Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. Այն, ինչ հիմա բանակցվում է՝ ոչ թե խաղաղության պայմանագրի շուրջ է, այլ տարածքների՝ անվտանգության դիմաց. «168 ժամ»

Հունվար 24,2019 13:20

Հարցազրույց 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանի հետ

– Պարոն Շահնազարյան, հայաստանյան ներքաղաքական բուռն իրադարձությունները կարծես ստվերել են զարգացումները ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, որտեղ իրավիճակը բավականին հետաքրքիր է: Հունվարի 16-ին Փարիզում տեղի ունեցավ նախարարական 4-րդ հանդիպումը, որից հետո հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ կողմերը համաձայնության են եկել ժողովուրդներին պատրաստել խաղաղության: Նախորդ նախարարական հանդիպման արդյունքները ևս բարձր էին գնահատվել ադրբեջանական կողմից, եղան ուշագրավ հայտարարություններ Ադրբեջանից, ՌԴ ԱԳ նախարար Լավրովից: Ընդհանուր առմամբ` ինչպե՞ս եք գնահատում վերջին մի քանի ամիսների բանակցային գործընթացը:

– Ինձ համար որևէ անսպասելի բան տեղի չի ունեցել: Դուք գիտեք, որ ես բազմիցս մամուլով անդրադարձել եմ բանակցային գործընթացին: Փարիզի հանդիպումը հերթական անգամ ապացուցեց իմ բոլոր նախորդ պնդումները: Եկեք միանգամից արձանագրենք` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգը, որը վերաբերում էր շփման գծում, այսինքն` Արցախ-Ադրբեջան շփման գծում զինադադարն ամրապնդելու միջոցառումներին, չկա:

Երկրորդ` միջազգային իրավունքի երեք սկզբունքներն ամրագրված էին նույն Մադրիդյան փաստաթղթում՝ որպես կարգավորման հիմք, և այդ երեքից մեկը, ինչպես հիշում եք, ժողովուրդների ինքնորոշման իրավունքն էր, դրա մասին նույնպես որևէ բառ գոյություն չունի: Եռանախագահողների բոլոր հայտարարություններում, սկսած մայիս ամսից` Հայաստանում, այսպես կոչված, թավշյա իշխանափոխությունից հետո արված բոլոր հայտարարություններում, այս հարցերի վերաբերյալ ակնարկ անգամ չկա:

Ավելացնեմ երրորդ դիտարկումը` Դուշանբեի վերելակային հանդիպումը, որը տեղի էր ունեցել Փաշինյանի և Ալիևի միջև, ընդ որում՝ Ալիևի նախաձեռնությամբ, որովհետև Ալիևն էր մոտեցել, ըստ էության, դարձել է հիմք զինադադարի պահպանման ներկայիս ռեժիմի համար:

Չորրորդ` փաստ է, որ Հայաստանը բանակցում է՝ Արցախի Հանրապետության փոխարեն: Բոլոր այն հայտարարությունները, որոնք արվել էին վարչապետի կողմից, իրականությունից շատ և շատ հեռու են: Փարիզում, ակնհայտ է, որ տեղի են ունեցել բովանդակային, լուրջ բանակցություններ, և, ըստ էության, բոլոր չորս նախորդող հանդիպումներում էլ: Հիշեցնեմ, որ ԱԳ նախարարների առաջին հանդիպումը Բրյուսելում էր, այնուհետև` Նյու Յորքում, ապա՝ Միլանում, իսկ վերջինը` Փարիզում, որոնք բովանդակային բանակցություններ էին: Ակնհայտ է, որ Փարիզում եղել են լուրջ համաձայնություններ, որովհետև Փարիզի հանդիպումից հետո, դուք տեսաք, որ միջազգային հանրության շատ լուրջ ներկայացուցիչներ դրական գնահատեցին այդ համաձայնությունը, և ըստ էության դրանից հետո սկսվեց Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքների տարափը վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ակնհայտ է նաև, որ նրանք շատ ավելի տեղեկացված են հանդիպման արդյունքների վերաբերյալ, քան մեր հանրությունը, որովհետև ներկայիս իշխանություններն այդ բանակցային գործընթացը պահում են խիստ գաղտնի փակի տակ և երբեմն նույնիսկ իրարամերժ հայտարարություններ անում. ասացին, որ մտքեր են փոխանակվել, բայց եղել են լրջագույն պայմանավորվածություններ:

Անդրադառնամ Լավրովի հայտարարությանը` առաջին անգամ Ռուսաստանը` հանձին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, խախտեց պարիտետը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որովհետև ասաց, որ սատարում է Ադրբեջանի` հակամարտությունը կարգավորելու մոտեցումներին` հուսալով, որ Հայաստանի ընկերները դրան փոխադարձաբար կարձագանքեն:

Ես չեմ հիշում որևէ դեպք, որ ՌԴ-ի կողմից այսպես խախտված լինի պարիտետը: Երկրորդ` Լավրովն այդ հայտարարությունն արեց, երբ Փարիզում բանակցությունները նույնիսկ չէին սկսվել` հունվարի 16-ի առավոտյան, բանակցությունները դեռ չէին սկսվել, որովհետև, եթե հիշում եք, ԱԳ նախարարները եռանախագահներին հանդիպեցին նախ՝ առանձին-առանձին, և երեկոյան նոր հանդիպեցին միմյանց: Մյուս ապացույցը, որ լրջագույն պայմանավորվածությունների են եկել. եթե պայմանավորվածություններ չեն լինում, ապա Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղարը չէր ընդունի, հանդիպում չէր լինի, և, դրանից բացի, չէր լինի ևս մեկ հանդիպում Ելիսեյան պալատում նախագահ Մակրոնի արտաքին և դիվանագիտական բարձր խորհրդականների կողմից:

Այսինքն` ՀՀ իշխանություններն իրականում թաքցնում են, թե ինչ գործընթաց է գնում: Դա բազմաթիվ այլ ապացույցներ ևս ունի, որ լուրջ, բովանդակային բանակցային գործընթաց է գնում:

Ավելացնեմ հինգերորդ կետը, եթե նախկինում եռանախագահողներն իրենց հայտարարություններն ընդհանրապես չէին համաձայնեցնում կողմերի հետ, ապա Միլանից սկսած՝ ԱԳ նախարարներն այդ տեքստին համաձայնություն են տալիս, ինչի վկայությունն ԱԳ նախարարի ելույթն էր, որ ոգևորված է, որ հաջողվեց ադրբեջանցի իր գործընկերոջ հետ համաձայնության գալ այս տեքստի շուրջ, որտեղ արդեն նշված էր Դուշանբեի վերելակային դիվանագիտության մասին: Ավելի քան վստահ եմ, որ գործընթացն արագանալու է, բոլորը շտապում են, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները ևս շտապում են, և եռանախագահողները հայտարարել են, որ պետք է այցելեն մայրաքաղաքներ, և արդեն նախապատրաստում են բարձր մակարդակով հանդիպում` Փաշինյան-Ալիև հանդիպում, իսկ սովորաբար նման հանդիպումներն արդեն նմանատիպ գործընթացներից հետո կազմակերպվում են, որպեսզի ամենաբարձր մակարդակով հաստատեն արդյունքները:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մեկ այլ հարցի վրա, որը կար Փարիզի հանդիպումից հետո եռանախագահողների հայտարարություններում, այն է՝ կողմերը պետք է ժողովուրդներին պատրաստեն խաղաղության: Ո՞ր ժողովուրդներին: Եթե ՀՀ իշխանությունները շարունակում են մնալ հենց սկզբից ամրագրված սկզբունքում, որ սա ինքնորոշման հարց է, այդ դեպքում պետք է պատրաստել խաղաղության Արցախի Հանրապետության հասարակությանը, մինչդեռ ՀՀ իշխանությանը սատարող որոշ գործիչներ հարց են բարձրացնում, որ, օրինակ, Հայաստանում ևս պետք է լինի հանրաքվե: Հասկանում եմ, որ իրենք տանում են սա տարածքային վեճի ուղիով, եթե Հայաստանում ևս պետք է հանրաքվե լինի, այնինչ դա պետք է բացառված լիներ:

Ինչպես տեսնում եմ, արդեն Հայաստանում գնում են, այսպես կոչված, խաղաղության: Այն, ինչ հիմա բանակցվում է, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա ոչ թե խաղաղության պայմանագրի շուրջ է, այլ ընդամենն այն բանաձևն է, որի մասին ես բազմիցս ասել եմ, այսինքն` տարածքներ՝ անվտանգության դիմաց, ոչ թե՝ կարգավիճակի դիմաց:

Ի՞նչ է անվտանգությունը, ի՞նչ տիպի անվտանգություն, ամեն դեպքում դա կարգավիճակ չէ, այսինքն` սա խնդրի քաղաքական լուծումը չէ, և իրենք հիմա, ես վստահ եմ, որ առնվազն եռանախագահողները շատ լրջորեն աշխատում են այդ պայմանագրի տեքստի վրա, եթե արդեն չեն ավարտել, ապա դա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ: Ավելացնեմ, որ ըստ էության սա 1997թ., այսպես կոչված՝ փուլ առ փուլ կարգավորումն է, չնայած վերջնական կարգավորումը չէ, այդ տարբերակի փիլիսոփայությունն է:

Ինչ-որ տարրեր կարող է փոխված լինեն, բայց փիլիսոփայությունը նույնն է, այսինքն` ստատուս-քվոյի փոփոխություն, ինչ-որ տարածքներ հանձնել Ադրբեջանին՝ անվտանգության դիմաց ընդամենը, ո՛չ կարգավիճակի:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031