Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«UPSHIFT» միջազգային մոդելն արդեն Հայաստանում է ․ երիտասարդները փորձում են լուծել իրենց համայնքի խնդիրները (Ֆոտոշարք)

Մայիս 05,2019 19:24

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ «Յունիսեֆ»-ի հետ համատեղ 2018 թվականի դեկտեմբերից Հայաստանում ներդրել են «UPSHIFT» ծրագիրը, որը հայտնի է աշխարհով մեկ․ իրականացվում է տարբեր երկրներում։ «Յունիսեֆ»-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյտընը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ օրինակ՝ Տաջիկստանում այս ծրագիրը կենտրոնացած է ջրի ու հիգիենայի խնդիրների վրա, Վիետնամում  այն հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող երեխաներին հանդես գալ նորարական գաղափարներով։

Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման ծրագրի շրջանակներում իրականացվող «BootCamp» համայնքային երիտասարդական ծրագրերի ներկայացում-մրցույթը։

«Յունիսեֆ»-ը 25 հազար դոլար է հատկացրել Շիրակի ու Լոռու մարզերի 12-18 տարեկան դեռահասներին՝ վերապատրաստվելու ու իրենց գաղափարները բիզնես ծրագրի վերածելու նպատակով։ Այսօր ներկայացվեցին 10 ծրագրեր, դրանցից ժյուրին վաղը կընտրի 5 լավագույն ծրագրային գաղափարները ու իրագործելու համար յուրաքանչյուր թիմի կտրամադրի խորհրդանշական գումար՝ 150 հազար դրամ։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ծրագրի հիմնական նպատակը համայնքներում երիտասարդների մոտ նախաձեռնողականության խթանումն է, երիտասարդներին համայնքային կյանքի որակի բարելավման գործում ներգրավելը։ Ըստ մեր զրուցակցի՝ 43 ծրագրային գաղափարներ են առաջ քաշվել Սպիտակից, Գյումրիից ու Շիրակի մարզի Ջրափի գյուղից, որից առանձնացվել են 10-ը, մրցութային կարգով կֆինանսավորվեն 5-ը։

Թե ի՞նչ գաղափարներ ունեն պատանիները, Արթուր Նաջարյանն ասաց․ «Քանի որ ծրագիրը որևէ թեմատիկ սահմանափակում չի դնում, մենք՝ կազմակերպիչներս  ևս ոլորտային սահմանափակում չենք դրել, գաղափարները բազմազան են՝ սկսած գյուղական համայնքներում սմարթ՝ խելացի կանգառներ տեղադրելուց, մինչև պուրակների բարեկարգում, աղբի վերամշակում, Գյումրի գետակի մաքրում և այլն։ Մեր կողմից որևէ ուղղորդում չի եղել, մենք թողել ենք, որ պատանիներն իրենք որոշեն, իրենք հասկանան, թե իրենց համայնքում, իրենց միջավայրում, իրենց կառույցում, իրենց հաստատությունում, որտեղ իրենք սովորում են, ինչպիսի խնդիրներ կան, որոնք անմիջապես ազդում են իրենց կյանքի որակի վրա և ինչպես են իրենք տեսնում այդ խնդիրների բարելավումը, որն անմիջապես նորից ազդելու է համայնքի կյանքի որակի բարելավման վրա»։

«Յունիսեֆ»-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյտընը տեղեկացրեց, որ ծրագիրը շարունակական կլինի, սպասում են դոնոր կազմակերպության ֆինանսավորմանը, որպեսզի ծրագիրը սկսեն նաև Հայաստանի մյուս մարզերում։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում կարևորեց այն, որ պատանիները 13 տարեկանից սկսած սկսում են պատասխանատվություն վերցնել իրենց վրա, համայնքի խնդիրները լուծելու համար գնալ գաղափարային ծրագրերն իրականացնելու ճանապարհով։ «Մենք այսօր կրթում ենք այն սերունդը, որոնք իրենց համայնքներում պետք է լինեն փոփոխությունների հիմնական դերակատարը», -ասաց մարզպետը։

Լուսանկարները՝«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031