Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար և բարեխիղճ մրցակցության ապահովմանն ուղղված հարցեր:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել վերջին ամիսներին տեղի ունեցող գործընթացների, մենաշնորհային համարված շուկաներում առկա իրավիճակի մասին: Այդ առումով, ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձել է շաքարավազի, բենզինի և բանանի շուկաներում զարգացումներին: Մասնավորապես, նա զեկուցել է, որ մինչև վերջերս Հայաստանում շաքարավազի հիմնական ապահովողը եղել է մեկ ընկերություն, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծող տնտեսվարող ընկերություններն ու շաքարավազի ներկրման խմբաքանակներն էապես ավելացել են: Ոլորտում ստեղծված մրցակցության արդյունքում տեղի է ունենում շաքարավազի գնի նվազում: Ներկա դրությամբ շաքարավազի մեկ կիլոգրամն արժե 285 դրամ՝ տարեսկզբի 390 դրամի համեմատ, այսինքն` գինը նվազել է 16 տոկոսով:
Անդրադառնալով բենզինի և դիզվառելիքի ոլորտին՝ ՏՄՄՊՀ նախագահը տեղեկացրել է, որ այստեղ գործում են 3-4 խոշոր ընկերություններ և ներկա դրությամբ որևէ արգելք չկա ու ցանկացած տնտեսվարող կարող է իրականացնել ներկրում: Ըստ Արտակ Շաբոյանի, այս ոլորտում շուկա մուտք գործող ընկերությունների համար հիմնական խնդիրը կապված է ենթակառուցվածքների հետ՝ բենզինն ու դիզվառելիքն իրացնելու առումով: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուկայում առկա է նաև թերլցումների խնդիր, ինչն առաջացնում է մրցակցային անհավասար պայմաններ, խնդիրներ կան նաև դիզվառելիքի ստանդարտների հետ կապված:
Անդրադառնալով բանանի շուկային՝ ՏՄՊՊՀ նախագահն ընդգծել է, որ մինչև վերջերս շուկայի 90 տոկոսը պատկանում էր մեկ ընկերության և նրան կապակցված ընկերություններին: Վերջին երկու ամիսների ընթացքում էապես ավելացել է նաև բանան ներմուծող ընկերությունների և ներմուծման խմբաքանակների թիվը: Արդյունքում՝ բանանի գինը մեր երկրում նվազել է առնվազն երկու անգամ և այսօր այն կազմում է 480 դրամ: Արտակ Շաբոյանը նշել է, որ ՏՄՊՊՀ-ն շարունակելու է այս ոլորտում ուսումնասիրությունները՝ հնարավոր հակամրցակցային գործողությունները վեր հանելու նպատակով:
Արտակ Շաբոյանը մանրամասներ է ներկայացրել նաև խոշոր սուպերմարկետների, ԱԳԼՃԿ-ների գործունեության մասին, անդրադարձել առկա հակամրցակցային իրավիճակին և այս ոլորտներում առկա խնդիրներին:
Ներկայացված տեղեկատվության շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչեցվել են տարբեր առաջարկություններ՝ նաև օրենսդրական կարգավորումների միջոցով հնարավոր մենաշնորհների դեմ պայքարելու և ազատ մրցակցային պայմաններ ապահովելու վերաբերյալ: Որոշ խնդիրների, այդ թվում՝ բենզալցակայաններում և ԱԳԼՃԿ-ներում թերլցումների հետ կապված կարևորվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից համապատասխան քայլերի իրականացումը:
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ներկայացված առաջարկությունները ևս մեկ անգամ քննարկել, գալ կոնկրետ եզրակացությունների և արդյունքները ներկայացնել իրեն: Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը նշել է. «Մենք պետք է մենաշնորհներ և գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չունենանք, անկախ նրանից, թե ինչ գործիքով մենք դա կանենք: Մեր խնդիրն է, որ չլինեն շուկայի հասանելիության խնդիրներ ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո: Մենք հայտարարություն անելիս նախ պետք է ուսումնասիրենք՝ կարգավորումներն իրական կյանքում գործում են, թե՞ հայտարարությունները կրկին շարունակում են լինել մի հարթության մեջ, իսկ իրականությունը՝ մեկ այլ: Այստեղ ակնկալում եմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Պետական եկամուտների կոմիտեի և, ընդհանրապես, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ակտիվ համագործակցությունը»:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































