Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ լսում են պիլեսոս բառը… մենթալիտետի խնդիր ա»

Մարտ 30,2019 14:30

Աշխատաշուկայում գենդերային ճեղքվածքն ու կարծրատիպերը. զեկույց

«Հայաստանի երիտասարդների շրջանում սեռային համաչափության տեսանկյունից կին-տղամարդ հարաբերակցությունը խախտված է: Սեռային անհամաչափությունը հատկապես ակնհայտ է 18-24 տարեկանների տարիքային խմբում, որտեղ գործակիցը 100 տղամարդու հաշվով կազմում է 115 կին». այս եզրահանգման է եկել «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն եւ գենդերազգայուն հետազոտության» միջոցով: Զեկույցն օրերս է հրապարակվել:

Գենդերային հավասարության առանձնահատկությունների մասին բաժնում անդրադարձ կա կրթության մեջ գենդերային ճեղքվածքին, որն ակնհայտորեն երեւում է հետբուհական՝ (մոտ 60% տարբերություն տղամարդկանց օգտին) եւ միջին մասնագիտական (մոտ 80% տարբերություն՝ կանանց օգտին) կրթական մակարդակներում:

Մասնագիտություն ընտրելն էլ առանձնանում է գենդերային տարբերությամբ: «Կանացի» մասնագիտություններ են կամ կրթության «կանացի» ոլորտներից է հատկապես մանկավարժությունը, որն ընտրել են կանանց 15.6%-ը, իսկ տղամարդկանց՝ 1.4%-ը: Հումանիտար գիտություններն ու լեզուներն են ընտրում երիտասարդ կանանց 16.7%-ը իսկ երիտասարդ տղամարդկանց՝ 5.7%-ը։

«Գոյություն ունի կրթության անարդյունավետ կառավարման խնդիր, քանի որ հասարակությունն ավելի շատ ռեսուրսներ է ծախսում կանանց կրթելու համար, սակայն չի արտոնում նրանց մուտքը աշխատաշուկա՝ դուրս թողնելով կանանց տնտեսապես ակտիվ աշխատանքային ռեսուրսների շրջանակից։ Օրինակ՝ չնայած երիտասարդ կանայք ավելի շատ են ստանում բարձրագույն կրթություն, քան տղամարդիկ, ավելի քիչ հավանական է, որ նրանք կդառնան ակտիվ աշխատաշուկայի մաս եւ կունենան զբաղվածություն թե՛ որպես վարձու աշխատող, թե՛ որպես ոչ վարձու աշխատող». արձանագրել է «Սեյվ դը չիլդրեն»-ը։
Ըստ զեկույցի, կա տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդ կանանց մեծ խումբ. այս կանայք թեեւ աշխատունակ են, ունեն կրթություն եւ հմտություններ, սակայն դուրս են մնում աշխատանքային ռեսուրսներից ընտանեկան կամ երեխաների խնամքով զբաղվելու պարտականությունների պատճառով:

«Երիտասարդ կանանց սերունդը աշխատուժից դուրս մնալու կամ խոցելի ու ցածրորակ աշխատանքում ներգրավվելու ռիսկի տակ է ոչ թե կրթության պակասի, այլ խնամողի դերում՝ նրանց վերագրվող գենդերային սպասումների պատճառով». նշված է զեկույցում:

Հետազոտության հեղինակները նկատում են՝ «Չնայած երիտասարդ կանայք տղամարդկանցից բարձր կրթամակարդակ ունեն եւ կատարում են որակավորված աշխատանք, նրանք հազվադեպ են զբաղեցնում կառավարչական հմտություններ պահանջող ղեկավար պաշտոններ։ Ղեկավար պաշտոններում աշխատող տղամարդկանց մասնաբաժինը կրկնակի մեծ է կանանց նույն մասնաբաժնից»։ Այս խնդիրը Հայաստանում առկա է վաղուց եւ գենդերային այս ճեղքվածքը «նեղանալու» միտում կարծես թե չի գրանցում:

Զեկույցում առանձին անդրադարձ կա տնտեսության տարբեր ոլորտներում երիտասարդների ներգրավածությանն ու կրթությանը:

Ներկայացնենք զբոսաշրջությանը վերաբերող հատվածը, քանի որ այս ոլորտը ՀՀ-ում համարվում է գերակա եւ զարգացող ճյուղ, եւ ենթադրվում է, որ գենդերային կարծատիպերն ու ճեղքվածքը շատ ցցուն չպետք է լինեն: Զբոսաշրջության աշխատաշուկայում գենդերային կարծատիպեր կան: Դա են փաստում զեկույցի հեղինակների՝ ոլորտի հետ առնչություն ունեցողների հետ հարցազրույցները: Հյուրանոցներից մեկի մենեջերն ասել է՝ «Մեր մոտ կարծիք կա Հրազդանում, հենց ասում են հյուրանոց, մտածում են՝ եսիմ- ինչ գործ ա, բայց ովքեր աշխատել են, արդեն կարծիքը փոխել են։ Բայց երբ ես ավարտողների հետ խոսում եմ, դեմքներից երեւում ա, որ ավարտում են տուրիզմ, սերվիս, բայց չեն պատկերացնում՝ ինչ են դառնալու։ Ասում են՝ հյուրանոցում մեր ծնողները չեն թողնի աշխատել: Սա հատկապես գործում է կանանց դեպքում»։

Մեկ այլ մենեջերի կարծիքով էլ «..Ամենադժվարը համալրվում է housekeeping (տնային տնտեսություն վարելը) բաժինը, մենք էնտեղ ունենք ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդ աշխատողներ։ Տղամարդիկ… ավելի դժվար ա, մտածում են, որ կանանց հետ աշխատում են, դա տղամարդու գործ չի։ Մենք ունենք մեծ պիլեսոսներ, շատ ծանր, որ տղամարդը պետք է անի միջանցքներում։ Որ լսում են պիլեսոս բառը… մենթալիտետի խնդիր ա։ Սենց ասեմ, 5 հոգի եթե գան, 1-ը հազիվ համաձայնվի, 4-ը կասեն՝ չէ, ավելի լավ ա՝ ես գնամ քարեր տեղափոխեմ»:

Տավուշի մարզում աշխատող էքստրեմալ տուր մենեջերն էլ ուշագրավ դիտարկում է արել՝ «Մեր ոլորտում աշխատող կանանց մեծամասնությունը մեծ տարիքի են։ Երիտասարդ կանայք չեն կարող աշխատել տնային առօրյա խնդիրների պատճառով՝ մանկապարտեզ, երեխաներ եւ այլն։ Կարիք կա ընդունելու կրկնակի անգամ երիտասարդ կանանց աշխատելու հյուրանոցներում եւ ռեստորաններում… բայց բարդ է իրենց համար ու ուղղակի չեն դիմում։ Մանկապարտեզների պակաս կա, որեւէ տեղ, ուր կտան երեխաներին խնամքի… ո՞նց կարող են աշխատել»։

Այս ոլորտի թիրախային ֆակուլտետների ուսանողների մեծամասնությունն, ըստ զեկույցի, իգական սեռի երիտասարդներ են, զբոսաշրջության բնագավառում կրթություն ստացած արական սեռի մասնագետները սուղ են։ Գործատուները նշել են՝ շատ են այնպիսի հաստիքներ (օրինակ՝ հեռահար տուր գիդեր, գիշերային ադմինիստրատորներ եւ այլն), որոնցում նախընտրելի է աշխատանքի ընդունել տղամարդկանց, սակայն տուրիզմի ոլորտում կրթություն ունեցող շրջանավարտները հիմնականում կանայք են։

Հետազոտության հեղինակները պարզել են՝ «Տուրիզմի ոլորտի աշխատաշուկան հաճախ բնութագրվում է որպես ստվերային, երբ գործատուները հակված չեն գրանցել աշխատողներին՝ այդ կերպ խուսափելով ծանր հարկային բեռից»։

Զեկույցի հեղինակների վարած հարցազրույցների, զբոսաշրջությունում զբաղվածության դրական դինամիկա չկա. 2018-ին կազմակերպությունների մեծ մասը չեն ավելացրել վարձու աշխատողների թվաքանակը նախորդ տարվա համեմատ, նույնիսկ որոշ կազմակերպություններ կրճատել են աշխատողների քանակը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

29.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031