Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է՝ մոսկովյան այցի ընթացքում Եվրամիության հետ համաձայնագրից կարևոր հարցեր լինեն. «Իրատես»

Նոյեմբեր 03,2017 10:39

Օրերս մամուլի ասուլիսում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը լրագրողներին անսպասելի տեղեկացրեց, որ նոյեմբերի 15-ին սպասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա։ Այս այցելությունը պաշտոնապես բացատրվում է ՌԴ-ում ՀՀ մշակույթի օրերին նվիրված միջոցառումների բացման արարողությանը մասնակցությամբ։

ՀՀ դեսպանի այս հպանցիկ հայտարարությունը հերթական անգամ մեր քաղաքական, լրատվական շրջանակներում մի նոր շարժ առաջացրեց։ Անընդհատ մեկմեկու հաջորդող իրարանցումները, ստեղծվող կասկածամտության մթնոլորտը նույնիսկ սկսել են ինչ-որ տեղ խելացնոր բնույթ ստանալ։

Եվ այսպես, դեսպանի հայտարարությունից հետո որոշ շրջանակներ առաջ քաշեցին այն տեսակետը, թե չի բացառվում, որ Հայաստանի նախագահի այցելությունը հատուկ է ծրագրված նոյեմբերի 24-ի նախաշեմին, երբ Բրյուսելում նախատեսված է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագրի ստորագրումը։ Փորձագիտական շրջանակները միանգամից առաջ քաշեցին վարկած, թե չի բացառվում 2013 թվականի հայտնի սցենարը, երբ Սերժ Սարգսյանը ԵՄ-ի հետ ասոցացման շուրջ համաձայնագրի ստորագրման նախօրեին մեկնեց Ռուսաստան, և, ըստ էության, այնտեղ որոշում ընդունվեց հրաժարվել ասոցացման համաձայնագրից։ Մինչդեռ Վարդան Տողանյանի և լրագրողների հետ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ առաջ նույն փորձագիտական-վերլուծական շրջանակների հիմնական վարկածն այն էր, թե նոյեմբերի 24-ին, շատ հնարավոր է, չստորագրվի փաստաթուղթը, քանի որ գնդակը Եվրամիության դաշտում է, և այնտեղ ինչ-ինչ տեխնիկական խնդիրներ կան։ Այսպիսով, հայկական քաղաքական, վերլուծական, լրատվական դաշտում հերթական իդեֆիքսն է պտտվում՝ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը հնարավոր է, ունենա «դարակազմիկ» ռեզոնանս։ Մինչդեռ Հայաստանում և Եվրամիությունում, թերևս, որևէ ազդեցիկ պաշտոնյա չի մնացել, որ չվստահեցնի, թե նման բան ստորագրվելու է։ Եվ եթե իրոք ինչ-որ տեխնիկական հարց առաջանա էլ, ապա շատ հնարավոր է, նոյեմբերի 24-ի փոխարեն այն ստորագրվի պատեհ մեկ այլ առիթով։ Ասենք, նույն Ղազախստանը համանման համաձայնագիր ստորագրել է 2015 թվականին, և դա տեղի չի ունեցել որևէ համաժողովում, վեհաժողովում, այլ հենց Ղազախստանում այդ առիթով հատուկ կազմակերպված միջոցառման ժամանակ, որին ներկա էր ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և իր ստորագրությունն էր դրել Ղազախստանի արտգործնախարարի հետ նույն փաստաթղթի տակ։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի բուն մոսկովյան այցին՝ ի՞նչ օրակարգ կլինի, միայն կմասնակցի մշակութային օրերի բացմա՞նը, թե՞ նաև կհանդիպի ռուսաստանցի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ, դեռևս հստակ չէ, թեև տեսականորեն չի բացառվում նաև նման տարբերակ։ Այս առումով հատկանշական է, որ բազմիցս փորձագիտական շրջանակները նշել են՝ թե՛ հայկական կողմը, թե՛ Եվրամիությունը որևէ կասկած չեն հայտնել համաձայնագրի ստորագրման առնչությամբ, և ակնհայտ է, որ ռուսական կողմի հետ էլ ընդհանուր առմամբ, բոլոր հնարավոր տարաձայնությունների շուրջ հարցերը վաղուց լուծված են։ Եվ եթե, ասենք, Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ, այնուամենայնիվ, հանդիպի, բնավ չի նշանակում, թե ՌԴ ղեկավարի հետ պետք է քննարկի հենց Եվրամիության թեման, որը վաղուց, հավանաբար, երկու երկրների պաշտոնական և ոչ պաշտոնական քննարկումների առանցքից դուրս է եկել։

Այս համատեքստում հետաքրքիր է, որ բոլորը, կարծես, մոռացության են մատնել իրոք որոշակի անհանգստություն առաջացնող Արցախի հարցի զարգացումները՝ կենտրոնանալով Եվրամիության հետ կնքվելիք փաստաթղթի վրա։ Սակայն ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ակնհայտորեն կան որոշակի հստակեցնող միտումներ։ Եվ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում արած այն արտահայտությունը, թե Արցախի հարցում ցավոտ լուծում է լինելու, և այդ խնդիրը չի կարող հանգուցալուծվել առանց փոխզիջումների, նման ենթադրությունների համար լուրջ հիմք են։ Եվ նույնիսկ ոչ միայն խոսվում է փոխզիջումների մասին, այլև շեշտվում է, որ դրանք լինելու են բավականին ցավոտ։ Այն, ինչ ՀՀ նախագահն ասում է, ամենևին էլ նորություն չէ։ Եվ բոլորն էլ հասկանում են, որ խոսքը մադրիդյան սկզբունքներով պայմանավորված 6 կետերի մասին է։ Սա ակնհայտ ուղերձ է, որ Սերժ Սարգսյանը հետևողականորեն շարունակում է կատարել իր տնային աշխատանքը` հայաստանյան հանրությանն ու քաղաքական դաշտը, այդ թվում՝ երիտասարդ հանրապետականներին, նախապատրաստում է հնարավոր փոխզիջումների։ Այս առումով կարելի է ենթադրել, որ այն խոսակցությունը, որ եղել է երկու երկրների նախագահների միջև, հիմնականում հենց այդ փոխզիջումների համար երկու երկրների հանրություններին նախապատրաստելու մասին էր։ Մասնավորապես, Սերժ Սարգսյանը իր ժողովրդին պետք է նախապատրաստի տարածքների զիջման, իսկ Ադրբեջանի նախագահն իր քաղաքացիներին պետք է համոզի Արցախի չեզոք կարգավիճակին Ադրբեջանից դուրս, ինչպես նաև այն փաստին, որ, ի վերջո, Արցախում պետք է անցկացվի հանրաքվե միջազգային չափանիշներով, որի արդյունքները պետք է պարտադիր լինեն կողմերի համար։ Նախագահների համաձայնություններն ու կոնֆիդենցիալ զրույցների թեման խոշոր հաշվով սրանք են եղել։ Եվ ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը հենց դրա մասին էր ակնարկում, երբ ասում էր, որ որևէ նորություն չի ասել և փակ թեմա չի բացել։ Սրանով Հայաստանի ղեկավարը օգնում էր նաև բանակցային իր գործընկեր Իլհամ Ալիևին՝ իր հանրությանը նախապատրաստելու հարցում։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը տնային աշխատանքը կատարում է և՛ իր համար, և՛ Ալիևի փոխարեն՝ օգնելով պատրաստել Ադրբեջանի հանրությանը այն հեռանկարին, որ Հայաստանի փոխզիջումների դիմաց Ադրբեջանը պետք է ընդունի, որ Արցախն այլևս չի լինելու իր կազմում։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930