Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Բաղդասարյանի բաց նամակը եւ Դավիթ Հարությունյանի պատասխանը

Մայիս 14,2018 22:32

Երեւան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ Սեդրակ Բաղդասարյանն «Առավոտին» է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հետեւյալ նամակը:

«Մեծարգո վարչապետ, 11․05․2018 թվականին, ՀՀ կառավարության նիստում արդարադատության այլեւս նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կողմից զեկուցվեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված կարգով առանձնատուն հատկացնելու հարցը։

Հարգելի վարչապետ, 2002 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը սկսեց Երեւանի կենտրոնի բնակիչների սեփականության մասսայաբար ունեզրկում, նույն Դ․ Հարությունյանը զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։ Սակայն նա որեւէ անգամ հանդես չեկավ հայտարարությամբ, որ սկսված գործընթացը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին, ինչպես նաեւ 1998 թվականի ՍԴՕ 92 որոշմանը։

Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների հազարավոր բնակիչներին բռնի ուժով, ծեծելով դուրս էին շպրտում իրենց պապական տներից։ Երեխաներս, որ 8 եւ 13 տարեկան էին, այդպես էլ մանկություն չունեցան, տեսնելով միայն ոտնձգություն՝ հայրենի կառավարության կողմից։

Որտե՞ղ էր Դավիթ Հարությունյանը, երբ 2005 թվականի դեկտեմբերի 26-ին առանց որեւիցե գումար տրամադրելու, ԴԱՀԿ աշխատակիցները իմ ընտանիքին եւ երկու անչափահաս երեխաներին դուրս շպրտեցին իրենց պապական տնից, պետական կարիքների համար՝ փողոց։

Դավիթ Հարությունյանը սույն թվականի մայիսի 11-ին պահանջում էր առանձնատուն հատկացնել մի մարդու, ով 2007 թվականին զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, կառավարության շենքում կազմակերպեց ընդունելություն եւ սեղմելով ձեռքս, տղամարդու խոսք տվեց իմ հարցը լուծել մեկ ամսվա ընթացքում։ Այս հանդիպումը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցներով:

Դավիթ Հարությունյանը պահանջում է հարգել ՀՀ օրենքները։ Սակայն ոչ մի կերպ չի անդրադառնում այն փաստին, որ արդեն յոթ տարի կառավարությունը չի կատարում ՄԻԵԴ որոշումը՝ ինձ եւ իմ ընտանիքին որպես համարժեք փոխհատուցում բնակարան հատկացնելու վերաբերյալ։

Այսպես, 2011 թվականի նոյեմբերի 15-ին ՄԻԵԴ պալատը Հայաստանի կառավարության կողմից ներկայացված միակողմանի հայտարարության հիման վրա կայացրել էր որոշում․

«Սույնով կառավարությունը ցանկանում է արտահայտել միակողմանի հայտարարություն, դիմումատուին գույքի օգտվելու իրավունքից զրկելու ճանաչումը ոչ համապատասխան՝Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի պահանջներին։ Տվյալ հանգամանքներում եւ հաշվի առնելով որոշակի փաստերը, կառավարությունը հայտարարում է, որ առաջարկում է տալ դիմումատուներին սեփականության իրավունքով բնակարան 117․5 քմ մակերեսով, որի հասցեն է քաղաք Երեւան, Ամիրյան 4/6, բնակարան 31։ Բնակարանի սեփականության իրավունքն արդեն ներկայացվել է Դատարանին։ Կառավարությունը համարում է այս հայտարարությունը ողջամիտ, հաշվի առնելով Դատարանի նախադեպային իրավունքը»։ (Սեդրակ Բաղդասարյանն ու Տատյանա Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի թիվ 43242/05 դիմումի վերաբերյալ որոշում, կետ 21)։

Սույն որոշումն առ այսօր կատարված չէ։ Ընդ որում, 2005 թվականից այս կողմ իմ ընտանիքը վարձով է բնակվել եւ բնակվում մայրաքաղաքի տարբեր հասցեներում։

Ինչպես հայտնի է, մարդու սեփականությունը կարող են վերցնել երկու ճանապարհով՝ կամ պայմանագիր կնքելու միջոցով կամ դատական ակտի հիման վրա։ Մեր պարագայում չի պահպանվել ոչ մեկը, ոչ էլ մյուսը։

Մեծարգո վարչապետ, գտնում եմ, որ ՀՀ-ում յուրաքանչյուր մարդ պետք է հարգի օրենքը եւ առաջնորդվի բացառապես օրենքով։ Ուստի գտնում եմ, որ ՀՀ երրորդ նախագահին պետք է տրամադրել առանձնատուն միայն ինձ վերոնշյալ բնակարանը տրամադրելուց հետո, որպես երաշխիք այն բանի, որ իմ երեխաներն ապրում են ազատ եւ երջանիկ Հայաստանում։

Ակնկալում եմ, որ նոր կառավարությունը կզբաղվի իմ հարցով։

Կից ներկայացնում եմ ՄԻԵԴ որոշումը, ակնկալելով, որ ՀՀ կառավարությունը ի վերջո կվերականգնի իմ եւ իմ ընտանիքի խախտված իրավունքները եւ կկատարի ՄԻԵԴ որոշումը, ստեղծելով նախադեպ, երաշխավորելով, որ հետագայում զավթման դեպքեր չեն լինելու»:

«Առավոտը» նամակի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից: Ըստ նրա պատասխանի՝ «Սեդրակ Բաղդասարյանի պնդումներն անհիմն են

Հաշտության համաձայնության հասնելու բազմաթիվ փորձերից հետո ՀՀ կառավարությունը 2010 թվականի սեպտեմբերի 10-ին հանդես է եկել միակողմանի հայտարարությամբ՝ ընդունելով, որ խախտվել է դիմումատուների Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը՝ միաժամանակ առաջարկելով նրանց սեփականության իրավունքով տրամադրել օտարված բնակարանի տարածքից կրկնակի մեծ բնակարան (55.7 քմ մակերեսով օտարված Բուզանդի 25 հասցեում գտնվող բնակարանի դիմաց 117.5 քմ մակերեսով բնակարան Ամիրյան 4/6 հասցեում)՝ կրած ամբողջ վնասի համար (նյութական, բարոյական վնաս, ծախսեր և ծախքեր):

2010 թվականի հոկտեմբերի 27-ին Եվրոպական դատարան ուղարկված նամակով դիմումատուները մերժել են Կառավարության միակողմանի հայտարարությունը, ի թիվս այլնի՝ լրացուցիչ պահանջելով 70,000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում:

2011 թվականի նոյեմբերի 15-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով կառավարության միակողմանի հայտարարությունը, դադարեցրել է գործի քննությունը՝ հանելով այն քննվող գործերի ցուցակից:

Այնուհետև, Կառավարությունը հայտնել է նշված բնակարանը դիմումատուներին տրամադրելու պատրաստակամության մասին՝ փոխարենը պահանջելով վերադարձնել արդեն իսկ վճարված 20,080 ԱՄՆ դոլար գումարը:

Համաձայնության չգալով՝ 2012 թվականի մարտի 26-ին դիմումատուների ներկայացուցիչը նամակ է ուղարկել Եվրոպական դատարան՝ պահանջելով վերսկսել գործի քննությունը:

2012 թվականի հուլիսի 10-ին Եվրոպական դատարանը վերսկսել է գործի քննությունը, որի շրջանակներում դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են առաջարկված 117.5 քմ մակերեսով բնակարանի շուկայական արժեքին համարժեք գումար (իրենց հաշվարկով 117,500,000 դրամ)՝ որպես նյութական վնասի և 70,000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում:

2014 թվականի նոյեմբերի 13-ին Եվրոպական դատարանը հրապարակել է նշված գործով վճիռը: Համաձայնելով կառավարության այն դիտարկման հետ, որ փոխհատուցումը պետք է հաշվարկել դիմումատուների իրականում կրած վնասը հաշվի առնելով` Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ կառավարությունը դիմումատուներին պետք է վճարի 32,000 եվրո՝ որպես նյութական վնասի փոխհատուցում և 12,000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ընդհանուր առմամբ՝ 44,000 եվրո գումար: Վճռով սահմանված ամբողջ գումարը ՀՀ կառավարությունը փոխհատուցել է:

Ամփոփելով վերագրյալը՝ կարող ենք փաստել

1.դիմումատուներն օտարված 55.7 քմ մակերեսով բնակարանի դիմաց պահանջել են 117.5 քմ մակերեսով բնակարանի շուկայական արժեքին համարժեք գումար (իրենց հաշվարկով 117,500,000 դրամ)՝ որպես նյութական վնասի և 70,000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում՝ միաժամանակ ցանկանալով պահպանել նաև օտարման գործընթացում արդեն իսկ վճարված 20,080 ԱՄՆ դոլար գումարը: Ուռճացված համարելով դիմումատուների պահանջը՝ Եվրոպական դատարանը նրանց կրած նյութական և բարոյական վնասը գնահատել է 44,000 եվրո.

2.Սեդրակ Բաղդասարյանի պնդումն առ այն, որ կա որոշում, որը ՀՀ կառավարությունը չի կատարել, կհամապատասխաներ իրականությանը, եթե Եվրոպական դատարանը չվերսկսեր գործի քննությունը, չկայացներ գործն, ըստ էության, լուծող և խախտում արձանագրող վճիռ, և ի վերջո ամբողջ ծավալով չտրամադրեր խախտման արդյունքում կրած նյութական և բարոյական վնասի հատուցում.

3. Ի վերջո, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Եվրոպական դատարանի «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերը համարել է բավարար և 2015 թվականի նոյեմբերի 17-ին թիվ CM/ResDH(2015)191 եզրափակիչ բանաձևով ավարտել վճռի կատարողական-վերահսկողական վարույթը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031