ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը գիշերը տեղեկացրել է. « Երևան վերադարձած ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս պահին «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում է հանդիպելու ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ: Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում»:

Փաստաբանն ավելի վաղ խոսել էր քննիչ Թադևոսյանի հետ, որը զանգահարել էր Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, և հայտնել, որ պատգամավորը Սևանի բանտում է. «Քննիչը նաև ասել է, որ Փաշինյանի պահման վայրի մասին տեղեկատվության հրապարակումը 12 ժամով հետաձգված է եղել, քիչ առաջ այդ ժամկետը լրացել է, այդ իսկ պատճառով հիմա տեղյակ են պահում։ Աննա Հակոբյանի խոսքով, քննիչը չի պարզաբանել, թե ինչու է նման որոշում կայացվել»:
Աննա Հակոբյանից ստանալով քննիչի հեռախոսահամարը՝ Բադասյանը զանգահարել էր քննիչին, որը հաստատել էր, թե Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում է և որ փաստաբանը կարող է տեսակցել նրա հետ։ Բադասյանը փորձել է կրկին կապ հաստատել Թադևոսյանի հետ պարզաբանում ստանալու համար, սակայն քննիչը հեռախոսազանգերին և կարճ հաղորդագրությանը չի պատասխանել. «Փաստաբանի պնդմամբ, ինքը ողջ օրվա ընթացքում փորձել է Փաշինյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալ Ոստիկանությունից, ԱԱԾ֊ից, ՀՔԾ֊ից, որի վարույթում գտնվում է գործը, սակայն դա նրան չի հաջողվել։ Բադասյանի գնահատմամբ, ստեղծված իրավիճակով կոպտորեն խախտվում է Նիկոլ Փաշինյանի պաշտպանության իրավունքը»:


















































