Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարց է առաջանում ՝ արդյոք Քոչարյանը Հայաստանո՞ւմ էր ընդհանրապես. մեքենան տեսել են, բայց նրան չեն տեսել». Արա Պապյան

Օգոստոս 15,2018 15:55

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծում է, որ եթե Քոչարյանն իրոք ասելիք ուներ, այսօր էլ կարող է ասուլիս կազմակերպել, հրավիրել իր տուն կամ ուղիղ եթեր մտնել և իր խոսքն ասել:

«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Արա Պապյանը հայտարարեց՝ շփոթության մեջ են գցում հանրությանը՝ նախագահի անձեռնմխելիության հիմնավորմամբ: Այս առիթով Արա Պապյանը մանրամասնեց. «Ռոբերտ Քոչարյանն այլևս նախագահ չէ և ընդդատյա է, և իր անձեռնմխելիությունը միայն կարող է վերաբերվել, ինչպես սահմանադրության մեջ է գրված, իր կարգավիճակից բխող գործողություններին: Շփոթությունը գալիս է նրանից, որ անձեռնմխելիությունը շփոթում են դիվանագիտական անձեռնմխելիության հետ, որտեղ Վիենայի՝ 1961-ի դիվանագիտական հարաբերությունների կոնվենցիայի 31-րդ հոդվածը նշում է, որ դիվանագետը ենթակա չէ ընդունող երկրի քրեական, քաղաքական և վարչական պատասխանատվության: Սա կարևոր հանգամանք է: Այսինքն՝ անգամ նախկին նախագահը կարող է չենթարկվել պատասխանատվության, եթե իր կարգավիճակից է բխում: Որևէ հանցագործություն չի կարող բխել նախագահի կարգավիճակից»:

Արա Պապյանը շեշտեց՝ նախագահն անձեռնմխելի է միայն իր կարգավիճակից բխող գործունեության համար, մնացած բոլոր հարցերով քրեական, քաղաքացիական վարչական պատասխանատվության է ենթարկվում, ինչպես բոլոր քաղաքացիները»:

Արա Պապյանը պնդեց՝ դատավարությունը պիտի լինի արդար և մրցակցային. մեղադրող և պաշտպանող կողմերը պիտի իրենց տեսակետներն արտահայտելու հնարավորություն ունենան:

Արա Պապյանի կարծիքով՝ ՀՔԾ-ն մի փոքր սխալ վարվեց այն առումով, որ ապացուցելու համար բավականին դժվար մեղադրանք ներկայացրեց. «Այնինչ ապօրինի հարստացման մեղադրանք ներկայացնելը շատ ավելի հեշտ ապացուցելի է: Ապօրինի հարստացումը չի բխել նրա կարգավիճակից, այլ դեմ է եղել: Երբ նայում ենք ներկա և անցյալ զարգացումներին տարբեր երկրներում, բավականին շատ թվով առաջին դեմքեր կան, որոնք այսօր բանտում են: Չկա մեկը, որ օրենքից վեր լինի»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալմանը՝ Արա Պապյանը շեշտեց՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի կարծիք ու տեսակետ արտահայտելու. «Ինքս պատրաստվում էի, ուզում էի լսել, թե ինչ պիտի ասի Ռոբերտ Քոչարյանը: Անկախ մարդու նկատմամբ ինչ վերաբերմունք ունեք, կարծում եմ՝ բոլորն արտահայտվելու և տեսակետ ասելու իրավունք ունեն: Քոչարյանը կարող է շատ բան բացահայտել, նա այն մարդկանցից չէ, որ միայնակ խորտակվի: Ինքն անուններ է տալու և բաներ բացելու»:

Այն դիտարկումներին, թե Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը ուղղորդված էր իշխանությունների կողմից, Արա Պապյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, որ այդ գործողություններն իշխանության կողմից ուղղորդված լինեին: Այդպիսի վարկածներ էլ կարդացի՝ կարող է դա ուղղորդված էր հենց Քոչարյանի թիմի կողմից, որ աղմուկ լիներ, որ ասուլիս չտար և չպատասխաներ իրենց տհաճ հարցերին: Բայց հարց է առաջանում ՝ արդյոք Քոչարյանը Հայաստանո՞ւմ է ընդհանրապես: Այն մեքենան, որ եկավ, արդյոք Քոչարյանը մե՞ջն էր, թե ոչ: Մեքենան տեսել են, բայց նրան չեն տեսել»:

Արա Պապյանի կարծիքով՝ պետք չէ սպասել մինչև գարուն, որպեսզի կազմակերպել խորհրդարանական ընտրություններ: Ըստ նրա՝ հենց հոկտեմբերի 20-ին էլ պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրությունները՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո. «Պիտի նոր խորհրդարան ձևավորվի, նոր դատական համակարգ լինի: Եթե ընտրությունները լինեն գարնանը, ունենալու ենք գազի ու էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ, որ ասեն՝ տեսաք, հեղափոխություն արեցինք, հիմա գնացեք, սառեք ձեր տներում: Դա անելու են հակահեղափոխական ուժերը: Մենք լուրջ վտանգի ենք տանում հասարակությանը ոչ միայն ձմեռը սառելու և առանց լույս մնալու առումով, այլև պատերազմի վտանգի ենք տանում: Այդ հակահեղափոխության ուժերն ամեն ինչ կանեն, որ պատերազմ հրահրեն, որ ասեն, թե տեսաք՝ մենք պահում էինք խաղաղություն, իսկ դուք չկարողացաք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031