Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Փաստորեն, ստացվում է՝ կրթության հավասար իրավունք ոչ միշտ ենք կարողանում ապահովել

Մարտ 02,2019 19:38

«Ամենատարածված խախտումները հանրակրթության մասով վերաբերում են կադրային խախտումներին: Օրինակ՝ որ այս կամ այն ուսումնական հաստատությունում ուսուցչի աշխատանքի ընդունվել է մեկը, որը չի համապատասխանում օրենքի դրույթներին, որտեղ հստակ նշված է, թե ով կարող է լինել ուսուցիչ այսօրվա մեր կրթական հաստատություններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը:

2018  թ․-ին ՀՀ կրթության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Վայոց ձորի թվով 15 դպրոցներում, Երևանի 3 դպրոցներում և 21 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև թվով 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, ուսումնասիրություններ են իրականացվել Վայոց ձորի և Կոտայքի մարզպետարանների կրթության վարչություններում և Տավուշի Իջևան քաղաքի և Ստեփանավանի  համայնքապետարանի կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանումներում:

«Կադրային խախտումների պատճառներից մեկը կարող է լինել այն, որ իրավական այդ պահանջները, որոնք բավականին մանրամասն կարգավորված են մեր իրականությունում, կարող են խնդիրներ առաջացնել կադրային որոշումներ կայացնելիս մի պարզ պատճառով. կարգավորումները ունիվերսալ են, մինչդեռ մենք գիտենք, որ դպրոցները գործում են տարբեր իրականություններում և ունեն տարբեր հնարավորություններ: Մենք ունենք մեծ դպրոցներ, մարզային դպրոցներ, որոնց իրենց ծավալով կարող ենք համարել միջին ծանրաբեռնվածություն ունեցող, և ունենք բավականին թվով հեռավոր գյուղերի բարձր լեռնային, սահմանամերձ փոքր դպրոցներ, որտեղ շատ հաճախ մենք մանկավարժական կադրերի խնդիր ունենք, պարզ լեզվով ասած՝ մարդիկ չեն գնում այդտեղ աշխատելու»,- նշեց պարոն Շագաֆյանը:

Վերջինիս խոսքով՝ լուծումը կարող է լինել այն, որ այն կարգավորումները, որոնք կգնահատվեն չափից ավելի մանրամասն, սկսենք մտածել դրանք ապակարգավորելու կամ ավելի ընդգրկուն, ներառող դարձնելու մասին:

198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը նկատեց, որ ուսուցչի ընտրության կարգն ասում է, որ ուսուցիչ կարող է աշխատել բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող մարդը, այսինքն՝  մաթեմատիկայի ուսուցիչ կարող է աշխատել միայն նա, ում դիպլոմում մասնագիտության տողում գրված է մաթեմատիկայի ուսուցիչ, եթե գրված է մաթեմատիկոս, նա աշխատելու իրավունք չունի. «Սա խնդիր է հատկապես, օրինակ, մարզային դպրոցների համար, չնայած այդ խնդիրը եկել է նաև երևանյան դպրոցներ: Հիմա մի շարք մասնագիտություններում մրցույթներ ենք կազմակերպում ուսուցչի թափուր տեղի համար, երկար ժամանակ դպրոցները չեն կարողանում ընդունել ուսուցիչ: Օրինակ՝ վերջին շրջանում շատ լուրջ խնդիր էր տարրական դասարաններում ռուսերենի ուսուցչի թափուր պաշտոնը լրացնելը: Մարզերում ավելի մեծ խնդիր ունենք, որովհետև դժվար հասանելի բնակավայրերը ավելի շատ են և տվյալ գյուղում չկան, օրինակ, բնագիտական առարկաների մասնագետներ: Կան ինժեներներ, որոնք կարող են դասավանդել մաթեմատիկա, բայց նրանք էլ դասավանդելու իրավունք չունեն»:

Ըստ պարոն Թորոսյանի՝ այսպիսի խնդիրների լուծումներից մեկը 2-3 մասնագիտությամբ, տարբեր առարկաներ դասավանդելու որակավորմամբ ուսուցիչներ պատրաստելն է: Տնօրենի խոսքով՝ եթե մեր բուհերը որոշեն այդպիսի մասնագետներ կրթել, ապա բավականին կհեշտանա խնդիրը:

«Այստեղ կարևորագույնը աշակերտի կարիքների բավարարման խնդիրն է, փաստորեն, ստացվում է ՝ կրթության հավասար իրավունք ոչ միշտ ենք կարողանում ապահովել»,- հավելեց պարոն Թորոսյանը:

Հարցին, թե սա միգուցե պայմանավորվա՞ծ է ուսուցիչների ցածր աշխատավարձով, պարոն Շագաֆյանը պատասխանեց, որ, բնականաբար, աշխատավարձը ցածր է, և այսօրվա իշխանությունը դա ամենաբարձր մակարդակով ֆիքսել է. «Բայց միաժամանակ միայն աշխատավարձ բարձրացնելով՝ այս բոլոր խնդիրները չենք կարող  լուծել, հետևաբար զուգահեռ պետք է մտածել նաև պայմանները ավելի լավացնելու մասին: Տեսչական մարմնի կարծիքով՝ ուսումնական  հաստատության ղեկավարին, ուսուցչին ազատ գործելու հնարավորություն տալը և դրա դիմաց պատասխանատվություն կրելը ևս մոտիվացիա է»:

«Ուսուցիչների սոցիալական խնդիրները շատ են, և աշխատավարձը կարևոր խնդիր է, 100.000-ի կարգի աշխատավարձով շատ հարցեր լուծել հնարավոր չէ: Մյուս կողմից էլ մեր մասնագիտությունն այնպիսի է, որ դու բժշկի նման մարդ ես. չես կարող աշակերտին դասավանդել աշխատավարձի չափից կախված, դու կարող ես պարզապես հրաժարվել, փոխել աշխատանքը: Բայց մեր բնագավառի աշխատողները ոչ միշտ են կարող երկար ժամանակ ուսուցիչ աշխատելուց հետո այլ մասնագիտությունների անցնել»,- նկատեց պարոն Թորոսյանը:

 

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031