Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք ցանկացած սադրանքի ջախջախիչ հակահարված տալ». Փաշինյանը՝ փոխզիջումների մասին (տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2018 23:13

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զինուժին» տված հարցազրույցում խոսեց ղարաբաղյան խնդրում փոխզիջումների մասին:

Վարչապետն ասաց՝ անընդհատ նաեւ միջազգային ԶԼՄ-ների կողմից հարց է հնչում, թե արդյո՞ք հայկական կողմը պատրաստ է որեւէ փոխզիջման. «Մենք ասում ենք, որ հայկական կողմը իր խաղաղասիրական դիրքորոշումը բազմիցս արտահայտել է, իսկ ինչո՞ւ չեն հարցնում՝ Ադրբեջանը պատրա՞ստ է որեւէ փոխզիջման: Մի պայմաններում, երբ Ադրբեջանից բացի սպառնալիքներից ու հոխորտանքների որեւէ բան չենք լսում, ես անիմաստ եմ համարում փոխզիջման մասին որեւէ խոսակցություն: Դա կարող է սխալ ուղերձ լինել Հայաստանի, Ադրբեջանի հանրության, նաեւ միջազգային հանրության համար, թե մենք մտավախություն ու որեւէ վախ ունենք Ադրբեջանի սպառնալիքներից: Ես նախկինում էլ, երբ ընդդիմադիր եմ եղել, քննադատել եմ այն ժամանակվա իշխանություններին, որ Ադրբեջանի հոխորտանքներին պատասխանում են փոխզիջման մասին հայտարարություններով: Ես կարծում եմ դա սխալ է: Բոլորին պետք է պարզ լինի, որ ՀՀ գերագույն հրամանատարը գիտակցում է այն ողջ պատասխանատվությունը, որ դրված է իր վրա, կառավարության վրա եւ որևէ մեկը չի կարող մեզ հետ սպառնալիքների,հարկադրանքի, ուժի լեզվով խոսել»:

Փաշինյանն ընդգծեց, որ «առավել եւս հիմա, երբ ողջ Հայաստանը, հայ ժողովրդի ներուժը համախմբված է ՀՀ կառավարության շուրջ, այսօր մենք հստակ պետք է արձանագրենք, որ պատրաստ ենք ցանկացած սադրանքի ջախջախիչ հակահարված տալ: Բայց սա չմեկնաբանվի հանկարծ, թե մենք ձգտում ենք պատերազմի, որովհետեւ որեւէ ժողովրդավարական երկիր ի բնե չի ուզում պատերազմ»:

Նա ասաց. «Մենք ասում ենք, որ պատրաստ ենք լրջորեն քննարկել, ոչ թե ձեւի համար, այլ լրջորեն քննարկել ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման հնարավորությունները, ուղիները, բայց դրա համար կա կարեւոր նախապայման, դա կարող է տեղի ունենալ, երբ կա կարգավորման մթնոլորտ, երբ կողմերը հստակ ցույց կտան, որ պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել՝ խաղաղ կարգավորման համար: Ցավոք, Ադրբեջանը երկար տարիներ ցույց է տալիս, որ իր դիրքորոշումը պատերազմն է հարցի կարգավորման, դա նշանակում է, որ ողջ հայ ժողովուրդը պետք պատրաստ լինի տալու արժանի հակահարված»:

Հարցին՝ հեղափոխությունից հետո ուշագրավ նյութեր սկսեցին շրջանառվել, թե այն ամենը, ինչ տեղի ունեցավ, մեծ խաղի դրվագներից մեկն է, Ադրբեջանին վերադարձնում են ազատագրված տարածքները՝ Փաշինյանը պատասխանեց՝ հարցի կարգավորման որեւէ տարբերակ, տեսականորեն հնարավոր որեւէ տարբերակ չի կարող իրագործվել որեւէ կառավարության կողմից, եթե այդ տարբերակը չունի ՀՀ եւ Արցախի հանրապետության ժողովրդի հստակ աջակցությունը: Կառավարությունը, առավել եւս մեր կառավարությունը ժողովրդի լիազորված ներկայացուցիչն է եւ չի կարող գործել ժողովրդի կամքին, ցանկություններին, մղումներին, երազանքներին հակառակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930