Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ականջ քորելու օրենքը

Մայիս 22,2018 23:00

Հեղափոխության անշրջելիության պրոբլեմի մասին լրացուցիչ մտորումների առիթ տվեց «Առավոտի» մի հրապարակում, որտեղ խոսվում էր այն մասին, թե երբ 10 հազար դրամ բաժանողներն ու վերցնողները միասին փակում են փողոցը, դա չի տալիս որեւէ երաշխիք, որ նրանք այլեւս դառնալու են քաղաքացի ու հասարակություն։

Հոդվածում արդարացիորեն նշվում է, որ այն ինչ կատարվում է տասնամյակներ շարունակ, հասարակության չկայացածությունն է ցուցադրում։ Ավելին, շատ ճիշտ հարցադրում կա այն մասին, որ չի լինում մեկ մեղավոր։ Հատ-հատ բոլորին Սերժ Սարգսյանը չի ստիպել դառնալ ստորաքարշ։ Ուրեմն բոլորս պետք է պայքարեինք ռեժիմի դեմ, իսկ եթե ոչ՝ ապա բոլորս պետք է մեղանչենք։

Այս էստեղ՝ ստոպ։ Ուզում եմ մի պարզ ճշմարտություն կրկնել՝ մարդիկ չեն ծնվում պայքարելու համար, մարդիկ ծնվում են ապրելու համար։ Նրանց մեջ կան անհատներ, որոնք նաեւ ցանկանում են այնպես փոխել հասարակությունը, որ մյուսներն էլ լավ ապրեն, ռուս նացիոնալիստները այս մարդկանց կոչում են պասիոնարներ։ Եթե տասնամյակներ շարունակ պասիոնարներին չհաջողվեց փոխել համակարգը, ուրեմն նրանք քիչ էին։

Էստեղ կրկին ստոպ։ Ինչո՞ւ պետք է նրանք պայքարեին, ինչո՞ւ պետությունն ինքը չէր կատարում մարդկանց կյանքը բարելավելու ֆունկցիան, թողնելով այն պասիոնարներին, ինչո՞ւ էր պետության հիմնական ֆունկցիան դարձել իր քաղաքացիներից գողանալը։

Արդյո՞ք բոլորը հավասար չափով են կրում պատասխանատվությունը, չէ որ կային մարդիկ, ովքեր ունեին ավելի մեծ հնարավորություն մարդկանց կյանքը բարելավելու։ Դրա փոխարեն մեզանում ստեղծվեց ֆեյք հասարակություն իր ֆեյք գաղափարախոսությամբ։

Կարեւոր նկատել, որ պետությունը լուրջ ուշադրություն էր դարձնում անկախությունից հետո ստեղծվող քաղաքացիական հասարակության տարրերը իրենց սուռոգատներով փոխարինելու համար։ Ռոբերտ Քոչարյանի օրոք ստեղծվեցին բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք սնվում էին նախագահականի փողերից, պետական բյուջեից, ավելի հազվադեպ՝ «աբշյագի» փողից, որոնց խնդիրը իրական հասարակական կառույցներին փոխարինելն էր, կեղծ ակտիվություն ու կեղծ գաղափարախոսություն մատուցելը։ Արդյունքում մենք տարիներ շարունակ լռվեցինք-մնացինք պարզունակ հայրենասիրության պարտադրող ճահճում, համապատասխան երգուպարի եւ սերիալների ուղեկցությամբ։

Ավելի ուշ, երբ նրանք նկատեցին, որ հասարակության արդեն գցել են ազգայնականության ու դրան փոխլրացնող հիպնոզի տակ, կեղծ ՀԿ-ները չդադարեցրին իրենց գործունեությունը, այլ վերածվեցին փողի պարզ լվացքատների։ Կարծում եմ, այս գործի անմիջական մասնակիցներն ու մենեջերները ավելի մեծ պատասխանատվություն են կրում, քան մյուսները։ Ի դեպ, այս ֆեյքերի ֆունկցիաներից մեկը նաեւ սորոսներին ծաղրելը ու վախեցնելն էր, քանի որ իրենք ուտում էին մեր՝ ազգային, փողերը, իսկ սորոսները ապազգային փողերով փորձում էին քաղաքացիական հասարակություն կառուցել։

Նույնը վերաբերվում էր նաեւ լրատվամիջոցներին։ Երբ Ա1+ը փակելու համար Քոչարյանի հրամանով մի օրում հանկարծ ստեղծվեցին մեկ տասնյակից ավել հեռուստատեսություններ, այս TV-ները պարզապես կրակն էին ընկել իրենց իսկ գոյության ձեռքը։ Ըստ հրամանի նրանք պետք է գոյություն ունենային, սակայն հասարակությունը չէր կարողանում մատուցել ոչ քանակությամբ քոնթենտ, ոչ էլ տնտեսությունն էր կարողանում գեներացնել այդքան գովազդային փող։ Արդյունքում ունեցանք նույն լրահոսից սնվող նույն լրատվական հաղորդումները, նույն դերասաններով նույն սերիալները եւ նույն պարզունակ նացիոնալիզմը։

Հասարակական դաշտն այսքան աղճատելուց հետո մեղք է բոլորին մեղանչելու կոչելը, չէին կարող բոլորը հաղթահարել հիմարացման այդ հոսանքը, չէին կարող չվերցնել 10 հազարները, քանի որ իրական այլընտրանք առաջարկելու իրական ուղիները հազվագյուտ էին։ Իհարկե, կային անհատներ, որոնք փորձում էին մտնել անհույս պայքարի մեջ, օրինակ, դրանցից էր իմ ընկեր Տիգրան Հայրապետյանը, ով, կարծում եմ, ոչ առանց ռեժիմի մասնակցության հրաժեշտ տվեց երկրային կյանքին, դրանցից են իմ ընկեր Շանթ Հարությունյանը, ով իր ընկերների հետ բանտից այսօր էլ է դրսեւորում ողջամտության ու քաղաքացիության հազվագյուտ օրինակ։ Շատերն էլ, իմ ու իմ բազմաթիվ ծանոթների նման այլեւս անհույս համարեցին այս պատին գլխով հարվածելը ու լքեցին հայրենիքը՝ մեկը իր անձը, մյուսն իր արժանապատվությունը, երրորդն էլ՝ իր ինչքը փրկելու համար։

Նորից վերադառնանք համազգային զղջման կոչին։ Այստեղ հիշում եմ հին հանրապետականների զարմանքը, երբ ասում էին. «Մեր ժամանակ անբարոյականները կարգին անբարոյականներ էին, հիմա էս ի՞նչ ա. մի հատ թաց շորով սրբում ես, անցնում ա»։ Ճիշտն ասած, մոռացել էի մեր նորագույն պատմությունը, ինձ թվում էր, թե դեմագոգ երիտհանրապետականները Սերժ Սարգսյանի հայտնագործությունն էին, երբ հանրային փողերը գողացածը մեղադրանքներին պատասխանում է, թե՝ տերմինները լավ չգիտես, կամ ամենախոշոր սահմանադրախախտները խոսում են ժողովրդավարությունից։ Ինձ թվում էր, թե Քոչարյանի ժամանակ դրա կարիքը չկա, բոլոր հանցագործություններն անում էին լուռումունջ։ Պարզապես մոռացել էի շատ բաներ։

Քանի որ վերը նշած ակնարկը ավարտվում է առաջարկներով, ես նույնպես առաջարկում եմ ընդունել «Ականջ քորելու օրենքը», երբ ցանկացած հանրային ելույթից առաջ բանախոսը պարտավոր լինի կանգնել հայելու առաջ, քորել իր ականջի ետեւը եւ համոզվել, որ ինքը ունի ելույթի իրավունք։ Կարծում եմ սա էլ կլինի հակահեղափոխությունը կանխելու ձեւերից մեկը։

Աղասի Ենոքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031