Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Նորագավիթի մաքսատունը տեղափոխեն Գյումրի՝ լավ արդյունքի չենք գա»

Ապրիլ 09,2019 19:55

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի հետ Արարատյան մաքսատուն-վարչության  ավտոմաքսատուն այցից հետո Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխել:

Թե ինչու է նման բան անցել վարչապետի մտքով, դժվար է կռահել. նա չի մեկնաբանել իր հանձնարարությունը:

Արդյոք նման անհրաժեշտություն կա, թե՝ ոչ: ՊԵԿ-ից մեր այս հարցին խոստացան ավելի ուշ պատասխանել:

Թեեւ վարչապետն իր հայտարարության մեջ չի նշել, թե կոնկրետ որ ավտոմաքսատունը տեղափոխեն Գյումրի, սակայն, նա այսօր Նորագավիթ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մաքսատանն է եղել, ուստի ենթադրվում է խոսքը հենց այդ մաքսատան մասին է:

Դեռ անցյալ տարի ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, ըստ որի, 2018-ին Հայաստան է ներկրվել 62,5 հազար ավտոմեքենա, նախկինում տարեկան 40 հազար ավտոմեքենա էր ներմուծվում: Այդ հայտարարության մեջ նաեւ ասվում է՝ «Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 բաժնի (ավտոմաքսատուն) ենթակառուցվածքը նախատեսված չէր նման ծավալների ծառայություն մատուցելու համար, ինչը եւ հանգեցրել է հավելյալ հերթերի եւ կուտակումների»:  ՊԵԿ-ը վստահեցրել է, որ աշխատում է խնդրին համալիր լուծում տալու ուղղությամբ: Բայց մինչ խնդրին լուծումը, կոմիտեն հանձնարարել է՝ ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներն, առանց բացառության, կարող են իրականացվել բոլոր մաքսատներում եւ մաքսային կետերում:

«Փաստացի վերացվել է մաքսային ձեւակերպումների մասնագիտացված/կենտրոնացված համակարգը եւ ներմուծողի ցանկությամբ ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումները կարող են կատարվել ՀՀ-ում գործող 5 մաքսատներից եւ 6 մաքսային կետերից ցանկացածում»:

Որոնք են ՀՀ-ում գործող այդ 5 մաքսատներն ու 6 մաքսակետերը: Ուսումնասիրելով ՊԵԿ-ի կայքը, պարզեցինք՝ օրինակ Շիրակում ավտոմեքենաների ձեւակերպման համար կա 3 հնարավորություն՝ հյուսիսային մաքսատունը, եւ 2 մաքսակետերը: Հյուսիսային մաքսատունը գտնվում է Գյումրիում, 1 մաքսակետ է գործում  Շիրակ օդանավակայանում եւ 1 մաքսակետ էլ Բավրային է:

Իսակովի պողոտայում գտնվող հանրահայտ Արարատյան մաքսատունն ու  Նորագավիթի մաքսատունը, հիմնականում Երեւանի բնակիչներին են սպասարկում: Ընդ որում, Երեւանի բնակիչներին կարող է եւ պետք է սպասարկի նաեւ Զվարթնոցինը:

Արեւելյան մաքսատունը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում է: Լոռիում է նաեւ  Գոգավան-Պրիվոլնոյե մաքսակետը: Արեւելյան մաքսատան ենթակայությամբ է նաեւ  Այրում-Ջիլիզայի մաքսային կետը՝ Այրումում, իսկ մյուսը՝ Բագրատաշենի մաքսակետն է: Հարավային մաքսատունն է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում է, այս մարզում է գործում նաեւ  Մեղրիի մաքսային կետը:

Կարծես թե հանրապետության «5 անկյուններում» կան մաքսատներ ու մաքսակետեր, որպեսզի տարբեր մարզի բնակիչներն իրենց բնակավայրին հնարավորինս մոտ կատարեն ավտոմեքենային մաքսային ձեւակերպումները:

Սակայն, Երեւանից Գյումրի մաքսակետ տեղափոխելու հիմքում պետք է մի ուսումնասիրություն լինի՝ հաշվի առնելով բնակչության թիվն ու ներմուծման ուղղությունները:

Ավտոներկրող եւ պարբերաբար մաքսային ձեւակերպումների մեջ «թրծված», «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում Փաշինյանի հանձնարարության մասին ասաց՝ «Բայց ինչո՞ւ տեղափոխել, Գյումրիում արդեն կա մաքսատուն»: Գասպարյանը վստահ է՝ եթե Երեւանի տարածքում չլինի  ավտոմաքսազերծման «տերմինալ», դա բարդություններ  կառաջացնի. «Որովհետեւ ավտոմեքենա ներկրողները Երեւանում ավելի շատ են, քան Գյումրիում: Այս մարդիկ ստիպված Երեւանից պետք է գնան հասնեն Գյումրի՝ մաքսազերծեն ու հետ վերադառնան: Ընդ որում, նրանք այդ գործողությունը մի անգամ չեն անում,  պարբերաբար նման գործողությունների մեջ են»:

Ավտոմեքենաներ ներկրողները ինչո՞ւ Զվարթնոցում չեն անում մաքսային ձեւակերպումներ. Գասպարյանն ասաց՝ «Մենք ձեռքբերման «ինվոյսներով ենք» մաքսազերծում Նորագավիթում: Ես չեմ եղել, բայց մեր գործընկերներն ասում են՝ Զվարթնոցում ավելի բարդ է ու հավելյալ փաստաթղթեր են պահանջում, իսկ Նորագավիթում ավելի հեշտ է լինում»:

Գասպարյանի կարծիքով՝ եթե խնդիրը Գյումրիում ծանրաբեռնվածությունը  թեթեւացնելն է, ապա կարելի է նոր մաքսատուն բացել այնտեղ, ոչ թե Նորագավիթինը տեղափոխել այնտեղ. «Բայց նախ հասկանանք՝ ո՞րն է նպատակը, ի՞նչ ենք ուզում անել, հետո հասկանանք ինչ ճանապարհներով ենք լուծելու եւ ինչ արդյունքներ կստանանք: Ես կարծում եմ՝ եթե Նորագավիթի մաքսատունը տեղափոխենք՝ լավ արդյունքի չենք գա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930