Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Ապրիլ 26,2019 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ վաթսունյոթերորդ

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

 

Եվ Ջավախյանը կասկածանքով նայեց Սերոբին, հետո նայեց ինձ, հետո տհաճությամբ նայեց Կորյունին ու հարցրեց՝ «բայց երկրորդ անգամ ո՞վ էր քեզ հրավիրել», եւ Կորյունը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «նույն հարցը քանի՞ անգամ պիտի տաս» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով հարցրեց՝ «խոսք ե՞ս քաշում» եւ մի քիչ էլ մտածեց, նայեց Ալբերտին, հետո Ջավախյանին ասաց՝ «տղամարդու խոսք եմ տվել, որ չեմ ասելու», եւ Ջավախյանը կասկածանքով նայեց Ալբերտին, հետո կասկածանքով նայեց Սերոբին ու ինձ, հետո Կորյունին հարցրեց՝ «ո՞ւմ ես տղամարդու խոսք տվել, որ չես ասելու», եւ Կորյունը ժպտալով նայեց Ալբերտին, հետո ժպտալով Ջավախյանին ասաց՝ «հրավիրողին», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հուզված հարցրեց՝ «էդ հրավիրողը հիմի հետներս նստած ա՞», եւ Կորյունը ժպտալով նայեց Ալբերտին, հետո ժպտալով Ջավախյանին ասաց՝ «չէ», եւ Ալբերտը զարմացած նայեց Կորյունին  ու հարցրեց՝ «բայց ինչի՞ ես ինձ նայում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ մի գլուխ ինձ ես նայում, էս մարդը կմտածի՝ ես եմ հրավիրել», եւ Կորյունը մի քիչ մտածեց  ու Ալբերտին  ասաց՝ «որ դու հրավիրեիր, առաջին հերթին Ջավախյանին կհրավիրեիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որպես ժողովուրդների բարեկամության ջատագով» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ժողովուրդների բարեկամության գծով ինքն ու դու համակարծիք եք», եւ Ալբերտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էրկուսս էլ պատերազմին դեմ ենք», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ եմ պատերազմին դեմ», եւ Ալբերտը թարս նայեց Կորյունին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեչ չի զգացվում, որ պատերազմին դեմ ես», եւ Հայկունին ժպտալով Կորյունին հարցրեց՝ «կարող ա՞ էդ  հրավիրողը քեզ որպես  խաղաղության կողմնակից էր հրավիրել», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «չեմ հարցրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ իրան տենամ, անպայման կհարցնեմ», եւ Հայկունին ժպտալով Կորյունին հարցրեց՝ «ո՞ւմ ես հարցնելու», եւ Կորյունը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ հրավիրողին», եւ Հայկունին ժպտալով Կորյունին հարցրեց՝ «էդ հրավիրողն անուն չունի՞», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «լավ էլ անուն ունի, բայց անունը չեմ կարա ասեմ», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով Կորյունին ասաց՝ «շա՜տ գաղտնապահն ես, տղա ջան», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «տղամարդու խոսք եմ տվել, Հայկուն ջան», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով Կորյունին ասաց՝ «որ տղամարդու խոսք ես տվել, ուրեմն պիտի խոսքիդ տեր կանգնես», եւ Կորյունը ժպտալով Հայկունուն ասաց՝ «ըտենց էլ անում եմ, Հայկուն ջան»:

Վերջակետ դրեցի, որ մի քիչ շունչ քաշեմ: Վերջակետ դնելուց հետո զգացի, որ շունչ քաշելու համար ոչ միայն վերջակետ պիտի դնեմ, այլեւ պիտի նոր տողից սկսեմ: Եվ սկսում եմ: Նոր տողից:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930