Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական կատարողականը դանդաղել է 2 խոշոր հանքավայրերի չաշխատելու եւ գյուղատնտեսական ցածր բերքի պատճառով

Մարտ 29,2019 14:30

Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը երեք տարի շարունակաբար կրճատվել է: 2018 թվականի երրորդ եռամսյակում գյուղատնտեսության, հատկապես`այգեգործության եւ բանջարաբուծության ոլորտի արտադրությունը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կրճատվել է 2.2 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է Համաշխարհային բանկի «Երկրի տնտեսական զեկույց»-ը: Ըստ նույն աղբյուրի, ոլորտը երեք տարի շարունակաբար գրանցում է բացասական աճ, որը կապված է ե՛ւ ավելի ցածր ներդրումների`ցանքատարածքներ, գյուղատնտեսական կենդանիներ ե՛ւ արտադրողականության հետ: Զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս ոլորտի ընդլայնումը խոչընդոտող կառուցվածքային հարցերը լուծել: Որպես խոչընդոտ մասնագետները մատնանշում են հողակտորների մասնատվածությունը եւ առաջատար տեխնոլոգիաների սահմանափակ կիրառությունը:

ՀԲ մասնագետները փաստում են, որ 2018 թ. սկզբում Հայաստանում գրանցված տնտեսության վերելքից հետո տնտեսական կատարողականը տարվա հետագա ժամանակաշրջանում դանդաղել է՝ հիմնականում պայմանավորված թուլացող արտաքին պայմաններով, պետական կապիտալ ծախսերի նախատեսվածից ցածր կատարողականով, երկու խոշոր հանքավայրերում արտադրության հետ կապված դժվարություններով եւ գյուղատնտեսական բերքի ցածր մակարդակով: Չնայած, ըստ զեկույցի հեղինակների, քաղաքական անցման ընթացքում հնարավոր եղավ խուսափել ավելի լուրջ տնտեսական երեւույթներից. «Այնուամենայնիվ 2018 թ. առաջին երեք եռամսյակում իրական համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ-ն, աճեց՝ կազմելով 6 տոկոս, իսկ հաշվարկների համաձայն՝ տարվա կտրվածքով այն շուրջ 5.5 տոկոս է»,-նշված է փաստաթղթում` արձանագրելով, որ այս արդյունքը, վերջին տասնամյակում Հայաստանի 2.5 տոկոս պատմական միջին աճի տեմպի համեմատ, բարձր է եւ ամենաբարձրներից մեկն է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսությունների շարքում:

Զեկույցում նաեւ անդրադարձ է կատարված գնաճին: Զեկույցի հեղինակները պարզել են, որ գնաճային ճնշումները մնացել են ցածր, իսկ գնաճը համապատասխանել է ՀՀ Կենտրոնական բանկի գնաճի նպատակային տիրույթի ստորին մակարդակին:

Իսկ արտաքին հաշվեկշիռների ցուցանիշները վատթարացել են, քանի որ հետզհետե աճող արտահանումը, հատկապես` տեքստիլ արտադրանքի, զբոսաշրջության եւ ՏՏ ծառայությունների մասով անբավարար էին ներկրման բարձր աճը, հանքարդյունաբերության արտադրանքի արտահանման գծով ավելի ցածր շահույթը եւ ավելի հարթ դինամիկա գրանցած մասնավոր տրանսֆերտների ազդեցությունը չեզոքացնելու համար:

Ուսումնասիրելով անշարժ գույքի շուկան, ՀԲ մասնագետները նկատել են, որ վերջին տասնամյակում լճացած վիճակում գտնվող այս շուկան 2017 թ. կեսերից դարձել է ավելի դինամիկ՝ արտացոլելով բարելավված տնտեսական պայմանները, հիպոթեքային վարկավորման առավել նպաստավոր տոկոսադրույքները եւ երիտասարդ ընտանիքների համար ներդրված սուբսիդավորման ծրագրերը:

Այսպես` 2018 թ. առաջին ինը ամսում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Երեւանում գնված բնակարանների թիվն աճել է 23 տոկոսով, միջինը 17 տոկոսով բարձր գներով: Հանրապետությունում անշարժ գույքի գործարքների ընդհանուր թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է 27 տոկոսով:

Համաձայն ՀԲ փաստաթղթի, 2018 թվականին զգալի փոփոխություն է տեղի ունեցել նաեւ Հայաստանի ապրանքների արտահանման կառուցվածքում:

Հանքարդյունաբերության արտադրանքի կրճատմանը զուգահեռ՝ արտահանման կառուցվածքում մեծացել է տեքստիլ արտադրանքի, գյուղատնտեսական ապրանքների եւ թանկարժեք մետաղների (ոսկի եւ զարդեղեն) մասնաբաժինը: Նշենք, որ, կրճատվել է ավանդաբար արտահանվող ապրանքներից` օգտակար հանածոներից, մասնավորապես պղնձի մասնաբաժինը:

Հետազոտությունը պարզել է, որ տեքստիլ արտադրանքի արտահանումը 2018 թ.վերջին, նախորդ տարվա համեմատ, աճել է 65 տոկոսով: Միեւնույն ժամանակ կապիտալ ապրանքների` տրանսպորտային նյութերի եւ սարքերի ներկրման ծավալներն աճել են մոտ 50 տոկոսով:

Ի դեպ, զեկույցի հեղինակները նշում են, որ ավելի մեծ ծավալներով հայկական ապրանքներ են արտահանվել ԵԱՏՄ շուկաներ:

ԵԱՏՄ-ում`հիմնականում Ռուսաստանում վաճառված հայկական ապրանքների մասնաբաժինն արտահանման ընդհանուր ծավալում, 2017 թ. 26 տոկոսի համեմատ, 2018 թ. աճել է՝ կազմելով 29 տոկոս:

Աճել են նաեւ Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Իրաք արտահանվող հայկական ապրանքների ծավալները` համապատասխանաբար՝ 12 եւ 28 տոկոսով: Միաժամանակ ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների մասնաբաժինը նվազել է 3 տոկոսային կետով՝ հիմնականում պայմանավորված 2018 թ. գազի ներկրման ծավալի կրճատմամբ. «Թեեւ Ռուսաստանից իրականացվող ներկրումների ծավալը մեծացավ, այլ երկրներից` գլխավորապես Չինաստանից, Գերմանիայից եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից, ներկրվող ապրանքների ծավալներն աճեցին ավելի բարձր տեմպով: 2018 թ. Հայաստանի ընդհանուր առեւտրում Եվրոպական միությունը, մասնավորապես՝ Գերմանիան, Բուլղարիան եւ Իտալիան, ունեցել են 25 տոկոս, իսկ Չինաստանը՝ 10 տոկոս մասնաբաժին»:

Զեկույցի հեղինակները նաեւ պարզել են, որ չնայած զբոսաշրջության եւ ՏՏ ծառայությունների արտահանման մեծ ծավալներին՝ ծառայությունների զուտ արտահանումը կրճատվել է: Ըստ ուսումնասիրության արդյունքների, ծառայությունների հաշվի հավելուրդը էապես պակասել է 2018 թ. առաջին 3 եռամսյակում՝ տարեսկզբի 68 մլն ԱՄՆ դոլարից իջնելով 8 մլն ԱՄՆ դոլարի մակարդակին: Հեռահաղորդակցությունների եւ ՏՏ ծառայությունների արտահանման ծավալները 2018 թ. առաջին 9 ամսում աճել են 24 տոկոսով՝ կազմելով 188 մլն ԱՄՆ դոլար. «Զբոսաշրջությունը եւ հարակից ծառայությունները եւս շարունակեցին ընդլայնվել 2018 թ., եւ հոկտեմբերի վերջին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, այցելուների թիվն աճեց 9 տոկոսով»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

28.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031