Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցության պատանդները

Հոկտեմբեր 10,2018 21:21

Մարդկային հասարակության մեջ կոնֆլիկտները տարբեր են: Լինում են միջանձնային, միջխմբային, միջպետական ու միջազգային կոնֆլիկտներ, քաղաքակրթական ու մշակութային կոնֆլիկտներ և այլն:

Կոնֆլիկտների այս շարքում, սակայն, ամենավտանգավորներից մեկը և դժվար լուծելին՝ ներանձնային կոնֆլիկտն է:

Լինելով միևնույն անձի, անհատի ներսում, այն կարող է ունենալ մտատանջող, հյուծող, երբեմն քայքայիչ բնույթ, ի վերջո՝ հանգեցնել անձի ինքնության տրոհման, հոգեբանական ու հոգեկան ծանր հետևանքների:

Հայաստանյան ներկայիս քաղաքական իրողությունները, իրավիճակների սրընթաց զարգացումը լուրջ մարտահրավերներ են նետում քաղաքական շատ գործիչների համար, որոնց փորձում են համարժեք արձագանքել նոր քաղաքական իրողություններին, նորովի դիրքավորվել՝ փորձելով պահպանել իրենց դեմքը (քաղաքական և այլ), փորձել այդ նոր դիրքավորման համար հիմնավորումներ գտնել:

Քաղաքական դաշտում անսպասելի վերադասավորումները, «ճամբարափոխությունը», քաղաքական հայացքների ու մոտեցումների կտրուկ շրջադարձերը ցավոտ գործընթացներ են:

Քաղաքական անբարո խաժամուժի համար այդ «թռչկոտումները» միգուցե սովորական ու բնականոն են, այլ է սակայն քաղաքական այդ շրջադարձի գինը պարկեշտ մարդու համար: «Արտաքին» հիմնավորումներից զատ այս գործընթացը մշտապես ուղեկցվում է ներանձնային կոնֆլիկտով:

Նոր ճշմարտության ընկալումն ու գիտակցումը մշտապես ուղեկցվում է անձի նախկին պատկերացումների, երբեմն՝ սկզբունքների ու կայուն մոտեցումների մերժման, սեփական «ես»-ի «դավաճանության» հետ:

Այս ամենից ելքը, մեծ հաշվով, ազնվությունն ու անկեղծությունն են՝ թե ներանձնային, թե՝ արտաքին մակարդակներում Իրավիճակի փոփոխության փաստումը, արձանագրումը: Անհրաժեշտության դեպքում՝ սխալների ընդունումը, ապաշխարհումը: Բոլորն են սխալական և մարդ արարածը մեղավոր էակ է:

Բայց արի ու տես, մարդկանց որոշակի տեսակ կա, որի համար իրավիճակը շատ ավելի բարդ է, որովհետև կա… Կուսակցություն:

Կուսակցությունը քաղաքական կազմակերպությունից զատ նաև կոլեկտիվ է, ընկերների (երբեմն՝ գաղափարակից, երբեմն՝ հանցակից), ծանոթների ու մտերիմների: Ոչ բոլորն են պատրաստ ընդունել սխալները, ընդունել պարտությունը: Կա կոլեկտիվ մտածողություն և հարցերին կոլեկտիվ մոտեցում: Երբ այս ամենի հետ չկա ներկուսակցական դեմոկրատիա և կարծիքների ազատ արտահայտում, այլ կան բրեժնևյան նոմենկլատուրայի բարքեր, շեֆի կարծիք ու միաձայն որոշումներ… դժվար է ակնկալել, որ կլինի բանավեճ, որտեղ երբևէ կծնվի ճշմարտություն:

Կուսակցությունը համայնք է և ունի «համայնական» դոկտրիններ: Բոլորը մեկի համար, մեկը՝ բոլորի: Այն սիրում է խմբային ու համայնական դիրքորոշումներ, վարքաբանություն՝ բոլորը մեկ մարդու նման պիտի կրծքանշան կրեն! Այն չի հանդուրժում այլակարծություն ու այլախոհություն: Այդ «համայնականությունը», զարմանալիորեն տարածվում է նաև կուսակցության սահմաններից դուրս՝ որպես հարաբերությունների կարգավորիչ ու «առնետի» պիտակ են ստանում բոլոր այլախոհները՝ անկախ բարոյական նկարագրից, կուսակցության անդամության հանգամանքներից, անցած ճանապարհից ու գործունեությունից: Տեղին է հիշեցնել, որ առնետները աղբի վրա են հավաքվում: Մաքո՛ւր պահիր քո տունը (կուսակցությունը), որ հետո չբողոքես առնետավազքից:

Կուսակցությունը մեր իրականության մեջ նաև պարտք է՝ ուղղակի և անուղղակի… Մարդիկ պարտական են կուսակցությանը (դրա ղեկավարությունը) իրենց կյանքի ու կարիերայի համար: Իսկ այդ մարդկանց զգալի մասը առանց էական արժանիքների, առանց քաղաքական կենսագրության, կյանքի ու բախտի մի դիպվածով ու կուսակցական նոմենկլատուրայի կամոք հայտնվել են երկրի քաղաքական ու պետական վերնախավում: Եվ նրանք պարտքի տակ են, կուսակցական, բարոյական ու մարդկային: Նրանք պատանդ են այդ իրականությանը, պատանդ են կուսակցության ղեկավարությանը, կուսակցական պատանդ…

Եվ որքան էլ նրանք լինեն ադեկվատ, որքան էլ ճիշտ գնահատեն ու հասկանան իրողությունները, նրանք հարկադրված են լինել «շատ սկզբունքային», «անդավաճան» ու համառ, ոչ մի կերպ չընդունել փոփոխված իրականությունը, նոր իրողությունները, շարունակել պնդել, որ «մածունը սև է»՝ ձեռք բերելով սկզբունքային գործչի համբավ: Բայց անտիկ իմաստնությունը շատ դիպուկ է բնորոշում՝ ում արժանիքն է համառությունը…

Հ.Գ.

Այս ամենի ցավալին մեկ այլ տեղ է: Ասպարեզի օդիոզ քաղաքական գործիչների ձևավորած հանրային տրամադրությունները տարածվում են բոլոր կուսակցականների վրա… Հազարավոր կուսակցականներ՝ պարկեշտ ու մաքուր, ազնիվ ու իրապես սկզբունքային նույնպես դարձել են «կուսակցության պատանդներ», այս դեպքում արդեն իրենց խղճի ու համոզմունքի բերումով: Նրանց նույնպես տանջում է երկփեղկվածությունը. մի կողմից՝ նախկինում ասված խոսքի, երբեմնի կայացրած որոշման, մյուս կողմից՝ կուսակցությունից արժանապատվորեն դուրս գալու դժվար ընտրանքի ու դավաճանի պիտակի վաստակման միջև…

Նրանք նույնպես ներանձնային կոնֆլիկտի զոհ են, բայց՝ այլ որակի…

Սերոբ Անտինյան

Կառավարման մասնագետ, վերլուծաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031