Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսով ենք, որ Ալեքսանդրինյան թատրոնն այս քննությունը գերազանց կհանձնի՝ հետխորհրդային երկրներից ամենաթատերայինում».Ալեքսանդրինյան թատրոնի տնօրեն

Նոյեմբեր 03,2023 17:05

Նոյեմբերի 6-ին Երևանում կմեկնարկեն Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի (Ալեքսանդրինյան թատրոն) պատասխան հյուրախաղերը: «Մեր համագործակցությունը սկսվել է մոտ մեկ տարի առաջ: Երբ ռուսական ներկայացուցչություն եկավ Երեւան, եւ այդ հանդիպման ընթացքում սկսեցինք բանակցել, այնուհետեւ մենք եղանք Ալեքսանդրինյան թատրոնի հյուրը»,- Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն սրահում նշեց Երեւանի միջազգային թատերական փառատոնի հիմնադիր, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Նա հավելեց, որ կարճ ժամանակահատվածում հասցրել են կյանքի կոչել բազմաթիվ համատեղ ծրագրեր, որոնց թվում են՝ Ազգային դպրոցը, որն իրականացնում է Ալեքսանդրինյան թատրոնը Երեւանում, արվեստի կառավարիչների եռօրյա վարպետության դասերը, Մայր թատրոնի տեխնիկական աշխատողների վերապատրաստումները՝ Ալեքսանդրինյան թատրոնում: Դրանից հետո կայացել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը՝ Ալեքսանդրինյան փառատոնի շրջանակներում:

«Վահրամ Փափազյանից հետո որեւէ հայ դերասան չէր խաղացել այնտեղ, իսկ ինստիտուցիոնալ առումով սա առաջին մեծ համագործակցությունն էր Ալեքսանդրինյան թատրոնի պատմական բեմում: Դա հրաշալի հյուրախաղ էր, լեփ-լեցուն դահլիճ, փառահեղ ընդունելություն»,-ընդգծեց Վարդան Մկրտչյանը:

Այժմ համագործակցությունը շարունակվում է Երեւանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում, եւ  Ալեքսանդրինյան թատրոնը Երեւանում կներկայացնի երկու ներկայացում. մեկը Գոգոլի «Ամուսնությունն» է, երկրորդը՝ «Արարածը»: Վարդան Մկրտչյանը Ալեքսանդրինյան թատրոնի հյուրախաղերը որակեց տարվա գլխավոր թատերական իրադարձություն:

Ալեքսանդրինյան թատրոնի տնօրեն Սերգեյ Եմելյանովը նշեց. «Երբ դեռ պլանավորում էինք Ալեքսանդրինյան թատրոնի այցը Հայաստան, վստահաբար գիտեինք, որ այն ձեռնարկները, որոնք առաջարկելու ենք, Հայաստանում պահանջված կլինեն եւ կհետաքրքրեն ոչ միայն հայ հանդիսատեսին, այլեւ այն մարդկանց, որոնք աշխատում են այս ոլորտում»: Նա հավելեց, որ Մայր թատրոնի պատմության մեջ առաջին անգամ կայացել են  վերջինիս հյուրախաղերը Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնում, եւ ներկայացումները դիտել է ավելի քան 2000 մարդ:

«Այսօր մենք ենք Հայաստանում, եւ մեզ համար նույնպես պատմական իրադարձություն է նման հեղինակավոր թատրոնի բեմում հանդես գալը, սա քննություն է մեզ համար: Մենք երբեք հյուրախաղերով չենք եղել Երեւանում, սա մեր առաջին ստեղծագործական քայլն է, եւ այժմ ներկայանում ենք մեր երկու  հզոր ներկայացումներով: Վստահ ենք, որ հայ հանդիսատեսը շատ ինտելեկտուալ է եւ թատերային, հուսով ենք, որ Ալեքսանդրինյան թատրոնն  այս քննությունը գերազանց կհանձնի՝ հետխորհրդային երկրներից ամենաթատերայինում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Sputnik Արմենիայի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930