Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես սիրում եմ լինելը, ես սիրում եմ սիրելը»․ Էդգար Գյանջումյանի հեղինակային համերգը Գյումրիում (տեսանյութ և ֆոտոշարք)

Նոյեմբեր 25,2017 23:56

Այսօր Գյումրու «Գոհար» երաժշտանոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հեղինակային համերգը՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության 85 ամյակին։ «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի (դիրիժոր Նատալի Գալստյան) հետ  ներկայացվեցին 20 ստեղծագործություններ, որոնցից մի քանիսը կատարեց Էդգար Գյանջումյանը։ Հնչեցին նաև երգեր, որոնք գրվել էին 10-20 տարի առաջ։Էդգար Գյանջումյանին համագործակցության առաջարկ արել է «Գոհարի» հիմնադիր, լիբանանահայ Հարութ Խաչատուրյանը, ու երեք ամիս շարունակ նախապատրաստվել էին այսօրվա համերգին։ Լրագրողների հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, որ այս համագործակցության արդյունքում ծնվել է նոր երգ՝ «Գյումրի», որը շուտով կներկայացվի հանդիսատեսին։

Էդգար Գյանջումյանի հեղինակային համերգն անցավ բարձր մակարդակով․ դահլիճի տեղերը սահմանափակ էին և ոչ բոլոր գյումրեցիներին էր բախտ վիճակվել վայելելու գյանջումյանական չքնաղ մեղեդին։

Համերգն ուղեկցվում էր կոմպոզիտորի կյանքի, գործունեության ներկայացմամբ, նրան ուղղված մաղթանքներով։ Այն վարողներից մեկը՝ արվեսագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանը յուրահատուկ ձևով  էր մատուցում կոմպոզիտորի կերպարը։ «Էդգար Գյանջումյանը շատ փխրուն, հուզական և ստեղծագործող անհատ է։ Նրա երգերը հուզում են բոլորիս, և թվում է, որ նա կոմպոզիտոր բանաստեղծ է, պոետ և մենք կհամոզվենք, երբ նա իր փոքրիկ ռեպլիկներով, միջամտություններով կփորձի իր զգացումների մասին խոսել։ Կարծում եմ բոլորս կզարմանանք, երբ իմանանք ինչ գործունեության մեջ է նա ընդգրկված։ Այսօր նա Երևանի Քրիսափոր Քուշնարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենն է, դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում «երաժշտական հոգեբանություն» դասընթացը, որը կարծում եմ Հայաստանի ոչ մի բուհում չի դասավանդվում։ Դասավանդում է կրթության միջազգային ակադեմիայում «արվեստի հոգեբանություն» դասընթացը, որը նույնպես յուրահատուկ է իր բնույթով և դասավանդման հետաքրքիր մեթոդաբանությամբ։

Սրանով չի սահմանափակվում նրա մանկավարժական գործունեությունը, որովհետև գիտական կողմը նրան տարել է մի շատ հետաքրքիր ոլորտ, որը այսօր ևս հայ երաժշտագիտության մեջ շատ քիչ է ուսումնասիրված։ Հարցն այն է, որ իր բազմաթիվ հրապարակումներում,իր ստեղծագործական, հասարակական որոնումների մեջ Էդգար Գյանջյումյանը խորաթափանց և մտահոգ է մեր մշակութային էկոլոգիայով, մշակութային բնապահպանությամբ, որն արտահայտվում է, ինչպես բոլորս գիտեք, շատ անարժան արժեքների հախուռն ներկայությամբ, և ահա նրա գիտական հետաքրքրությունների կենտրոնում է ռոք երաժշտության էկոհոգեբանական հիմնադրույթները։ Սա նրա գիտական թեզն է»,-կոմպոզիտորին այսպես ներկայացրեց Հասմիկ Հարությունյանը։

Ելույթ ունեցավ նաև կոմպոզիտորի պապը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ պարարվեստի և պարագետների միության վարչության անդամ Սուրեն Գյանջումյանը։ «Իմ Էդգարն այնպիսի երաժշտություններ է գրում, իմ թոռը, շատ չէ, բայց ես մի 5-6-7 պար եմ բեմադրել Էդգարի ստեղծագործություններից, որովհետև հնարավոր չէր, որ չբեմադրեի, որովհետև Էդգարի երաժշտությունը մտնում է մարդու հոգու մեջ։ Գիտեք ինչքան երաժշտություններ են գրում, շատ են գրում, թող գրեն բոլորը, ամեն մարդ իր զգացմունքայինն է արտահայտում, բայց Էդգարի երաժշտությունները համեմատեք, բոլորդ էլ երաժշտասեր մարդիկ եք, համեմատեք, տեսեք, ամեն մի մեղեդին, նոտան ազդում է մարդու վրա։ Ազդում է լավ իմաստով, հավատքով, հույսով, որովհետև առանց հավատքի, առանց հույսի մարդը ո՞նց կապրի, մենք չենք կարող ապրել»։

Սուրեն Գյանջումյանը նաև նշեց, որ Էդգարի երաժշտությունը բարձրամակարդակ է։ Ըստ նրա, ամեն գործի մեջ մակարդակ պետք է լինի, դա կարևոր բառ է։ Պապի բնութագրմամբ,իր թոռն առաջին հերթին մարդ է, նոր ստեղծագործող։

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանն էլ ասաց․«Ոչ ոք իրեն այդպես ճիշտ չի ճանաչում, ինչպես ամեն մարդ ինքն իրեն։ Ես ինձ լավ ճանաչելով, հիմա նստած հոգուս մեջ կռիվ կա, խռով կա, տխրություն կա նաև, և ես այս պահին պարուրված եմ այս հրաշք մեղեդիներով։Էդգարը ինձ ու ձեզ նման մարդ չէ, Էդգարն ավելի մոտ է կանգնած երկնայինին և ավելի ընդունելի երկրայինին, նա բնության լիիրավ ծնունդ է և ունի երկխոսություն Աստծո հետ»։

Էդգար Գյանջումյանն իր ամեն մի ստեղծագործությունը կատարելիս մեկնաբանում էր, թե ինչպես ծնվեց։ «Սեր, էլ ոչինչ» երգը կատարելիս՝ կոմպոզիտորն ասաց, որ այն գրել է 10 տարի առաջ, երբ իր կնոջ հետ այցելել է Դիլիջան՝ Պարզ լիճ։ «Ես զգացի, որ սիրում եմ լինելը, ես սիրում եմ սիրելը, ուրախ եմ, որ կամ, և ուզում եմ, որ միշտ հնարավորությունը լինի սիրելու, լինելու և պահը զգալու հնարավորություն, որովհետև սերն է ամեն ինչի հիմքում, առանց սեր ոչինչ չկա, իսկ սերը գիտեք որտեղից է, Աստված Սեր է»,- ասաց կոմպոզիտորը։

Համերգի վերջում նա շնորհակալություն հայտնեց Հարութ Խաչատուրյանին, որ ստեղծել է հրաշք «Գոհարը»։ Էդգար Գյանջումյանի խոսքերով՝ «Գոհարը» փայլում է տիրող մղձավանջի մեջ,այն նպատակ ունի Հայաստանում ու աշխարհում պահպանելու արժեքավորը։ Նա ասաց, որ դեռ մի քանի տարի առաջ երազում էր, որ իր ստեղծագործությունները կատարվեն «Գոհար» համույթի կողմից։

Յուրաքանչյուր կատարում ավարտվում էր բուռն, երկարատև ծափահարություններով, երբ հայտարարվեց համերգի ավարտի մասին՝ դահլիճում նստածները,կախարդված գյունջումյանական մեղեդիով, չէին ուզում հեռանալ։ Նրանից մեկն էլ ասաց․«Երանի չավարտվեր»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930