Լրահոս
Օրվա լրահոսը

Ռումանիոյ հայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը

Մայիս 08,2024 20:35

Ռումանիոյ հայոց թեմը՝ ի դեմս թեմակալ առաջնորդի, թեմական Պատգամավորական ժողովի և թեմական խորհրդի անդամների, մեր Հայրենիքի համար դժվարին այս օրերին իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունը, որը չի բխում աշխարհասփյուռ հայության և մեր պետականության ազգային շահից և աներկբա ձևով պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Տավուշի մարզից որոշ տարածքների հանձնման, միակողմանի զիջումներով այսպես կոչված ,,սահմանազատման,, գործընթացը խստորեն դատապարտելի է և կազմակերպվում է ներկայիս իշխանությունների կողմից ընդունված անթույլատրելի որոշումների հիման վրա։ Այն զուրկ է իրավական հիմքերից, հակասում է սահմանազատման միջազգայնորեն ընդունված նորմերին և ՀՀ համար կարող է ստեղծել անվտանգային լուրջ սպառնալիքներ։ Տավուշի մարզի չորս գյուղերի հանձնումը թշնամու անմիջական նշանառության տակ է դնում նաև մեր միջպետական ճանապարհները, որոնք ստրատեգիական կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ Այսպես կոչված ,,սահմանազատման,, այս գործընթացը միանշանակ անվտանգային լուրջ խնդիրներ է ստեղծելու ոչ միայն ամբողջ Հայաստանի համար, այլև վստահաբար հանգեցնելու է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակչության արտագաղթին ու հայաթափմանը։

Հայոց Եկեղեցին ի Սփյուռս աշխարհի, իր հայ հավատացյալներով և հայ եկեղեցականը, որ անձնվիրաբար ծառայում է Սփյուռքում, դեմ չէ երկարատև խաղաղության հաստատմանը, որի առաքյալներն ենք, սակայն մենք դեմ ենք այն միջոցներին ու գործիքակազմին, որով առաջնորդվում են ներկայիս իշխանությունները։ Հայ Եկեղեցին ի Սփյուռս աշխարհի և հայ եկեղեցականը մշտապես խոնարհությամբ ծառայել է իր ժողովրդին և Հայրենիքին, բայց խոնարհության ու ծառայասիրության հետ մեկտեղ միշտ եղել է բարձունքում՝ երբեք ծունկի չգալով նրանց առաջ, որոնք դարերի հոլովույթում փորձել են սասանել ու ծնկի բերել մեզ՝ լինի հայազգի ներքին, թե օտարազգի արտաքին թշնամի։ Խաղաղության դարաշրջանին կարող ենք հասնել միայն թշնամուն իր տեղը ցույց տալով և արժանապատիվ դիրքից բանակցելով։

Այս առումով մենք լիովին սատարում ենք և մեր աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և Տավուշի թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և բոլոր այն հայրենասեր անձանց, որոնք պայքարում են ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար։ Այսօր խարխլված են անկախ պետականության հիմքերը և անհրաժեշտ է օր առաջ դարձյալ համախմբվել, մի կողմ դնել ամեն տեսակ տարաձայնություն, ազգային միաբանության ոգով ու հանդուրժողականությամբ լծվել Հայրենիքի պաշտպանության ու բարգավաճման սրբազան առաքելությանը, որպեսզի մեր զավակները ևս ժառանգեն ազատ, անկախ, հզոր ու բարօր Հայրենիք:

Աղոթում ենք Հայաստանում և համայն աշխարհում խաղաղության վերահաստատման, մեր Հայրենիքից ներս ապահով ու անվտանգ կեցության, հայոց պետականության անսասանության ու զորացման համար։

 

ՏՏաթև եպիսկոպոս Հակոբյան

Առաջնորդ Ռումանիոյ թեմին հայոց

Առաջնորդական տեղապահ Բուլղարիայի հայոց թեմի

Հայրապետական պատվիրակ Բալկանյան երկրների

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031