Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան դպրոցում ոչ թե սերտել պետք է սովորի, այլ ապրել ու զգալ. Արա Աթայան

Հոկտեմբեր 28,2018 23:59

«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ

Արա Աթայանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

 Կրթության ոլորտում մեր առաջնային խնդիրն այն է, որ չունենք բազմազանություն: Սա լճացման երաշխիքներ է ստեղծում: Համակարգը, որտեղ չկա բազմազանություն, որտեղ դպրոցները ուրիշ դպրոցների հետ համեմատվելու եզր չունեն, ըստ իս, դատապարտված է ճահիճ դառնալու: Հետեւաբար պետք է ամեն ինչ անենք, որ այդ բազմազանությունը ապահովվի: Հասկանանք ի՞նչ ասել է բազմազանություն: Խոսքը եւ ծրագրերի, եւ մեթոդների բազմազանության մասին է:

Տարբեր դպրոցներ շատ տարբեր ծրագրերով եւ մոտեցմամբ պետք է կարողանան ապահովել գործունեություն: Պետությունը պետք է սահմանի մեկ, երկու աստիճան որոնցով կստուգվի, որքանո՞վ է տվյալ դպրոցը պետության կողմից շատ ընդհանուր ձեւակերպված նվազագույն չափանիշներին համապատասխանում: Իհարկե, կարելի է ասել, որ այսօր էլ կա այդ նվազագույն չափորոշչի տարբերակ, բայց եթե ներկաներից որեւէ մեկին դուք հարցաքննեք նվազագույն չափորոշիչով, կպարզվի, որ մենք բոլորս անհուսորեն տգետ ենք: Այսինքն` դա այն է, ինչ աշակերտը մի կերպ անգիր անելով հանձնում է ու հետո մղձավանջի նման մոռանում: Երեխան դպրոցում ավելի շատ է արթուն ժամանակը անցկացնում, քան տանը՝ ծնողների հետ ու նա իսկապես պետք է երջանիկ լինի այնտեղ: Բավական չէ, որ մենք այդ ժամանակը դարձնում են երեխային պասիվ դիրքում ընկալող, վեց-յոթ ժամ խոշտանգումների ենք ենթարկում նրան, հետո էլ տանն ենք շարունակում տանջել տնային առաջադրանքներով, այսինքն` մենք ձեռք ենք մեկնում նաեւ դեպի այն ազատ տարածություն, որտեղ նա պետք է ազատ շնչեր: Հետո զարմանում ենք, որ երեխաները գունատ են, որ նրանք ցածր դասարաններից ունեն դպրոցական ֆոբիա, պատրաստ են հիվանդանալ միայն թե դպրոց չգնան, միջին եւ ավագ դպրոցներում էլ դասից փախչել: Պիտի այնպիսի համակարգ լինի, որ երեխան կարողանա շնչել: Դպրոցական տարածքը չպիտի օգտագործվի, որ երեխայի հիշողությունը անընդհատ լցվի, պետք չի հիշողությունը լցնել, դրա համար համակարգիչ կա, որտեղից մեկ հպումով կարելի ցանկացած բան հանել: Պետք է երեխայի հմտությունները, ընդունակությունները զարգացնենք: Երեխան կապվի կյանքի հետ, սովորի զգալ, մտածել: Հին արեւելյան խոսք կա, որ ասում են երեխան ոչ թե անոթ է, որ պետք է լցնել, այլ ջահ է, որ պետք է բոցավառել: Մենք տարիներ շարունակ լցնում եք շշերը, դնում մի տեղ հետո բացում եւ զարմանում ինչո՞ւ են դրանք դատարկ: Այն ինչ մենք լցնում ենք ժամանակի ընթացքում գոլորշիանում է…

Այլընտրանքը դա նշանակում է նաեւ գիրք, դասագիրք բազմազանություն: Ո՞վ ասաց, որ կա մեկ ամենախելացին, որի գրած դասագրքով ես իմ աշակերտին պիտի կրթեմ: Հնարավոր է, ես այլ տարբեր գրքեր օգտագործեմ ու հասնեմ ավելի լավ արդյունքի: Հիմա մեր ղեկավարությունը մենաշնորհների դեմ է պայքարում, բայց այդ մենաշնորհը նաեւ դպրոցում կա: Ստեղծվել են անդեմ օղակներ, որտեղ գրվում են ծրագրեր, դասագրքեր՝ մարդկանց կողմից, որոնք երբեւիցե երեխաների հետ չեն աշխատել: Ես դասվար եմ, 34 առաջին դասարանի երեխաների եմ դասավանդում, թող գան այդ ծրագիր գրողները մի քանի օր դասավանդեն ու տեսնեն իրենց ծրագրերը ընդհանրապես ինչ որ կապ ունե՞ն այդ երեխաների տարիքի պահանջի հետ, թե՝ ոչ: Երեխաներին պետք է վազվզել, խաղալ, հեքիաթ լսել, որ առողջ լինեն ու ստեղծագործ: Ես իմ աշակերտներին շաբաթը մեկ տանում եմ անտառ, որտեղ նրանք սովորում են շատ ավելին՝ ձայներ լսել, գույներ տարբերել եւ այլն: Նրանք սովորում են, որ իրական աշխարհը սմարթֆոնն ու համակարգիչը չէ: Կյանքն այնտեղ է, որտեղ թիթեռներ են թռչում, ծիտիկներ են ճռվողում եւ այլն: Որպեսզի երեխաները մեծանան երջանիկ, դպրոց պետք է մտնի արվեստը եւ արհեստը: Դպրոցը միայն նրա համար չէ, որ երեխաները սովորեն լավ սերտել: Մենք պետք է ազատ ստեղծագործող մարդիկ ձեւավորենք, որը հնարավոր չէ առանց արվեստի:

Այլընտրանքը գնահատման ոլորտում. Բավական է, մենք մեր երեխաներին չափենք թվերով: Կամ եթե մեկը ուզում է իր երեխային չափեն թվերով, թող տանի այդ տեսակ դպրոց: Իսկ եթե ինչ-որ մեկը չի ուզում իր երեխայի ճակատին պիտակ դնեն՝ նա գերազանցիկ է, միջակ, թե ծույլ, թող այլ դպրոց տանելու հնարավորություն ունենա, որտեղ ընդհանրապես թվանշան չեն դնում: Ես խոսում եմ մի դպրոցի փորձից ելնելով, որը տարիներ շարունակ ապացուցել է, որ հնարավոր է տալ լավ շրջանավարտներ՝ առանց ինչ-որ տեղ շտապելու, առանց ինտելեկտուալ պրեսինգի, առանց թվանշանի, առանց դասագրքերի եւ գնահատականի: Ի դեպ, ես մի կողմից միանշանակ կողմ եմ ծրագրերի բեռնաթափմանը, բայց մյուս կողմից չէի ուզենա, որ այնպիսի գանձեր, ինչպիսիք են երկրաչափության թեորեմները կամ ֆիզիկայի օրենքները դուրս մնան դպրոցական ծրագրից ու դուրս մղվեն երեխայի մտահորիզոնից, որը չի պատրաստվում դառնալ ֆիզիկոս կամ մաթեմատիկոս: Որովհետեւ դա իրենց հարստացնում է նույն չափով, ինչ չափով ասենք բնագետին արվեստն է հարստացնում: Դպրոցը պետք է դաստիարակի բազմակողմանի զարգացած մարդ:

Այլընտրանք՝ դպրոցների կառավարման ոլորտում. Տարիներ առաջ ստեղծվել են 5-8 հոգանոց խորհուրդներ, որոնք տնօրենների ֆեոդալական կառավարման վրա պետք է վերահսկողություն սահմանեն, բայց դա միֆ է: Մի ֆեոդալական կառավարման վրա վերահսկում է մյուս ֆեոդալական մարմինը: Դպրոցը ունի ուսուցիչների համայնք, ծնողների համայնք, որոնք շատ ավելի լավ գիտի ի՞նչ է պետք այդ դպրոցին, քան ինչ -որ մարդիկ, որ տարին մեկ են մտնում դպրոց:

Բազմազանության մասին խոսելիս պետք է չմոռանալ նաեւ ֆինանսական կողմի մասին: Մենք այսօր ապրում ենք երկրում, որտեղ ոտնահարվում է ծնողի, հարկատուի կարեւորագույն իրավունքներից մեկը: Յուրաքանչյուր հարկատու հարկ է վճարում, որը պետք է գնա իր երեխաների կրթության համար: Այն ծնողները, որոնք որոշում են իրենց երեխաներին տանել այլընտրանքային կամ մասնավոր դպրոց զրկվում են այդ իրավունքից եւ դեռ հավելյալ գումար էլ է վճարում: Տպավորություն է ստեղծվում, որ այլ տեսակի դպրոցներին նախապատվություն տվող երեխաների ծնողները թշնամիներ են, որոնցից հարկված գումարը փոխանցվում է կողքի դպրոցում սովորող երեխային: Ինչո՞ւ պետք է այդպես լինի: Այդ դեպքում ինձանից այդ հարկը մի գանձեք: Մինչեւ մենք չստեղծենք միջավայր նոր դպրոցի համար, չենք ունենա լայնախոհ երիտասարդ կադրեր, որոնք փոխարինելու կգան հին կադրերին: Մեր դպրոցում, օրինակ, մանկավարժական համալսարանից եկած կադրեր չկան: Ոչ թե նրա համար, որ մենք չենք ընդունում, այլ չենք հանդիպել…Մանկավարժական համալսարանը մեղավոր չէ, մինչեւ չկրթենք այլ հայացքներ ունեցող երիտասարդներ, շատ բան չի փոխվելու: Ապագա ուսուցիչները մանկավարժական համալսարանում սովորում են ոչ թե մանկավարժություն, այլ մանկավարժության պատմություն: Տեսական բաներ են սովորում, որ կապ չունեն պրակտիկայի հետ:

Մանկավարժական համալսարանը միշտ համարվել է մի տեղ ուր սովորելու գնում են միայն անհույս մարդիկ: Դա միայն այդ բուհի խնդիրը չէ, դա համակարգային խնդիր է: Ընդունված է կարծել, որ տարրական դասարանների ուսուցիչ դառնում են նրանք, ովքեր գնալու այլ տեղ չունեն, նույնը միջին դպրոցի մասին կարելի է ասել, ավագ դպրոցի ստատուսը մի քիչ ավելի բարձր է… Այնինչ, որքան ցածր է երեխայի տարիքը, այնքան ավելի մեծ դեր ունի մանկավարժը: Ի՞նչ եք կարծում համալսարանի դասախոսը, կարո՞ղ է դասավանդել առաջին դասարանցուն: Ես դասավանդում եմ վեց տարեկան երեխաներին եւ մագիստրոսներին, կարող եմ վստահաբար ասել, որ փոքրերի հետ շատ ավելի դժվար է: Հասարակության մեջ այդ ընկալումը պետք է փոխվի այլ հարթության վրա:

21-րդ դարը այն աստիճանի հեռացրել մարդուն բնական միջավայրից, որ 21-րդ դարի դպրոցը պետք է ունենա մի միջավայր, որտեղ կլինի բնություն: Դա այնպիսի մի բան չէ, ի դեպ, որ պահանջում է ահռելի ծախսեր: Մեր կողքի դպրոցի օրինակը բերեմ: Կա մի մեծ ասֆալտապատ տարածք, որ միայն երեխաներին այս կամ այն առիթով շարելու համար է ծառայում: Միթե հսկայական ծախս է պետք այդ ասֆալտը քանդելու եւ ծառեր տնկելու համար: Ես չեմ ասում շենքերը քանդենք՝ծառեր տնկենք, բայց հնարավոր չ՞է, որ ամեն դպրոց ունենա բակ, որտեղ կա մի քանի ծառ տնկելու հնարավորություն: Նման միջավայր ստեղծելու համար պետք է ծնողների էնտուզիազմը, ավագ դպրոցի սաների աշխատանքը, մանկավարժական համալսարանի ուսանողների օգնությունը: Թվում է, կարեւոր չէ, բայց ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ չափազանց կարեւոր է այդ միջավայրը, քանի որ հակառակ դեպքում երեխաները կտրվելու են իրականությունից եւ կյանքից, այսօրվա թվայնացված աշխարհը առանց այդ էլ դրան է տանում:

Այսօր մենք ոչ թե պետք է փորձենք ամեն մանր խնդրի համար փոխենք գործող համակարգը, այլ փոխենք օրենքները եւ ստեղծենք օազիսներ: Որովհետեւ կոնսերվատիվ համակարգը փոխելու համար կգնա անիմաստ ուժ , դրա փոխարեն պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել, որի արդյունքում հինը կամ կփոխվի, կամ կոչնչանա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031