Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը կֆինանսավորի բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող ուսուցիչների ուսման վարձը

Մայիս 10,2024 15:45

«Հանրակրթության մասին օրենքում 2011թ. սահմանվել էին որակավորման այն պահանջները, որոնք պետք է բավարարեին մասնագետները՝ հանրակրթական դպրոցներում ուսուցիչ աշխատելու համար: Եվ այդ պահանջներից մեկը բարձրագույն կրթության ապահովումն էր: Տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ երկու անգամ այս կետի իրականացումը, կիրարկումը հետաձգվել էր, եւ այդ ընթացքում հնարավորություն էր տրվել, որ ուսուցիչները կարողանան սեփական ուժերով, սեփական միջոցներով այդ պայմանն ապահովել»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը՝ անդրադառնալով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների՝ կառավարության հաստատած օժանդակության ծրագրին:

«Սակայն, երբ 2023թ օգոստոսի 20-ին ընդառաջ մենք իրականացրինք վերլուծություն, ու ակնհայտ դարձավ, որ ավելի քան 1300 ուսուցիչներ չէին կարողացել այս պահանջն ապահովել՝ տարբեր պատճառներով: Մենք որպես միջանկյալ կարգավորում՝ ստեղծեցինք կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորությունը, որին մասնակցելու եւ ատեստավորվելու արդյունքում ուսուցիչները ստանալու են հնարավորություն շարունակել իրենց գործունեությունը դպրոցներում՝ որպես մանկավարժ:

Բայց սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացված կամավոր ատեստավորումից հետո էլ ունեցանք ուսուցիչներ, որոնք տարբեր պատճառներով կամ չէին մասնակցել կամավոր ատեստավորմանը, կամ սահմանված շեմը չէին կարողացել հաղթահարել, բայց դպրոցում աշխատանքը շարունակելու հնարավորությունն ուզում էին օգտագործել՝ հաշվի առնելով, որ երկար տարիներ դասավանդել են եւ մեծ ներդրում են ունեցել կրթության գործում»:

Թամարա Սարգսյանն ասաց, որ այժմ բարձրագույն կրթություն չունենալու հիմքով մասնագիտական գործունեությունը դադարեցրած մանկավարժները կրթությունն անվճար շարունակելու հնարավորություն կունենան, քանի որ կառավարությունը պատրաստվում է ֆինանսավորել նրանց կրթության ծախսերը։ Նրա խոսքով, բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող ուսուցիչների դիմումներն ընդունելուց հետո բուհը նրանց տվյալները կներկայացնի նախարարություն, եւ պետությունը կիրականացնի նրանց առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումը։ Ինչ վերաբերվում է հաջորդ կիսամյակին, պետությունը կֆինանսավորի միայն այն ուսուցիչների ուսման վարձը, որոնց առաջադիմության միավորը 60 տոկոսից ավելին կլինի։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031