Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրում ուսանած բալետի արտիստները ցանկանում են ներուժն իրացնել հայրենիքում

Հունվար 11,2018 13:30

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ բալետի երիտասարդ արտիստներ Նարե Սուքիասյանն ու Էդմոնդ Բաղդասարյանը ուսանելով արտերկրի հեղինակավոր մասնագիտական հաստատություններում եւ ունենալով բազում հաջողություններ, վերադարձել են հայրենիք:

Մեզ հետ հանդիպման ժամանակ երիտասարդ արվեստագետները հավաստիացրին, որ մեծ ցանկություն ունեն համալրել օպերային թատրոնի բալետային խումբը, կարիերա անել հայրենիքում, ինչի առիթով խնդրել են Արմեն Գրիգորյանին՝ առայժմ թույլատրել իրենց՝ մասնակցելու դասական պարի պարապմունքներին:

Նարե Սուքիասյանն ասաց, որ ուսանել է Լիսաբոնի պարարվեստի կոնսերվատորիայում, ժամանակին Մարիինյան թատրոնի պրիմա պարուհի Իրինա Զազիալովայի ղեկավարությամբ: Այդ ժամանակահատվածում բեմ է բարձրացել հեղինակավոր այնպիսի թատրոններում, ինչպիսիք են Orient, Camoes մշակութային օջախները: Մեր զրուցակիցը նաեւ հավելեց. «Ի սկզբանե ցանկություն եմ ունեցել ստեղծագործական կյանքս զուգահեռել նաեւ բեմադրական աշխատանքների հետ: Այդ թատրոններում ինչ-որ չափով իրականացրի երազանքս: Մի շարք համարների թվում բեմադրեցի նաեւ Կոմիտասի «Չինար ես»-ը ու հանդես եկա լեհ համակուրսեցուս հետ»: Հավելեց նաեւ, թե այժմ ուսանում է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա ֆակուլտետում: Բալետի արտիստը նշեց նաեւ, թե Լիսաբոնում ուսումնառության տարիներին մասնակցել է վարպետության դասընթացների:

Էդմոնդ Բաղդասարյանը

Առանձնացրեց դրանցից մեկը. «Դրեզդենի համալսարանում վարպետության դասեր եմ ստացել ազգությամբ շվեդ, ճանաչված Մաց Էքի նախկին սանից, որն այժմ նրա փորձավարներից է: Պատրաստեցի Սմոքի մենախոսությունը Առվո Փերթիի երաժշտությամբ՝ նույնանուն բալետից: Սա իսկապես մեծ փորձություն էր ինձ համար»:
Մեկ այլ բալետային պատմություն ունի Էդմոնդ Բաղդասարյանը, որը դեռեւս Երեւանի պարարվեստի քոլեջի երկրորդ կուրսից տեղափոխվել է Մոսկվա, ուսումը շարունակել Լավրովսկու անվան պարարվեստի ուսումնարանում՝ Ռոման Մալենկոյի արվեստանոցում: Այդ ընթացքում մասնակցել է Ֆրանսիայում եւ Էստոնիայում կայացած մրցույթ-փառատոների: Երիտասարդ պարողի խոսքերով՝ «2017-ին հանդես գալով Բազիլի վարիացիայով Մինկուսի «Դոն Կիխոտում», արժանացա մեծ ուշադրության, ինչի արդյունքն էր մասնակցությունս Ստանիսլավսկու եւ Դանչենկոյի թատրոնում վարպետության դասընթացներին, հայտնի անուն Սերգեյ Ֆիլինի ղեկավարությամբ: Ընդ որում, այդ առաջարկն արել էր անվանի Մարգարիտա Դրոզդովան: Ստացվեց այնպես, որ ընդունվեցի աշխատանքի դարձյալ Մոսկվայի Նատալի Ի Սացի բալետի ակադեմիական թատրոնում, որտեղ աշխատեցի ընդամենը մեկ շաբաթ: Իսկ հիմա, ինչպես տեսնում եք՝ Երեւանում եմ»:
Հետաքրքրությանը՝ վերադարձել են հայրենիք ու փաստորեն որոշել բալետի արտիստի կարճատեւ կյանքը կապել Երեւանի թատրոնի հետ, մեր երկու զրուցակիցները պատասխանեցին, այո, եթե իրենց «գտնեն» Երեւանի թատրոնում եւ ապահովված լինեն բարեկեցիկ ստեղծագործական կյանքով:

Թագուհի Մարկոսյանն ու Դավիթ Գրիգորյանը «Blessed»-ում:

Արմեն Գրիգորյանը գովեստի խոսքեր հնչեցրեց նաեւ բալետի արտիստ Դավիթ Գրիգորյանի հասցեին, որին առայժմ հանդիպել ենք Խաչատրյանի «Սպարտակ» բալետում եւ Բիզեի «Կարմեն» օպերայում՝ անսամբլային դերապարերով: Այս արտիստի մասին, որը դեռեւս 5 տարի է՝ թատրոնում է, մեզ հետ զրույցում հիացմունքով էր արտահայտվել նաեւ Ռիմա Պիպոյանը, որի բեմադրությունները Դավիթ Գրիգորյանի եւ Թագուհի Մարկոսյանի ներկայացմամբ՝ նրան հաջողություն էին բերել դեռեւս 2016թ.՝ մոսկովյան «Դիանա Վիշնյովա կոնտեքստ», ապա Սերբիայում կայացած խորեոգրաֆների եւ բալետի արտիստների մրցույթներում: 2017-ին էլ հիշյալ զույգը՝ դարձյալ պիպոյանական խորեոգրաֆիայով, մասնակցելով «Global Fest Մոսկվա» մրցույթին «Blessed» բեմադրությամբ, իրեն հավասարը չի ունեցել «Ժամանակակից պար» անվանակարգում: Այս մրցույթն ունեցել է ներկայացուցչական ժյուրի, որի կազմում են եղել նաեւ հիմնադիրները՝ բալետային արվեստի դեմքեր Ալլա Սիգալովան եւ Եգոր Դրուժինինը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում`  Նարե Սուքիասյանը

«Առավոտ»

10.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031