Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքը միանշանակ պետք է նպաստի ստեղծագործական աշխատանքին»

Ապրիլ 18,2019 12:30

Համոզված է երիտասարդ դերասանուհին

ՀՀ Ազգային ժողովում 2007-ից մինչ օրս «քնած» «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» օրենքի նախագծով սահմանվում է թատերական գործունեության իրավական հիմքերը եւ պետական աջակցության ձեւերը, կարգավորում է թատերական ներկայացումների ստեղծման եւ ցուցադրման հետ կապված հարաբերությունները: «Առավոտը» արդեն 12 տարի անդրադառնում է այս թեմային: Փաստենք, որ թատերարվեստի ոլորտի մարդիկ տարբեր կարծիք ունեն օրենքի լինել-չլինելու մասին. ոմանք կողմ են օրենքի ընդունմանը, ոմանք էլ գտնում են, թե ցանկացած օրենք մանեւրելու հնարավորություն է տալիս: Վաստակաշատ մեկ-երկու գործիչներ պնդում են, թե ճիշտը գումար հատկացնել ու արդյունք պահանջելն է: Օրենքի ընդունման կողմնակիցները հավատացած են, որ միայն օրենքի գերակայության դեպքում կվերանա գեղարվեստական ղեկավարի կամայականությունը, դերասաններն ի վերջո հավասարաչափ զբաղված կլինեն: Նրանք հուսով են, թե շատ քիչ է մնացել. օպտիմալացված մշակույթի նախարարությունը նոր կարգավիճակում ԱԺ-ի ուշադրությունը վերջապես կհրավիրի օրենքի նախագծին: Հնչել են նաեւ տեսակետներ, որ եթե թատրոնի եւ կինոյի մասին օրենք է անհրաժեշտ, ապա մշակույթի մյուս ոլորտների մասին (կերպարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ եւ այլն) նույնպես պետք են օրենքներ:

Երիտասարդ արտիստներն էլ դժվար են պատկերացնում, թե թատրոնի մասին օրենքը ինչ բնույթի կարող է լինել, բայց մի ցանկություն ունեն՝ որ այն միանշանակ նպաստի ստեղծագործական աշխատանքին: Այսպես է մտածում նաեւ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երիտասարդ դերասանուհի Արեւ Հակոբյանը ու նշում՝ «որտեղ օրենք՝ այնտեղ սահմանափակում»: Թեպետ մեծ չէ նրա ստեղծագործական կենսագրությունը (շուրջ մեկ տարի), սակայն ասում են՝ դերասանուհին մոլորվել է գլխին առատորեն թափվող դերերից, նաեւ ներմուծվել է ընթացիկ խաղացանկային որոշ ներկայացումներում:

Արեւ Հակոբյանին հանդիպել ենք Արամ-Աշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ», Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Կարինե Խոդիկյանի «Հրավիրված եք ծնունդի», Շեքսպիրի «Չափն ընդդեմ Չափի» ներկայացումներում՝ միմյանցից տարբեր կերպարներում: Մի տեղ նա քաղքենի կին է, երկրորդում մարմնավորում է խաբված կնոջ, երրորդում սեր փնտրող աղջնակ է, մի այլ տեղ՝ «հանցավոր» կին…… Կարճ ասած՝ երիտասարդ արվեստագետն արդեն ձեռք է բերել բազմաժանր դերասանուհու համբավ:

Իբրեւ հանդիսատես ասենք, որ արվեստագետը բեմում անմիջական է, ունի հստակ խոսք, պարում է, երգում՝ չզիջելով ժանրի «հնաբնակներին» (ավարտել է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Արմեն Մելիքսեթյանի արվեստանոցը):

Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ դերերի առատությունից գլուխը չի՞ կորցրել եւ ի՞նչն է պատճառը, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը նման վստահություն է ցուցաբերում իր նկատմամբ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հակիրճ կպատասխանեմ հարցի երկրորդ մասին, ձեր խոսքով՝ վստահությունը»: Հետո էլ հավելեց մեզ հայտնի ղազանչյանական աշխատաոճի մասին. «Պարոն Ղազանչյանը մեծ ուշադրություն է ցուցաբերում ոչ միայն երիտասարդ դերասաններին, այլեւ ռեժիսորներին ու բեմանկարիչներին նույնպես»:

Զրույցի ընթացքում պարզեցինք, որ երիտասարդ դերասանն իր որոշ գործընկերների օրինակով մտադիր չէ իրականացնել բեմադրություններ, նկարահանվել սերիալներում, թեեւ ունի հրավերներ: Ծանոթ լինելով նրա վոկալ տվյալներին, հարցրինք՝ իսկ չի՞ ուզում իրեն փորձել երգարվեստում կամ շոու-բիզնեսում: Անդրդվելի էր ու համառ մեր զրուցակիցը: Նրա պատասխանը հետեւյալն էր. «Ես իմ մասնագիտության տերն եմ»: Բայց, այնուամենայնիվ, մի ցանկություն հայտնեց. «Մեզ մոտ շատ-շատ են դասական բեմադրությունները, ես Ֆրանսիայում ներկա եմ եղել «Էդիպ արքա» ներկայացմանը կամ երեւանյան փոքր բեմում ամերիկյան մի թատերախմբի ներկայացրած «Ռիչարդ Երրորդին», երկուսն էլ հիացրել են ինձ իրենց նորարարությամբ կամ, ինչպես ընդունված է ասել՝ ռեժիսորական նոր ընթերցմամբ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

17.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Մի հարցնող լինի՝ ինչե ս հասկանում թատրոնի մասին օրենք ասելով: Մի շարք դերասաններ գիրք չեն կարդում, ինչ օրենքից եք խոսում…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930