Արդեն միանշանակ է կարծես թե բոլորի համար՝ անկախ նրանից, թե ով է երկրի ղեկավարը, ինչպիսի ներքին կամ արտաքին քաղաքական միջավայրում ենք գտնվում, Արցախյան կարգավորման ներկայիս վեկտորը մշտապես տանում է դեպի հանրության կողմից չընդունվող տարբերակների իրականացում։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել երկու շատ վտանգավոր եզրակացության․
– առաջին՝ առանց հայկական կողմից ըստ էության միակողմանի զիջումների լուծումը հնարավոր չէ,
– երկրորդ՝ ով էլ գա իշխանության, վերջում ստացվում է «մադրիդյան սկզբունք»։
Այս տրամադրությունները վտանգավոր են, քանի որ կարող են առաջացնել հուսալքություն և ցանկություն կամ հաշտվել ճնշումների հետ կամ վճռական կտրել այս հանգույցը։
Կարդացեք նաև
Սակայն այստեղ շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչպես մենք հայտնվեցինք այն վիճակում, երբ որոշ օտարերկրյա պաշտոնյաներ, նույնիսկ անտեսելով դիվանագիտական էթիկետը, թույլ են տալիս փաստացի միջամտել մեր ազգային անվտանգության հարցերի մեջ և որն է այն սկզբունքային հենասյունը, որը կորցնելով հայտնվեցինք այսպիսի ոչ նախանձելի վիճակում։
Արցախյան խնդիրը վերջին 30 տարում եղել է և շարունակում է մնալ հայ ժողովրդի հիմնական քաղաքական օրակարգը։ Անկախ երկրի իշխանությունից, Արցախը հանդիսանալու է այն փորձաքարը, որի արդյունավետ հաղթահարումը կարող է բեկումնային լինել ողջ քաղաքական համակարգի համար։ Պատահական չէ, որ սա ոչ միայն իշխանափոխության վրա ազդող գործոն է, ինչի ականատեսն ենք եղել, այլ նաև իշխանության համար հանրային վստահության պաշար ապահովող հիմնական հարցը։
Սակայն առաջին նախագահից մինչև ներկայիս իշխանություն ընկած ժամանակահատվածը օրակարգի հիմնական հարցը եղել է և մնում է Հայաստանի կողմից ինչ-որ զիջումների հարցը, ընդ որում, հաճախ հստակ բարձրաձայնվում է կոնկրետ շրջանների վերադարձի խնդիրը։
Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչպե՞ս ստացվեց, որ անկախ թե երկրի իշխանությունից, թե հայ ժողովրդի ցանկությունից, օրակարգային հարցերը՝ պտտվելով տարբեր հարցերի շուրջ, վերադառնում են այդ միևնույն վտանգավոր կետին։
Խնդիրը կայանում է նրանում, որ Արցախյան կարգավորման այն մոդելը, որը որոշ պատճառներով որդեգրվեց մեր կողմից և դարձավ բանակցությունների հիմք, արդեն իր մեջ պարունակում է այդ ականը։ Եվ այսօր շատ կարևոր է հասկանալ այն սխալները, որոնք արվել են կարգավորման գործընթացում և օր առաջ քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ։
Տասնամյակներ շարունակ բանակցությունները գնացել են այդ ուղով, սակայն մենք քայլ առ քայլ պետք է փորձենք շրջել բանակցային ղեկը՝ այն տանելով դեպի իրական խնդրի բացահայտում և լուծում, որպեսզի ակնկալենք տարիներ անց ունենալ իրական կարգավորման մեխանիզմ։
Կարգավորման համար ոչ նպաստավոր պայմանները ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Եվ կան երևույթներ, որոնց վրա Հայաստանի հնարավոր ազդեցությունը ուղղակի չէ։ Մենք օրեցօր հեռանում ենք հակամարտության թեժ տարիներից, ինչը դրսևորվում է խնդրի աղավաղված ընկալմամբ, այլ երկրներում ի հայտ է եկել գործիչների նոր սերունդ, որի համար անցյալը գոյություն չունի և կա միայն վերջին տարիների ադրբեջանական քարոզչությունը, Ադրբեջանի նավթային հզորությունը և ակտիվ լոբբիստական աշխատանքը ձևավորել են ադրբեջանամետ գործիչների բանակ արտերկրում, ինչը չկար 1990-կականների սկզբին։ Իսկ օտարերկրյա գործիչները ընդհանրապես չեն պատկերացնում խնդրի էությունը և դիտարկում են այն էթնիկ կամ միջպետական կոնֆլիկտների սեփական պարզունակ մոդելների համատեքստում։
Վերը նշված երևույթների վրա Հայաստանի ազդեցությունը ուղղակի չէ, սակայն դա չի նշանակում, որ մեր երկիրը չէր կարող դրանց ուղղությամբ աշխատել ակտիվ և ճիշտ արտաքին քաղաքականության պարագայում։
Այստեղ անդրադառնանք ավելի շատ այն խնդիրներին, որոնց միջոցով երկրի արտաքին քաղաքականությունը կարող է ուղղորդել կարգավորման կուրսը։
Հայկական դիվանագիտության «առանձնահատկությունը»
Դիվանագիտությունը ունի երկու կողմ։ Առաջինը հրապարակայինն է, երբ տեսախցիկների առջև փողկապավոր մարդիկ խոսում են խաղաղության, մարդու հիմնարար իրավունքները հարգելու կամ միջազգային իրավունքը պաշտելու մասին։ Դա տեսախցիկների, լուրերի թողարկումների և շարքային քաղաքացիների համար է։ Սակայն կա դիվանագիտության երկրորդ կողմը, երբ բաց ու անկեղծ միջավայրում դիվանագետները ներկայացնում են իրենց իրական նպատակները, քննարկում են հնարավոր լուծումները, փոխադարձ շահերի գնահատմամբ տալիս են կարգավորումներ և պայմանավորվում են, թե ինչ են անելու ԻՐԱԿԱՆՈՒՄ։
Այն դիվանագիտությունը, որը ունի միայն մեկ կողմ և իրական լուծումների փոխարեն հեքիաթներ է պատմում մարդու իրավունքների, տարածքային ամբողջականության կամ ազգերի ինքնորոշման մասին, որևէ աղերս չի կարող ունենալ հակամարտությունների լուծումների հետ։
Հետևաբար․ առաջանում է առաջին հարցը՝ արդյո՞ք Հայաստանը երբևիցե պարզ ու անկեղծ ներկայացրել է (եթե իհարկե գիտի այն) հայ ժողովրդի իրական դիրքորոշումը սեփական ճակատագրի վերաբերյալ այս տարածաշրջանում։ Արդյո՞ք այն մարդիկ, որոնք այլ երկրներում պրոֆեսիոնալ կարգով զբաղվում են Արցախյան կարգավորմամբ, երբևիցե լսել են այն մասին, որ հայ ժողովուրդը ոչ միայն չի ցանկանում որևէ տարածք զիջել, այլ նույնիսկ համարում է, որ դարեր շարունակ կորցնելով սեփական հայրենիքը և ենթարկվելով ցեղասպանության, իրականում երազում է հայրենիքի վերականգնման և ավելի մեծ Հայաստան ունենալու մասին։ Այլ կերպ ասած՝ արդյո՞ք Հայաստանը գործում է «սեղանի տակ»։ Արդյո՞ք մենք ասել ենք, թե ինչ ենք իրականում մտածում թուրքերի և ադրբեջանցիների շրջապատում ապրելու մասին և ինչպես ենք տեսնում մեր երկրի ապագան։
Իրականությունն այն է, որ Հայաստանի մոտ երկու մակարդակներով էլ նույն «վերսեղանային» լղոզված սահմանումներով բանաձևումն է, որին ծանոթ ենք թեկուզ մեր ԱԳՆ կամ եռանախագահների հայտարարությունների միջոցով։
Միջազգային իրավունքի փակուղին և ինքնորոշման ջրափոսը
Տարածքային վեճերը, պատերազմները, հակամարտությունները երբեք չեն լուծվել և չեն լուծվելու միջազգային իրավունքի տեսանկյունից։ Իրականում մշտապես տեղի է ունեցել հակառակ գործընթացը՝ որոշակի կոնֆիգուրացիայով խնդրի լուծումը գտնելուց հետո, միջազգային փաստաթղթերը հարմարեցվել են գտնված լուծմանը։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, որ ինչ-որ մի տեղ գրված է Արցախյան կարգավորման բանաձևը, ապա առնվազն անկեղծ մոլորության մեջ է։ Հետևաբար հստակ պետք է ընկալենք՝ որքան միջազգային իրավունքի կետեր մենք գիտենք ի օգուտ մեզ, այդքան էլ կարող են գտնել ընդդիմախոսները։ Եվ այստեղ ընդհանուր լուծման որևէ բանաձև լինել չի կարող։
Ավելին, Հայաստանը գնալով (իր կարծիքով) միջազգային իրավունքի տեսանկյունից, ինքն է իրեն մտցրել փակուղի։
25-30 տարի առաջ բոլորի համար Արցախյան խնդիրը շատ հստակ էր՝ Խորհրդային Միության կողմից կամայական որոշմամբ Լեռնային Ղարաբաղը ներառվել էր Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ ժողովրդավարացման, իսկ այնուհետև՝ փլուզման գործընթացը, թույլ էին տալիս վերականգնել պատմական արդարությունը։ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված ագրեսիան լեգիտիմացրեց զինված պայքարը և հիմնավորեց Արցախի ինքնապաշտպանությունը։
Այսինքն, այն տարիներին Արցախի հարցը ընկալվում էր որպես 1920-ական թվականների ԽՍՀՄ ծնունդ, իսկ դրա լուծումը՝ որպես ԽՍՀՄ փլուզման բնական արդյունք։
1991 թվականից աստիճանաբար ազգային ազատագրական պայքարի շեշտը դրվեց խնդրի իրավական կարգավորման վրա։ Այդ ճանապարհը որդեգրվել էր ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի պարագայում։ Պատահական չէր, որ Հայաստանը այդպես էլ մնաց միակ խորհրդային հանրապետությունը, որը ԽՍՀՄ-ից դուրս եկավ ԽՍՀՄ օրենքներով։ ԽՍՀՄ օրենսդրության տառին և ոգուն համապատասխան անցկացվեց Անկախության հանրաքվե և հռչակվեց երկրի անկախությունը։ Նույն իրավական ճանապարհը բռնեց Լեռնային Ղարաբաղը, որը նույնպես անցկացրեց հանրաքվե և հաստատեց հռչակված անկախությունը։
Նշված հանրաքվեով մեր բանակցություններում դրվեց «ազգերի ինքնորոշում» սահմանման անկյունաքարը, որի շուրջ կառուցվում է հայկական կողմի ողջ դիվանագիտությունը և հիմնավորվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Եվ իրավական կարգավորման եզրույթը, որի հիմքը դրվեց առաջին նախագահի օրոք, իսկ երկրորդ նախագահի կողմից հայտարարվեց իրավական հարթության մեջ հարցը քննարկելու պատրաստակամության մասին, ինչը շարունակվում է մինչ օրս, հայ ժողովրդի անվտանգության առանցքային հարցը տարավ և մտցրեց «միջազգային իրավունք» կոչվող ջրափոսը։ Այլ կերպ ասած՝ հայ ազգը իր անվտանգության հարցը, այսինքն՝ ճակատագիրը, վստահեց «միջազգային իրավունքին»։
Եվ եթե հենց այդ իրավական գործընթացը պետք է հանդիսանա ԼՂՀ անկախության հիմք, ապա այն տարածքների ներգրավումը ԼՂՀ կազմում, որտեղ նման հանրաքվե չի անցկացվել, առնվազն նման հանգամանքով չի կարող հիմնավորվել։
Անվտանգության երաշխիքներ «անվտանգության գոտու» դիմաց
Ցանկացած չեզոք միջազգային փորձագետի մոտ վերը նշված կոնֆիգուրացիային ծանոթանալու դեպքում առաջանում է բնական հարց․ «Արդյո՞ք սա չի նշանակում, որ անվտանգության երաշխիքների դեպքում հանրաքվեով չընդգրկված տարածքների պահպանումը կարող է գնահատվել որպես օկուպացիա կամ տարածքային սակարկման առարկա»։
Այսպիսով Արցախյան խնդրի սկզբնակետը՝ 1991 թվականի ինքնորոշման հանրաքվեն և դրանից բխող ինքնորոշման իրավունքի իրացումը, թելադրում են խնդրի բանակցային սեղանի պարունակությունը։ Հենց այս ամենն է պատճառը, որ տարբեր եռանախագահներ կամ արտգործնախարարներ այդպես էլ չեն ըմբռնում Հայաստանի համառությունը իր իսկ կողմից ներկայացված լուծման կոնցեպցիայի գործադրմանը հակազդելու հարցում։ Կարծես թե Հայաստանն է պնդում ինքնորոշման վրա, սակայն փաստացի վարում է բոլորովին այլ՝ իրենց տեսակետից անհասկանալի քաղաքականություն, ինչն էլ ակամայից ձևավորում է ճնշումների համար համապատասխան մթնոլորտ։
Եվ եթե հայ ժողովուրդը կամ փորձագիտական հանրությունը մինչ օրս չի ըմբռնել տարբեր օտարերկրացիների կոչերը Հայաստանին, որը նրանք հաճախ ներկայացնում են իբր հայանպաստ, ապա պետք է հասկանան, որ դրա պատճառը մեր իսկ որդեգրած և տարածաշրջանային խնդիրների ու Հայաստանի անվտանգության հետ որևէ կապ չունեցող ռազմավարության որդեգրումն է։
Արցախյան Սահմանադրության բլեֆը
Ցանկացած երկրի համար Սահմանադրությունը՝ հիմնարար օրենք է։ Սակայն Սահմանադրությունը՝ ներքին գործիք է և այնտեղ նշված որևէ դրույթ չի կարող հիմք հանդիսանալ օտար պետությունների համար։ Հայաստանի կամ Արցախի Սահմանադրության դրույթները այնքանով են արժեքավոր արդբեջանցիների, թուրքերի կամ այլ օտարերկրացիների համար, որքան մեզ համար Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից իրենց Սահմանադրություններում ամրագրված տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար ցանկացած սթափ գործիչ պետք է ընկալի, որ Արցախի Հանրապետության Սահմանադրությունը չի կարող որևէ զսպող դեր ունենալ օտարերկրացիների համար։ Իսկ եթե մենք որպես մեզ համար որդեգրված սկզբունք ուզում ենք Սահմանադրությունը վկայակոչելով հիմնավորել Արցախի տարածքային ամբողջականությունը, ապա առնվազն պետք է այն ընթերցենք։ Արցախի Հանրապետության իրավազորության սահմանների մասին 175-րդ հոդվածը ասում է հետևյալը.
«Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո»:
Սույն հոդվածը արձանագրում է հետևյալ երեք դրույթները՝
- Տարածքային ամբողջականությունը վերականգնված չէ,
- Սահմանները վերջնական չեն և պետք է ճշգրտվեն,
- Արցախի Հանրապետությունը հանրային իշխանություն է իրականացնում ՓԱՍՏԱՑԻ իրավազորության տարածքում։
Այսինքն, վերականգնվող տարածքային ամբողջականությունը կարող է վերաբերել ԼՂԻՄ վարչական տարածքին և 1991 թվականի հանրաքվեի տարածքին, քանի որ այլ իրավական հիմքի հղում պարզապես ներկայացված չի, իսկ երկրի տարածքները ենթակա են ճշգրտման, այսինքն՝ փոփոխության։ Իսկ «ՓԱՍՏԱՑԻ իրավազորության տարածք» հասկացությունը պարզապես արձանագրում է Արցախի Հանրապետության պատասխանատվությունը իր տիրապետման տարածքների նկատմամբ։ Սույն հոդվածի որևէ մեկնաբանություն չի կարող մեկնաբանվել որպես հստակ ընդգծված դիրքորոշում ազատագրված տարածքների նկատմամբ։
Հետևաբար՝
- Ներքին լսարանի համար սույն հոդվածի մատնանշումը չի կարող իմունիտետ ապահովել ոչ հայանպաստ դիրքորոշման համար,
- Սահմանադրությունը (հատկապես չճանաչված պետության կողմից ընդունված) որևէ կերպ չի կարող կաշկանդել միջազգային միջնորդներին, առավել ևս, երբ չի բացառում սահմանների ճշգրտումը։
Բանակցող կողմերի առասպելը
Մյուս առասպելը, որից հարկավոր է աստիճանաբար ազատվել, վերաբերում է այն հարցին, թե որտեղ է ավարտվում ՀՀ իշխանության մասնակցության սահմանը և սկսվում Արցախի իշխանության իրավասությունը բանակցությունների սեղանին։
Սույն հարցի վերաբերյալ բոլոր տեսակի ձևակերպումները ընդամենը դիվանագետների ՎԵՐՍԵՂԱՆԱՅԻՆ հրապարակային դրսևորման հարցեր են։ Եվ դրանց այս կամ այն ձևակերպումը երբեք չի կարող հանդիսանալ կարգավորման առանցքային բանալին։
Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության ռազմական, քաղաքական, տնտեսական, ֆինանսական և բոլոր այլ տեսակների միակ հենարանը։ Այս իրականությունը հստակ գիտակցվում է բոլորի կողմից, բացի Հայաստանից։ Արցախի Հանրապետությունը չի կարող միայնակ դիմակայել Ադրբեջանին և ցանկացած հարցի քննարկում այն մասին, թե ինչով պետք է զբաղվեն ՀՀ իշխանությունները և ինչով Արցախի ղեկավարությունը, պարզապես հորինված և կեղծ օրակարգեր են։
Ավելին, Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնական դիրքորոշումը շատ ավելի կշռադատված և հզոր բանակցային գործոն է ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի, քան «արցախցին է որոշում իր ճակատագիրը» և նմանատիպ այլ որևէ քննադատության չդիմացող թեզեր։
Արդյո՞ք հասկանում են հարցը միջազգային գործընկերները
Արցախյան կարգավորման կարևորագույն հարցերից է օտարերկրյա գործիչների կողմից խնդրի ընկալումը։ Ամենայն պատասխանատվությամբ կարելի է հայտարարել, որ մեր գործընկերները չեն ընկալում խնդրի խորքային էությունը, որի պատճառներից է այն, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը իրենք են հեռացել հարցի էությունից՝ այն ավելի ու ավելի թաքցնելով բոլորից։
Սա պարզ տարածքային վեճ չի, առավել ևս՝ սա ինչ-որ ազգային փոքրամասնության ինքնորոշման խնդիր չէ։
Խնդիրը տարածաշրջանում հայ և թուրք էթնոսների խաղաղ համակեցության բանաձևի բացակայության մեջ է։
Զուտ ինտուիտիվ և գենետիկ մակարդակով այս ամենի ընկալումը կա հայերի և թուրքերի մեջ։ Դա հասկանում են նաև Իրանում։ Այլ ազգերի ներկայացուցիչների համար իրական խնդիրը հասկանալի չէ, իսկ տեղեկացվածության մակարդակը շատ ցածր։ Սակայն հատկանշական է, որ Թուրքիայում հարցը ընկալվում է նաև քաղաքական վերնախավի կողմից, ինչը դժվար է ասել Հայաստանի պարագայում։ Թուրքիան արդեն 26 տարի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը պայմանավորում է Արցախյան հարցով, այնինչ հայ քաղաքական և հասարակական միտքը սեփական օրակարգը առաջարկելու փոխարեն ընդունում է դեմքի բացարձակ նաիվ արտահայտություն։
Խնդրի խորքային սխալ ընկալումը վերաբերում է նաև այնպիսի օտարերկրյա պրոֆեսիոնալ կառույցներին, ինչպիսիք են այլ երկրների արտաքին գերատեսչությունները, այդ երկրների ղեկավարները, դիվանագետները և այլն։ Այսինքն, նրանք Արցախյան խնդիրը տեսնում են ոչ թե այնպես, ինչպես այն իրականում առկա է հայերի և թուրքերի մեջ, այլ այնպես, ինչպես այն տեղավորվում է սեփական պատկերացումներում։
Երրորդ կողմի երկրների մոտ առկա է խնդրի սեփական ընկալումը, որը որևէ կապ չունի տարածաշրջանում խորքային արմատներ ունեցող հիմնահարցի հետ։
Ռուսաստանի Դաշնության համար դա նախկին խորհրդային հանրապետությունների զուտ ազգամիջյան կոնֆլիկտ է, որը իրեն հետաքրքրում է այնքանով, որքանով կարող է ազդել իր տարածաշրջանային դիրքերի վրա։
Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդհանրապես նայում են Արցախի հարցին ողջ տարածաշրջանի նոր վերադասավորումների, ինչպես նաև ՌԴ և Իրանի դերի զսպման տեսանկյունից։ Ընդ որում այդ բոլոր սցենարներում Հայաստանին վիճակված չի վճռական դեր, քանի որ Հայաստանը երբեք նման հավակնություններ չի դրսևորել։
Եվրոպական միության համար ազգամիջյան երկարատև բախումները սահմանափակվում են Ֆրանսիայի և Գերմանիայի միջև դարավոր հակամարտության հետ զուգահեռներով և կարգավորման այդ մոդելի արդյունավետ իրագործման ներկայացմամբ։
Ավելորդ է ասել, որ Արցախի հարցը որևէ աղերս չունի պարզ տարածքային վեճի կամ ինչ-որ տարածքի բնակչության ինքնորոշման հետ։
Արցախի հարցը դա տարածաշրջանային ամենակարևոր առանցքային հարցի փոքրիկ դրսևորումն է։ Այդ հարցը, ինչպես արդեն նշեցինք, երկու՝ հայ և թուրք էթնոսների համակեցության հարցն է։
Երբեք Ֆրանսիան կամ Գերմանիան պատերազմի ժամանակ չեն դրել խնդիր իրականացնել մյուս ազգի տոտալ բնաջնջումը։ Պատերազմները եղել են տարածքի, տնտեսական շահերի, Եվրոպայում հեգեմոնիայի համար և այլն։
Մեր տարածաշրջանում առանցքային հարցը հայ ժողովրդի իրավունքի հարցն է՝ ապրել սեփական հայրենիքում։ Եթե խնդիրը լիներ պարզ տարածքային, ապա թե Ադրբեջանը, և թե Հայաստանը վաղուց գտել էին համապատասխան լուծումը։
Այստեղ կա քողարկված հիմնախնդիր, որի մասին չի մատնանշում Հայաստանը, իսկ Ադրբեջանի՝ Երևանը գրավելու անկեղծորեն հռչակված քաղաքականությունը միամտորեն վերագրվում է ներքին ռազմատենչ հռետորաբանությանը։
Խոսքը հետևյալի մասին՝
– Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկացած զիջում Հայաստանի կողմից չի ապահովելու խաղաղ կարգավորում։ Հակառակը՝ թուրք էթնոսը շարունակելու է Հայաստանը խեղդելու քաղաքականությունը մինչև հայկական պետականության վերացումը։
– Ադրբեջանի կողմից ցանկացած զիջում նշանակում է Հայաստանի վերելք և պոտենցիալ վտանգ Ցեղասպանության ճանաչման, հետևանքների վերացման և հատուցման համար։ Եվ հենց այդ վտանգն է դրդում Թուրքիային մշտապես տաք պահել սույն հակամարտությունը կամ լուծելու պարագայում առավելագույնս ստորացնել Հայաստանի Հանրապետությունը։
Հակամարտության էությունը ոչ միայն չի գիտակցվում միջազգային գործընկերների կողմից, այլ նույնիսկ ընկալվում որպես հայերի և թուրքերի կողմից չափազանցված պատմական բարդույթ։
Առանց սույն իրավիճակի խորքային և իրական ընկալման ոչ ռուսները, ոչ ամերիկացիները, ոչ էլ եվրոպացիները չեն գտնի այն բանաձևը, որը կբերի խաղաղ կարգավորման։
Ո՞րն է հայ ազգի բանաձևը
Սակայն ամենակարևորը՝ որ իրավիճակի ճիշտ գնահատականը տա հայ ժողովուրդը, չվախենալով այն բարձրաձայնել։ Այն է՝
– հայ ժողովուրդը չի կարող իրեն ապահով զգալ, քանի գոյություն ունի թուրք–ադրբեջանական թանդեմ ընդդեմ Հայաստանի, որը մշտապես սպառնալիք է լինելու հայ ազգի անվտանգության համար,
– հայ ժողովուրդը չի կարող Արցախյան հարցը լուծված համարել, քանի արևելքում գոյություն ունի ռազմատենչ, ֆաշիստական ռեժիմով, ատելություն սերմանող փոքրիկ կայսրություն, որը ենթակա է ամբողջական կազմաքանդման,
– հայ ժողովրդի և թուրք ժողովրդի միջև չեն կարող անկեղծ բարիդրացիական հարաբերություններ հաստատվել, քանի դեռ Թուրքիայի կողմից չի ճանաչվել Հայոց Ցեղասպանությունը, չեն վերացվել դրա հետևանքները, իսկ Թուրքիան չի հատուցել հայ ժողովրդի կրած կորուստները,
– պարզ բարեկեցությունը, կենսամակարդակի աճը ոչ միայն չեն ապահովելու խաղաղություն, այլ նույնիսկ ավելի են մոտիվացնելու հարաբերությունների սրումը, տարածաշրջանի ռազմականացումը և նույնիսկ՝ խթանելու պատերազմը,
– ցանկացած հայ, որն այսօր ձգտում է պաշտոնի, փողի, հարստության, կուտակում տնտեսական և ֆինանսական հզորություն, պետք է հստակ գիտակցի, որ առանց ազգային անվտանգության խնդրի իր, իր զավակների, թոռների, ծոռների ֆիզիկական անվտանգության երաշխավորված չի, իսկ կուտակած հարստությանը տիրանալու են օտարները։
Ժամանակն է թե մենք՝ հայերս ճշգրտենք մեր ազգային քաղաքականությունը, թե այդ քաղաքականությունը իրագործելու հստակ հայտ ներկայացնենք աշխարհին և մեր միջազգային գործընկերներին։
Իսկ եթե չեք պատկերացնում, թե ինչ է լինում, երբ ազգային անվտանգության հարցերով զբաղվելու փոխարեն տարվում ենք փառամոլությամբ կամ տարվում հարստություն կուտակելով, ապա այցելեք Կոստանդնուպոլիս կամ Բաքու (եթե, իհարկե, կարող եք) և տեսեք, թե ովքեր են ապրում հայերի կառուցած քաղաքներում։
Արա Նռանյան
Հ․Գ․ Մի ժամանակ գոյություն ուներ հռչակված հզոր բանաձև՝ Արցախյան հարցը Հայ Դատի բաղկացուցիչ մասն է։ Ի՞նչ պատահեց, որ մենք այն մոռացանք։
«Առավոտ» օրաթերթ,
27.03.2019
ֆանտաստիկ վերլուծություն։ շնորհավորում եմ։ ասողին լսող լինի։ ինչ կասեք այս հոդվածի վերաբերյալ https://www.washingtontimes.com/news/2019/mar/26/beyond-armenias-velvet-revolution/
It’s not a serious article and mostly consists of one-sided (western) propaganda. The writer is more into PR than analysis. Read Thomas DeWaal (also a western journalist) if you want a more thorough and professional description of the situation.
Easily, the best article I have read on the essence and resolution perspectives of the Karabakh conflict.