«Ցյուրիխ բալետի» պրեմիեր պարող Արման Գրիգորյանին հայաստանցի հանդիսատեսը հանդիպել է ընդամենը մեկ անգամ՝ 2012-ին, եվրոպական տարբեր թատրոններում փայլող մեր հայրենակիցների՝ Տիգրան Միքայելյանի (Բավարիա), Արսեն Մեհրաբյանի, Վահե Մարտիրոսյանի (Ստոկհոլմ), Արթուր Բաբաջանյանի (Չիկագո) հետ «Հզոր զգացմունքներ» բալետային խմբի կազմում: Հավանաբար բալետի եզակի արտիստներից է կամ միակը, որի կարիերան հանգամանքների բերումով սկսվեց արտասահմանում: Գուցե միակն է, որը Երեւանի պարարվեստի քոլեջը դեռ չավարտած, 15-16 տարեկանում հայտնվեց Իսրայելում, որտեղ ծնողները՝ մեր բալետի ճանաչված դեմքեր Արմեն եւ Մարինա Գրիգորյանները հրավիրված էին դասավանդելու:


«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ արվեստագետն ասաց, որ Թել Ավիվում կարճ ժամանակ է բեմ բարձրացել՝ մոտ մեկուկես տարի, ապա մասնակցելով Լոզանում կայացած բալետի արտիստների հեղինակավոր մրցույթին, հրավեր է ստացել «Ցյուրիխ բալետի» ճանաչված խորեոգրաֆ Հայնց Շպյոռլիից: Ցյուրիխում շուրջ 13 տարի ստեղծագործելուց հետո, հանդես գալով ոչ միայն դասական, այլեւ մոդեռն ներկայացումներում, ինչպես նաեւ խմբի հետ «աշխարհը ոտքի տակ տալով», աշխարհահռչակ Նաչո Պուատոյի հրավերով 2015-16թթ. հանդես է գալիս «Բեռլին Շտատս բալետում»:

Հարցին՝ արտասահմանում ստեղծագործող որոշ գործընկերների օրինակով Երեւանում է ընդամենը Նոր տարվա առիթո՞վ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մասնակցում եմ Երեւանի օպերային թատրոնի բալետային խմբի փորձերին՝ Մալայզիայում հունվար-փետրվար ամիսներին կայանալիք հյուրախաղերի նպատակով: Ինքս ներգրավված եմ Չայկովսկու «Շչելկունչիկ» եւ Խաչատրյանի «Գայանե» բալետներում, համապատասխանաբար՝ Արքայազնի եւ Արմենի դերապարերում»:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ արտիստի նորաստեղծ ընտանիքին: «Կինս՝ Գալինա Միխայլովա-Գրիգորյանը, ազգությամբ բուլղարուհի է եւ «Ցյուրիխ բալետի» առաջատար մենապարուհի: Ունենք հրաշք դուստր: Ի դեպ, Գալինայի հետ ծանոթացել ենք դեռեւս 2002թ., հենց «Ցյուրիխ բալետում»,- ասաց բալետի արտիստը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.12.2017




















































Սխալվում եք, 2007-ին էլ է Արմանը հանդես եկել Երևանի բեմում։