Լրահոս
Օրվա լրահոսը

Կցուցակագրեն աշխարհի բոլոր ճանաչված գյումրեցիներին

Սեպտեմբեր 11,2017 15:00

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը փորձում է վերջ դնել հանրապետության երկրորդ քաղաքի անօթեւանության խնդրին

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, որի կազմում քաղաքի ճանաչված դեմքերն են (հոգաբարձուների խորհրդի նախագահը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է, խորհրդի կազմում քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանն է, Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, «Լենտեքս» ֆաբրիկայի տնօրեն Կարեն Գոմցյանը, «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտ Մինասյանը եւ այլք) եւ որը ստեղծվել է քաղաքը տնակներից ազատելու, անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու համար, երկրաշարժի 29-րդ տարելիցին պատրաստվում են համահայկական՝ Հայաստանի բոլոր հեռուստալիքներով մարաթոն անցկացնել։ Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը։ «Գիտեք, որ արդեն 22 ընտանիքի տան հարց լուծել ենք։ Ասել, թե դեռ քանի անօթեւան ընտանիքի հարց ենք լուծելու, չեմ ուզում թիվ հրապարակել, քանի որ այս պահին մոտավոր է, շուտով այդ թիվն էլ հստակ կլինի։ Նրանք, որոնց հարցն իրավական հարթությունում է, մեր հիմնադրամը լիազորություն չունի նրանց հարցերով զբաղվել, մենք նրանց ուղղորդում ենք քաղաքապետարան։ Օրինակ՝ նրանք, որոնց տնակը քանդված պետք է լիներ, բայց մինչեւ օրս ապօրինի կերպով քանդված չէ, մենք ուղղորդում ենք քաղաքապետարան, այսինքն մեր շահառուների ցանկում նրանք չեն կարող լինել, որովհետեւ կա իրավական խնդիր։ Մնացյալը մեր շահառուներն են, որոնց տրամադրում ենք սոցիալական բնակարաններ, այսինքն չի փոխանցվում բնակարանի սեփականության իրավունքը, որպեսզի խուսափենք հետագա չարաշահումներից։

Միջոցներ փորձում ենք հավաքագրել տարբեր ուղղություններով, տարբեր միջոցառումներ ենք անում, օրինակ՝ սեպտեմբերի 12-ին Վարդան Բադալյանը եւ «Շերամ» անսամբլը բարեգործական համերգ են տալու։ Համերգի տոմսերի ամբողջ հասույթը կուղղորդվի հիմնադրամին։ Սեպտեմբերի 24-ին պատրաստվում ենք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ խաղին», «Խորանարդ» ակումբն է արձագանքել, ամբողջ հասույթը կտա մեզ։ Հիմնականում այս միջոցառումներից ենք գումար հավաքագրում, բայց հիմա շեշտը դնելու ենք համահայկական հեռուստամարաթոն կազմակերպելու վրա։ Մենք արդեն համոզվել ենք, որ 1, կամ 2, 3 բնակարանի տրամադրմամբ խնդիրը չի լուծվի։ Վերջիվերջո համահայկական մոբիլիզիացիա պիտի տրվի էդ խնդրի շուրջ ու մեկ տարում հնարավոր է արագ լուծել։ Մենք դեկտեմբերի 7-ին նախատեսում ենք ունենալ համահայկական մարաթոն, 2018 թվականը հայտարարել այդ խնդրի լուծման տարի՝ ամբողջ մակարդակներում, թեկուզ պետական՝ նախագահի, կաթողիկոսի մակարդակով։ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին եւս կունենանք մեկ հեռուստամարաթոն», -ասաց մեր զրուցակիցը;

Մեր հարցին, թե ՌԴ-ում ու ԱՄՆ-ում ապրող ունեւոր գյումրեցիներից արձագանքողներ կա՞ն. մի ժամանակ Գյումրու քաղաքապետը հաշվարկներ էր անում ու հայտարարում, որ գյումրեցիների լուրջ քանակ կա ԱՄՆ-ում. մոտ 30 հազար գյումրեցի է բնակվում միայն Գլենդելում, Ղարիբ Հարությունյանն ասաց, որ իրենք բոլոր հայտնի գյումրեցիներին ցուցակագրում ու հերթով դիմում են։ Ցուցակագրումը դեռ ընթացքի մեջ է, այնպես որ դեռ չեն կարող ասել՝ այս մեկն արձագանքել է, մյուսը՝ ոչ։ «Շեշտադրումը, իհարկե, դրել ենք այդ մարաթոնի վրա, եթե մարդիկ չեն ուզում բնակարանի նվիրատվություններ անել, բայց գոնե մարաթոնին մասնակցեն», -ասում է Ղարիբ Հարությունյանը։ Նա հիշեցնում է, որ այս ծրագրին ակտիվ մասնակցություն է ունեցել ՀԷՑ-ը, բնակարանների մեծ մասն այս կառույցն է գնել, մեկական բնակարաններ գնել են գյումրեցի գործարարներ Կարեն Գոմցյանն ու Անդրանիկ Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետարանի ու վերջինիս ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներն են ամեն ամիս որոշակի գումար փոխանցում իրենց աշխատավարձից։

Ի դեպ, հիմնադրամը ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հանդես գալով «Մեկ կուսակցություն-մեկ բնակարան» նախաձեռնությամբ, դիմել էր ընտրություններին մասնակցող կուսակցություններին, որին արձագանքել էին կոալիցիոն երկու գործընկերները՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ ՀՀԿ-ն վերջերս գրեթե երկու առանձնատան հարց լուծեց գյումրեցի երկու անօթեւան ընտանիքի համար, իսկ ՀՅԴ-ն դեռ խոստումը չի կատարել։

«Ես պարբերաբար փորձում եմ իրենց հետ կապվել, կապվել եմ կենտրոնական գրասենյակ՝ ժամկետներ իմանալու, բայց ինչ-որ պատճառով առայժմ հետաձգվում է։ Վերջին անգամ խոսել եմ, ասել են սեպտեմբերի վերջին կկազմակերպենք։ Հիմա տեսնենք, սպասում ենք, ուղղակի կոնկրետ ընտանիքի ենք նախատեսել իրենց խոստացած բնակարանը, եթե չպիտի լինի, մենք փորձենք այդ ընտանիքի բնակարանի համար այլ միջոցներ հայթայթել»,-ասում է Ղարիբ Հարությունյանը։

Հիմնադրամը Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ մոնիտորինգ է անցկացրել Գյումրու բոլոր տնակային թաղերում, հաշվառել բոլոր տնակները, ֆիքսել հասցեները, փակ դռները։ Անօթեւանների վերաբերյալ կա ճշգրիտ պատկեր, այնպես որ, ըստ հիմնադրամի ղեկավարության, տվյալների հրապարակումից հետո ոչ մեկը չի կարող Գյումրիի անօթեւանության թեման դարձնել շահարկման առարկա։

 

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ»

09.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930