Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Մարգարյան․ Ադրբեջանը մինչեւ 2020 թվի սեպտեմբերը 26-27 միլիարդ դոլարի ռազմական ծախս է արել, Հայաստանը՝ 6,5-7 միլիարդ

Ապրիլ 17,2024 17:53

Արդյոք փոքր չափերով տնտեսություն ունեցող երկիրը ունակ է զարգանալու․ այսօր «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնության «Անվտանգություն եւ տնտեսական զարգացում» թեմայով քննարկման ժամանակ տնտեսագետներն այս հարցն էին քննարկում։

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ այո, հնարավոր է զարգանալ․ «Երկրի չափսերը, նրա ռեսուրսային ուղղվածությունը որեւէ նշանակություն չունի։ Օրինակ՝ Իսրայելը ոչնչից ստեղծեց պետություն եւ երեսուն տարվա ընթացքում կարողացավ հաղթահարել միջին եկամտի նշագիծը: Եվ ահռելի սպառնալիքների, ռիսկերի պարագայում՝ Իսրայելը ցույց է տալիս այն օրինակը, որ մենք եւս ադեկվատ քաղաքականության դեպքում կարող ենք ունենալ այդպիսի ցուցանիշներ»։

Անդրադառնալով անվտանգային հարցերին, Մարգարյանն ասաց՝ Հայաստանն ու Արցախը միասնական անվտանգային համակարգ էին, ներառյալ՝ տնտեսական անվտանգության բաղադրիչը․ «Արցախը էներգետիկա էր, գյուղատնտեսություն էր, Արցախը զբոսաշրջություն էր եւ պաշտպանական վահան էր։ Մեր էլիտաները պարտավոր էին երեսուն տարվա ընթացքում մտածեին այդ ուղղությամբ եւ պահպանեին ռազմական, ռազմաքաղաքական պարիտետը, ծախսերը։

Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի դրությամբ, 1996 թվականից սկսած՝ ծախսել է 26-27 միլիարդ դոլար, Հայաստանը՝ 6,5-7 միլիարդ։ Իհարկե, կարող ենք ասել՝ մենք զեղչով զենք ենք գնել, ծախսեր, ռազմաբազայի առկայություն եւ այլն, բայց մենք չենք հետեւել պարիտետին: Մեր թշնամի պետությունը գնացել է իր օրակարգի հետեւից: Մենք ստեղծել էինք տնտեսական համակարգ, որը կարելի է մեկ բառով բնութագրել՝ առեւտրավաշխառուական կապիտալիզմի համակարգ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Քննարկման մեկ այլ մասնակից, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Գրիգորի Վահանյանն էլ նշեց՝ տնտեսության զարգացում նշանակում է նոր գիտելիքների ստեղծում եւ դրա առեւտրայնացում։

Վահանյանի խոսքով՝ 175 երկրների շարքում Հայաստանի մտավոր կապիտալը 91-րդ տեղում է, ավելի ցածր ենք, քան Վրաստանն ու Ադրբեջանը։

«Նոր գիտելիք ստեղծման տեսանկյունից՝ վերջին 15 տարվա ընթացքում դիսերտացիաներ պաշտպանածների թիվը մեր երկրում երկու անգամ նվազել է, եղել է 1300, որը երկու անգամ նվազել է։ Սա նշանակում է՝ երկու անգամ նվազել է նոր գիտելիքի ստեղծումը ՀՀ-ում։ Նվազում է գիտության դոկտորների թիվը, գիտության թեկնածուների թիվը, նվազում է պրոֆեսորադասախոսական կազմը»։

Մանրամասն՝ տեսանյութում

Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ Սողոմոն Միրզոյանն էլ ասաց՝ մեր երկրի տնտեսությունն այսօր գտնվում է շոկային իներցիայի մեջ, շարժվում է, բայց ուր է գնում, ինչպես է գնում, իներցիայի վրա է․ «Կա տնտեսական աճ, բայց եթե 1-2 գործոն հանենք, կունենանք անկում, դա լուրջ խնդիր կարող է առաջացնել ամբողջ տնտեսությունում։ Տնտեսության արագ առաջ շարժվելը չի նշանակում անվտանգություն ապահովել, որովհետեւ այդ արագությունը կարող է հաջորդ քայլերում ավելի մեծ վտանգ սպառնա՝ բախվելով ավելի մեծ խոչընդոտների»։

Անդրադառնալով պետական սուբսիդավորման ծրագրերին, Միրզոյանն ասաց՝ առաջին հայացքից թվում է, թե դրական քայլ է․ «Մասնավորապես, լիզինգային տոկոսադրույքների սուբսիդավորումը, միլիարդավոր դրամներ են տրվում մեքենայական պարկերին, արտադրական հզորությունների ավելացմանը, արդիականացմանը, բայց պետության տեսանկյունից որպես ծախս որքանո՞վ են արդարացված դրանք։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներն ասում են, որ գոյություն չունի մոդել, որով կգնահատվի սուբսիդիաների դրական կամ բացասական ազդեցությունը տնտեսությունում»։

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930