք կհամալրեք КГБ-ի բյուջեն», բայց Սախարովի այս մտահոգությանն ինքը հակադարձել է, թե КГБ-ի ձեռքում կհայտնվի իր ներդրած գումարի ընդամենը 30%-ը, իսկ մնացած 70-ը կծառայի իր նպատակին։ «Ինձ հաջողվել էր Հունգարիայում հիմնադրամ կազմակերպել, եւ ես մտածում էի, որ նույնը կհաջողեմ նաեւ Ռուսաստանում։ Ես ինչ-որ չափով միամիտ էի։ Երբ ես բացեցի հիմնադրամը, КГБ-ն սկսեց այնտեղ կարեւոր դեր խաղալ»,- հիշում է Սորոսը։

Հետխորհրդային ժամանակահատվածի հետագա զարգացումները ցույց տվեցին, որ խորհրդային ու հետխորհրդային հատուկ ծառայությունների դերը Սորոսի հիմնադրամներում տարբեր հետխորհրդային երկրներում տարբեր չափով է դրսեւորվել։ Ռուսաստանում այդ դերը չափազանց մեծ էր, բայց ФСБ-ն ցանկանում էր տնօրինել 100 տոկոսը, Բաց հասարակության ինստիտուտը դիմադրում էր, արդյունքում 2014 թվականից Ռուսաստանում այն չի գործում։ Նույն պատճառով այն 1997թ. դադարել է գործել Բելառուսում, իսկ 1996-ից՝ Ուզբեկստանում։ Ղազախստանում նույն նպատակով 2004թ. հիմնադրամի նկատմամբ հարկերից խուսափելու շինծու մեղադրանքով քրեական գործ հարուցվեց։ Հիմնադրամը նահանջեց, 2005-ին քր.գործը կարճվեց, բայց հիմնադրամն արդեն հանդուրժելի է ղազախական իշխանությունների կողմից։ Հայաստանում էլ այս առումով դժվար ու միամիտ կլինի պնդել, թե Սորոսի ներդրած գումարներն ամբողջությամբ ծառայում են Սորոսի նպատակներին, եւ որ այդ գումարներից սնվում են միայն Բաց հասարակության ջատագովները։

Բայց ինչ էլ որ լինի, ինչ չափով էլ որ Սորոսի կառույցները ենթակա լինեն երկրների իշխանություններին կամ հատուկ ծառայություններին, միեւնույն է՝ Սորոսի դերը, Սորոսի հիմնադրամների դերը անգնահատելի է մնում։ Այն հսկայական գործը, որ արել է Սորոսը 20-րդ դարում ու շարունակում է այսօր, միայն հիացմունքի է արժանի։ Նրա հիմնադրամների իշխանական թելադրանքից դուրս գտնվող 20-30 տոկոսը այնքան մեծ, նշանակալի ու մնայուն գործ է անում ողջ աշխարհում, որ բավականացնում է մեծ դիկտատորների ու փոքրիկ դիկտատորիկների ատելությանն արժանանալուն, նրանց թիրախում հայտնվելուն ու նրանց հանգիստ քունը խանգարելուն։ Նրանք գունավոր հեղափոխությունների ստվերից սարսափած՝ Սորոսին հայտարարում են գունավոր հեղափոխությունների ճարտարապետ՝ չհասկանալով, որ գունավոր հեղափոխությունների իրական ճարտարապետները հենց իրենք են։ Իրենց պոռոտախոսությամբ, իշխանավարման մասին ունեցած իրենց պատկերացումներուվ, իրենց դիկտատով, երկրի ընտրողի ու քաղաքացու նկատմամբ ունեցած իրենց արհամարհանքով, ընտրությունները կեղծելու եւ ցանկացած գնով իշխանությունը պահելու իրենց մոլուցքով, հարստանալու իրենց անհագուրդ ծարավով, խաղաղ ցուցարարների վրա կրակելով, ընդդիմադիրներին բանտարկելով իրենք են իրենց երկրների ժողովուրդների մեջ իրենց նկատմամբ ատելություն սերմանում ու աճեցնում, որը մի օր դրսեւորվում է ժողովրդի՝ վարդերով կամ դրոշակներով փողոց դուրս գալով, ինչն էլ կոչում են գունավոր հեղափոխություն։ Եվ Սորոսն այստեղ ոչ մի մեղք չունի։ Սորոսի ներդրած գումարի իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող տոկոսն ընդամենը բավականացնում է, որ խիստ թվաքիչ մի քանի իրավապաշտպաններ ու լրատվամիջոցներ կարողանան իրենց երկրներում եղած ցավոտ վերքերի վրա մատները դնել ու առկա խնդիրները բարձրաձայնել։

Ուրախությամբ պետք է փաստել, որ մեծ ու փոքր բռնակալների կամքից ու դիմադրությունից անկախ՝ աշխարհի տարբեր ծայրերում ներդրված Սորոսի ծրագրերը, ճիշտ է՝ դանդաղ, բայց հաջողություններ են արձանագրում։

 

ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

P.S. Ջորջ Սորոսը հաստատ իմ պաշտպանության կամ որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի։ Սա ոչ թե նրան պաշտպանելու անիմաստ փորձ է, այլ գնահատական է, իմ գնահատականը։ Նրա գործունեությունը, սկսած անցած դարի 80-ական թվականներից, միշտ էլ ինձ հիացրել է։ Մարդ, որ իր սեփական միջոցները ներդնում է աշխարհի տարբեր ծայրերում միայն մեկ նպատակով՝ տեսնել ավելի բաց ու ավելի ազատ հասարակություն։ Շատ քիչ են նմանները։

P.S. Բոլոր թթվածին փակող կառույցներին, գործիչներին ու հետաքրքրասերներին տեղեկացնեմ, որ ես Սորոսի գումարներից չեմ սնվել, չեմ սնվում ու, ամենայն հավանականությամբ, չեմ էլ սնվելու։ Ես ընդհանրապես չեմ սնվում։

 

«Առավոտ»

08.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930